Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտնում է Ուկրաինայի 20 տոկոսի օկուպացման մասին, ԱՄՆ-ը` նոր սպառազինություն ուղարկում


Սևերոդոնեցկի մեծ մասը վերահսկում են ռուսական զորքերը

Ռուս-ուկրաինական պատերազմի 99-րդ օրը ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Սևերոդոնեցկի մեծ մասի նկատմամբ, այս տեղեկությունը հաստատում է թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը։

Մոտակա Լիսիչանսկ քաղաք տանող ճանապարհը, ամենայն հավանականությամբ, դեռ ուկրաինական վերահսկողության տակ է, սակայն, ինչպես նշում է բրիտանական հետախուզությունը ամենօրյա տեղեկագրում, ռուսաստանյան բանակը հրետանու միջոցով շարունակում է աստիճանական առաջխաղացումը Լիսիչանսկի գրավման ուղղությամբ։ Հաջողության դեպքում Ռուսաստանը լիակատար վերահսկողություն կհաստատի Լուգանսկի մարզի նկատմամբ։

Բրիտանացի զինվորականները նկատում են, որ ռուսական ուժերը նախ պետք է հատեն Սևերսկի Դոնեց գետը, որով անցնող կամուրջները անցած օրերին շարքից հանվել են։ Գերատեսչության վերլուծության համաձայն՝ ռուսական բանակին կպահանջվի «առնվազն կարճատև մարտավարական դադար», որպեսզի կազմակերպեն գետի մոտ մեկ կիլոմետրանոց հատվածի անցումը և առաջանան դեպի Դոնեցկի շրջանի խորքեր, որտեղ կարող են բախվել մեծաթիվ ուկրաինական ուժերի դիմադրության։

Դոնբասի արդյունաբերական կենտրոններից Սևերոդոնեցկի համար թեժ մարտերը շարունակվում են մայիսի վերջերից, երբ Ռուսաստանը գրավեց Մարիուպոլ քաղաքի վերջին հատվածը՝ «Ազովստալ» գործարանը։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի շրջանում Կիևի վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր քաղաքներն են։ Ռազմական փորձագետները մտավախություն ունեն, որ այդ շրջանում տեղակայված ուկրաինական զորքը հայտնվել է շրջափակման վտանգի տակ։

Լուգանսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտնել է Սևերոդոնեցկում շարունակվող փողոցային մարտերի մասին՝ հայտարարելով, որ իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուկրաինացի զինվորականները փորձում են ռուսական ուժերին ետ մղել միանգամից մի քանի ուղղություններով՝ Պոպասնայից, Կամիշևախիից և Բելոգորովկայից։

Ուկրաինայի 20 տոկոսը օկուպացված է

Պատերազմի ավելի քան երեք ամիսների ընթացքում, ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, ռուսական զորքը գրավել է Ուկրաինայի 3620 բնակավայր, ավելի քան հազարը ուկրաինական բանակին հաջողվել է ազատագրել: «Եվս 2603 -ը պետք է ազատագրվեն», - հայտարարել է Զելենսկին Լյուքսեմբուրգի խորհրդարանում հեռավար ելույթի ընթացքում։

Ուկրաինայի առաջնորդը գրավված տարածքների աշխարհագրությունը չի հստակեցրել, փոխարենը նշել է, որ այս պահի դրությամբ ռուսական ուժերի վերահսկողության տակ է Ուկրաինայի տարածքի մոտ քսան տոկոսը, խոսքը մոտ 125 հազար քառակուսի կիլոմետրի մասին է, ինչը գրեթե նույնքան է, որքան Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի տարածքները միասին վերցրած։

Ուկրաինայում պատերազմը կարող է ամիսներ տևել

Մինչ այդ Միացյալ Նահանգներում մտավախություն ունեն, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ամիսներ տևել, ռազմական գործողությունների ավարտի որևէ նախանշան չկա, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինայի ժողովրդին և կձգտի անել հնարավորը, որպեսզի ուկրաինացիներն ունենան պաշտպանության բոլոր անհրաժեշտ արդյունավետ միջոցները։

«Արդեն վաղը պատերազմ կարող էր և չլինել, եթե Ռուսաստանը ընտրեր ագրեսիայի ավարտը, սակայն մենք առայժմ դրա որևէ նշան չենք տեսնում»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ն նոր սպառազինություն է ուղարկում Ուկրաինա

Պետքարտուղարի այս հայտարարության ֆոնին` նախօրեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը ազդարարեց Ուկրաինայի օգնության նոր փաթեթի մասին։ Խոսքը, մասնավորապես, ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային կայանների մասին է, որոնք ունակ են խոցել մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնող թիրախներ։

Նախագահ Ջո Բայդենը The New York Times-ում հրապարակված հոդվածում միևնույն ժամանակ հավաստիացրել էր, թե ԱՄՆ-ը չի խրախուսի կամ թույլ չի տա Ուկրաինային «հարվածել իր սահմաններից դուրս», ինչը կարող է հանգեցնել պատերազմի սրման։

Reuters-ի տվյալներով` Բայդենի վարչակազմը նաև դիտարկում է Ուկրաինային չորս MQ-1C Grey Eagle անօդաչու թռչող սարքերի վաճառքը, որոնք կարող են համալրվել Hellfire հրթիռներով։

Ուկրաինական բանակը մի քանի տեսակի անօդաչու սարքեր ունի, բայց դրանք հիմնականում ավելի փոքր չափերով և հեռահարությամբ են։ Մինչդեռ Gray Eagle-ը կարող է օդում մնալ մինչև 30 ժամ և լայնածավալ հետախուզական աշխատանք իրականացնել։

Պատերազմի հետևանքները շոշափելի կլինեն առաջին հերթին ուկրաինացիների համար

Թե որքան կարող է շարունակվել Ուկրաինայի պատերազմը և ինչ հետևանքներ կունենա, դժվարանում է կանխատեսել Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։ Նրա խոսքով` այսօր, սակայն, արդեն կարելի է ասել, որ այդ հետևանքները շոշափելի կլինեն առաջին հերթին ուկրաինացիների համար։

«Իմ համերաշխությունն եմ հայտնում Ուկրաինային, որը հարձակման և ներխուժման է ենթարկվել Ռուսաստանի կողմից, և պաշտպանում եմ նրա ինքնապաշտպանության իրավունքը»,- պաշտոնաթողությունից ի վեր՝ վերջին վեց ամսվա ընթացքում իր առաջին հրապարակային ելույթում հայտարարել է Գերմանիայի երկարամյա նախկին առաջնորդը` իր աջակցությունը հայտնելով ինչպես իր երկրի կառավարությանը, այնպես էլ Եվրամիությանը, Միացյալ Նահանգներին, ՆԱՏՕ-ին, որոնք «ջանքեր են գործադրում` կասեցնելու Ռուսաստանի կողմից բարբարոսական ագրեսիվ պատերազմը»։

Զելենսկին հայտնում է Ուկրաինայի 20 տոկոսի օկուպացման մասին, ԱՄՆ-ը` նոր սպառազինություն ուղարկում
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

XS
SM
MD
LG