Մատչելիության հղումներ

Հայաստանից դժգոհություններ են հնչում՝ ուղղված ՀԱՊԿ-ին


Ադրբեջանական վերջին հարձակումից հետո ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ռազմական օգնության փաստացի մերժումից մի քանի օր անց Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով սկսեցին բարձրաձայնել կառույցից դգժոհությունների մասին և ուղիղ մեղադրել Ռուսաստանի գլխավորած դաշինքին անգործության համար։

Երեկ նախ «Ազատության» եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ այլևս հույս չեն կապում, ապա Հանրայինի եթերում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Հայաստանի դժգոհությունների մասին, ասաց՝ հետևություններ կանեն։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է՝ Հայաստանից հնչող այս բացահայտ դժգոհություններն ավելի քան տեղին են:

«ՀԱՊԿ-ը ոչ միայն չի հանդիսանում էն ռազմաքաղաքական միությունը և էն անվտանգային բարձիկը, որը որ ինքը պետք է հանդիսանա, և էդպիսին չի հանդիսանում նաև Ռուսաստանը, այլև, ըստ էության, Ռուսաստանը հանդիսանում է ինքը վտանգի գեներատորը: Ես եկել եմ եզրակացության, որ հարձակումը՝ կազմակերպված Ադրբեջանի կողմից, նախ և առաջ, չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի առնվազն լռելյայն համաձայնության, և երկրորդը՝ երբ մենք նայում ենք ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններին, ի մասնավորի՝ երբ իրենք հույս են հայտնում, որ գոնե սրանից հետո տեղի կունենա կոմունիկացիաների բացման փաթեթային պայմանավորվածություն, նշանակում է՝ Ռուսաստանը պայման է դնում, թե որ պարագայում կոնֆլիկտը կսառի, և կգնանք դեպի կարգավորման: Եթե Ռուսաստանի պայման է դնում, նշանակում է, որ էդ պայմանը կար նաև մինչև կոնֆլիկտի մեկնարկը, ու կոնֆլիկտը մեկնարկել է հենց այդ պայմանը չկատարելու համար», - նշեց քաղաքագետը:

Քոչինյանը կարծում է՝ սա պետք է դիտարկել որպես Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված վերջին նախազգուշացում։ Քաղաքագետը չի բացառում, որ ինչ-որ մի փուլում Հայաստանի գործնական քննարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ նախագահը քննադատությանը զուգահեռ հայտարարեց նաև, որ այսօր կտրուկ շարժումներ անելու ժամանակը չէ:

«ՀԱՊԿ-ը չի անում էն, ինչ որ նախատեսված է, և բնական է՝ մենք դրանից հետևություններ ենք անելու և անում ենք և արդեն արել ենք: Մենք հիմա էլ ենք սպասում, որովհետև, հարց կառաջանա՝ է՞լ ինչին սպասել, էլ ո՞ւր սպասել», - ասաց Ալեն Սիմոնյանը:

«Հաջողություն ՀԱՊԿ-ին» և նմանօրինակ պաստառներով այսօր Երևանում բողոքի ակցիա իրականացրին մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով անհապաղ դուրս գալ այդ կառույցից։ Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը վստահ է՝ ցանկացած պարագայում ակնհայտ է, որ կառույցում մնալը Հայաստանի համար ոչ մի առումով շահեկան չէ:

«Հիմնական պահանջը դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, բոլորս տեսնում ենք՝ ռազմավարական դաշնակից կոչվող երկիրը ինչպես է վերաբերվում մեզ, ոնց է սահմանափակում մեզ ամեն հարցում ու հնարավորություն տալիս թշնամուն՝ հարձակում իրականացնի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Այվազյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ իշխանությունների այս հայտարարություններին ՀԱՊԿ -ի արձագանքից հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել հետևանքների ու ռիսկերի մասին։ Բայց, ըստ ընդդիմադիր գործչի, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ կա:

«Երբ որ մենք խոսում ենք ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու մասին, պետք է հասկանանք՝ ի՞նչ այլ հնարավորություն կա Հայաստանին իր անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ապահովելու մասով, ի՞նչ է տալու դրանից դուրս գալը՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում պայմանավորված է առաջին հերթին ռուսական գործոնով, այսինքն՝ այնտեղից դուրս գալը նշանակում է Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների կտրուկ փոփոխություն: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կուլիսներում ինչ փուլում են, ինչ գործընթացներ են տեղի ունենում, և ըստ այդմ էլ ինձ համար դեռևս պարզ չէ, թե այս իրավիճակում ինչպես պետք է գործեին», - ընդգծեց Աբրահամյանը:

Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների մեկնարկի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ -ին և ուղիղ Մոսկվային դիմելու մասին։ Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ՝ Երևանը դիմել էր 4 -րդ հոդվածով՝ ռազմական օգնության ակնկալիքով, ՀԱՊԿ-ը, մինչդեռ, որոշում կայացրեց միայն մոնիտորինգային առաքելություն ուղարկելու մասով՝ ըստ էության մերժելով Հայաստանի խնդրանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG