Մատչելիության հղումներ

Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա


Այս այցից առաջ Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, Երևանում հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք` Կոնգրեսի անունից», - ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարություններով հանդես գալով:

Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Նենսի Փելոսին` հավելելով. «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:

Ներկայացուցիչների պալատը բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները: «Ես հուսով եմ, որ այդ բանաձևով մենք առաջ կշարժվենք, ինչ վերաբերում է մեր հանձնառությանը Հայաստանի հետ կապված, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու ՀՀ սահմանների որևէ փոփոխությանը», - իր հերթին ընդգծեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը:

Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան:

Երևան ժամանելուց քիչ անց Նենսի Փելոսին սոցցանցերում գրեց. «Մեր Հիմնադիրները 1787 թվականին ժողովրդավարությունը գերադասեցին ինքնակալությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք նրանց ընտրությունը: Այսօր, Միացյալ Նահանգներից Ուկրաինա, Թայվան, Հայաստան՝ աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ինքնակալության միջև ընտրության առջև, և մենք պետք է, կրկին, ընտրենք ժողովրդավարությունը»:

Սեպտեմբերի 13-ին հայ -ադրբեջանական սահմանին սկսված ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 135, Ադրբեջանը՝ 79 զոհ. դրանք հաստատված տվյալներն են:

XS
SM
MD
LG