Մատչելիության հղումներ

Պապ Ֆրանցիսկոս. «Մի՛ օգտագործեք ցորենը որպես պատերազմի զենք»


Ուկրաինա - Օդեսայի նավահանգիստը պատերազմից առաջ, արխիվ
Ուկրաինա - Օդեսայի նավահանգիստը պատերազմից առաջ, արխիվ

Ռուս-ուկրաինական պատերազմը ծանր ազդեցություն է գործում ամբողջ աշխարհի քաղաքական և տնտեսական կացության վրա:

Զոհերի թիվը հավանաբար տասնյակ հազարների է հասնում, միլիոնավոր ուկրաինացիներ լքել են տները և ապաստանել հիմնականում եվրոպական երկրներում, Ուկրաինայի քաղաքներն ավերվել են:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում ամենածանր փուլն է Կարիբյան ճգնաժամից հետո, և առնվազն տեսականորեն կա ուղիղ ռազմական առճակատման վտանգ՝ դրանից բխող աղետալի հետևանքներով Երկիր մոլորակի համար:

Խաթարվել են միջազգային առևտուրը և էներգակիրների մատակարարումը, բայց կա նաև վտանգ, որը սպառնում է ռուս - ուկրաինական պատերազմի հետ ընդհանրապես առնչություն չունեցող հեռավոր երկրներին: Խոսքը համաշխարհային ծավալի սովի սպառնալիքի մասին է:

Ուկրաինան և Ռուսաստանը ցորենի, բուսական յուղի և պարարտանյութի թիվ մեկ մատակարարներից են: Ռուսների կողմից արգելափակված ուկրաինական նավահանգիստներում հենց այս պահին կա մոտ 22 միլիոն տոննա ցորեն, որը պետք է փոխադրվեր Մերձավոր Արևելք և Աֆրիկայի մայրցամաք: Այդ մասին այսօր խոսել է աշխարհի կաթոլիկների հովվապետը:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

«Ուկրաինայի ցորենի արտահանման արգելափակումը չափազանց մտահոգիչ է, որովհետև միլիոնավոր մարդկանց կյանքը դրանից է կախված, հատկապես աղքատ երկրներում: Ես սրտանց կոչ եմ անում ամեն բան անել այս հարցը լուծելու համար, երաշխավորել սնունդ ստանալու համամարդկային իրավունքը, խնդրում եմ, մի՛ օգտագործեք ցորենը՝ հիմնարար սնունդը, որպես պատերազմի զենք», - ասել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Ուկրաինան փորձում է ցորենն արտահանել երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կամ գետերով, բայց միակ հուսալի և արդյունավետ ուղին մեծածավալ արտահանումն է Սև ծովով:

Կիևը և Արևմուտքը Մոսկվային են մեղադրում այդ ճգնաժամի համար՝ ասելով, թե ռուսական կողմը ցորենի հարցը կիրառում է իբրև լծակ բանակցություններում:

Մոսկվան պնդում է, թե կվերացնի ուկրաինական նավահանգիստների շրջափակումը, եթե Արևմուտքը սկսի չեղարկել պատժամիջոցները:

Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռեբեքա Գրինսփանի և Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի բանակցությունները բավականին կառուցողական են եղել:

«Բանակցությունների օրակարգում ռուսական ցորենը և պարարտանյութը համաշխարհային շուկաներ հասցնելու խնդիրն է», - ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը փորձում է կայացնել մի գործարք, որով ուկրաինացիները կկարողանան ցորեն արտահանել, իսկ ռուսները՝ ցորեն և պարարտանյութ:

Ի դեպ, արևմտյան երկրները նշում են, որ պարենի, մարդասիրական օգնության և կենսական նշանակության արտադրանքի վրա պատժամիջոցներ չեն տարածվել:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդ, արխիվ
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդ, արխիվ

«Ռուսական ցորենը և պարարտանյութը երբևէ ուղղակի չեն հայտնվել սանկցիոն ցուցակներում: Բայց փոխադրող ընկերություններն ունեն որոշ մտահոգություններ, և դրանք փարատելու համար Միացյալ Նահանգները կտրամադրի հատուկ երաշխավորագրեր», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

XS
SM
MD
LG