Մատչելիության հղումներ

Այստեղ ենք` հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից. Նենսի Փելոսի


Պատրա՞ստ է արդյոք Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, այսօր պատասխանելով «Ազատության» այս հարցին՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան խոսնակն ասաց՝ այստեղ են` հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից։

«Մեր այցը կարևոր է նաև այն առումով, որ այստեղ ենք` լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից։ Մեր այսօրվա հանդիպման ժամանակ խոսեցինք տնտեսական, անվտանգային հարցերի մասին, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, ինչպես նաև պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությանն անդրադարձանք։ Մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ու ցանկություններ կան», - հայտարարեց Նենսի Փելոսին:

«Այլ սուբյեկտների հետ հարաբերությունները Հայաստանի որոշելիքն են», - Երևանում նշեցին ամերիկյան օրենսդիր մարմնի պատվիրակության անդամները՝ անդրադառնալով մեկ այլ հարցի, թե արդյոք Միացյալ Նահանգները ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և արդյոք Վաշինգտոնը պատրաստվո՞ւմ է երաշխավորել Հայաստանի սուվերենությունը, Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Ողջ աշխարհը ողջունել է Հայաստանի ժողովրդավարությունը, թավշյա հեղափոխությունը, և դա առավել ամրապնդվել է վերջին ազատ և արդար ճանաչված ընտրություններով: Դուք լավ օրինակ եք ժողովրդավարությանը անցում կատարելու իմաստով, և մենք աջակցում ենք դրան: Ինչպես պարոն Փալոնը նշեց, այլ սուբյեկտների հետ ձեր հարաբերությունները Հայաստանի որոշելիքն է, բայց մեր տեսակետն է, որ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը շատ կարևոր են Ամերիկայի համար: Այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունն ու լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը գերակա են: Ես սա ասում եմ իմ անունից, չեմ ասում, թե ինչ պետք է անի Հայաստանը», - շեշտեց նա։

Ներկայացուցիչների տան խոսնակի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան է ժամանել Երևան։ Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած ասուլիսում Փելոսին տեղեկացրեց, որ Կոնգրեսում նախապատրաստվում է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող նախագիծ, որի համահեղինակը կոնգրեսական Ադամ Շիֆն է: Նա նաև Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևի համահեղինակներից է։

Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակը հանդիպել էր Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ։ Հանդիպմանը հաջորդած հայտարարությունում Փելոսին հստակ դատապարտեց Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը։

«Մեր հանդիպումը իսկապես կարևոր էր, քանի որ կենտրոնացանք Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ապօրինի և մահացու հարձակման վրա, որը մենք խստորեն Կոնգրեսի անունից դատապարտում ենք, այդ հարձակումը խոչընդոտում է այդքան անհրաժեշտ խաղաղության պայմանագրի հեռանկարին։ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց հայտարարել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին շարունակում ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, խաղաղ և տևական լուծմանը», - նշեց նա։

Պատվիրակության անդամներից կոնգրեսական, հայազգի Ջեքի Սփիերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. «Կշարունակենք աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Միացյալ Նահանգները դեմ կարտահայտվի Հայաստանի սահմանների որևէ փոփոխությանը»։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ին սեպտեմբերի 14-ին Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված «փխրուն զինադադարի համաձայնության համար»։ Ալեն Սիմոնյանը հստակ խոսեց նաև Վաշինգտոնից Երևանի ակնկալիքների մասին, ընդգծեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

«ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ` կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

Չնայած թե Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարության մի հատվածը, թե Փելոսիին ուղղված չորս հարցերից երկուսը Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին էին, Ներկայացուցիչների տան խոսնակն այդպես էլ ուղիղ չպատասխանեց այդ հարցերին։ Մինչդեռ նա առաջիններից մեկն էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո կոչ արեց կոշտ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:

XS
SM
MD
LG