Մատչելիության հղումներ

Ուկրաինական պատերազմի ընթացքում առնվազն 8 լրագրող է սպանվել, 11-ը՝ վիրավորվել


Մարիուպոլ, 9-ը մարտի, 2022թ․
Մարիուպոլ, 9-ը մարտի, 2022թ․

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առնվազն 8 լրագրող է սպանվել, ևս11-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները հավաքագրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն՝ արձանագրելով, որ PRESS տարբերանշանը կրող լրագրողներն ուղղակիորեն թիրախավորվել են պատերազմական գործողությունները լուսաբանելիս։

Օրերս Արևելյան Ուկրաինայում, Սևերոդոնեցկի մոտակայքում, ռուսական զինուժի հրթիռակոծություններից սպանվել էր ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆը։

Ֆրանսիական BFM հեռուստաընկերության 32-ամյա լրագրողը հրթիռակոծության ժամանակ Ուկրաինայի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչներին տարհանող ավտոբուսում էր։

«Ֆրեդերիկ Լեկլեր-Իմոֆն Ուկրաինայում էր՝ ցույց տալու պատերազմական իրականությունը», - երեքշաբթի Թվիթերի իր էջում գրել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը բոլոր նրանց, ովքեր պատերազմական գոտիներում կատարում են իրենց լրագրողական դժվարին առաքելությունը։


Երկուշաբթի Կիև այցելած Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան Թվիթերում գրել է, որ իր աշխատանքը կատարող լրագրողը սպանվել է ռուսական զինուժի հումանիտար առաքելության վրա իրականացրած հարձակման ժամանակ;

«Խնդրել եմ նախագահ Զելինսկիին հետաքննություն անցկացնել և նրանք ինձ հավաստիացրել են, որ կօգնեն ու կաջակցեն մեզ», - գրել է արտգործնախարարը։

Ըստ ֆրանսիական BFM հեռուստաընկերության, փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո սա լրագրողի երկրորդ այցն էր Ուկրաինա։ «Այս ողբերգական իրադարձությունը մեզ հիշեցնում է այն վտանգների մասին, որոնց բախվում են բոլոր այն լրագրողները, ովքեր վտանգելով իրենց սեփական կյանքը լուսաբանում են այս հակամարտությունն արդեն երեք ամսից ավելի», - հայտարարել է հեռուստաընկերությունը։

Հակամարտությունը լուսաբանելիս Kiev Live TV-ի, Levi Bereg-ի, The insider-ի և Fox News-ի լրագրողներից բացի զոհվել են նաև անկախ լրագրողներ, ֆոտո և վիդեո վավերագրողներ։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանություններին՝ երաշխավորել պատերազմը լուսաբանող լրագրողների անվտանգությունը՝ համաձայն միջազգային կոնվենցիաների։

XS
SM
MD
LG