Մատչելիության հղումներ

Արևմտյան փորձագետների կանխատեսմամբ, պատերազմը երկար է տևելու և նոր ուժեր ու սպառազինություն է պահանջելու


Մինչդեռ պատերազմի հետևանքով արդեն այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, զոհվել է 3459 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 238 երեխա։ Ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է ութ միլիոնը։

77 օր ուկրաինական բանակը դիմադրում է մինչև ուկրաինական պատերազմը աշխարհի երկրորդ բանակը համարվող ռուսական ուժերին։ Դիմադրում է արևմտյան սպառազինության օգնության շնորհիվ նաև։

Մինչդեռ պատերազմի հետևանքով արդեն այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով, զոհվել է 3459 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 238 երեխա։ Ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է ութ միլիոնը։

Պատերազմի վերջն էլ դեռ չի երևում, ակտիվ բանակցություններ չկան, իսկ իրավիճակը ռազմի դաշտում արդեն մի քանի շաբաթ է, էապես չի փոխվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ոճով ամեն օր հաղորդում է ինչ-որ հաջողությունների մասին։ Այսօր, օրինակ, հայտնել է, որ ռուսական ավիացիան, հրթիռային ուժերը և հրետանին մեկ գիշերվա ընթացքում 500 հարված են հասցրել Ուկրաինայի թիրախներին, ոչնչացվել է զենքի 17 պահեստ, զոհվել է ավելի քան 280 զինվոր, շարքից հանվել է 59 միավոր զինտեխնիկա։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրի համաձայն, Լուգանսկի շրջանում ռուսները շարունակում են գրոհները՝ փորձելով լիովին վերահսկել Ռուբիժնե քաղաքը և հետագա առաջխաղացում ունենալ դեպի Սեվերոդոնեցկ և Լիման։ Հարձակումները շարունակվում են նաև հարավում՝ Ավդեևկայի և Կուրախովոյի ուղղությամբ։

Ռուսներին չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել «Ազովստալը»

Վերջին օրերին ուշադրության կենտրոնում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանն է և Իզյում քաղաքը։ Երկուսն էլ դիմադրում են, և ռուսներին դեռ չի հաջողվում դրանք վերցնել վերահսկողության տակ;

Իզյումի շրջանում հակառակորդը չի հարձակվում, այլ հիմնականում կրակում է ուկրաինացիների դիրքերի ուղղությամբ։

Մարիուպոլի պաշարված «Ազովստալի» ռմբակոծությունն շարունակվում է։ «Ազովստալի» պաշտպանները չեն հանձնվում և նույնիսկ տեսանյութ են հրապարկել, որում երգում են։

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան հայտնել է Խարկովի մարզում ընթացող մարտերում ուկրաինական ուժերի հաջողության մասին․ - «Մեր պետության զինված ուժերը մեզ բոլորիս լավ նորություններ են հաղորդել Խարկովի մարզից: Նրանք աստիճանաբար զավթիչներին հեռացնում են Խարկովից»։

Մարտերը շարունակվում են նաև Սև ծովում Զմեինի կղզու շուրջը։ Ռուսական զորքերը, արևմտյան հետախուզության տվյալներով, փորձում են այնտեղ տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր և թևավոր հրթիռներ՝ Սև ծովի հյուսիսարևելյան հատվածը ամբողջովին վերահսկելու համար։

Սքոթ Բերիեր
Սքոթ Բերիեր

Այն պատկերը, որ այս օրերին ձևավորվել է ռազմադաշտում, բնութագրել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալության ղեկավար գեներակ Սքոթ Բերյերը. - «Ռուսները չեն հաղթում, ուկրաինացիներն էլ չեն հաղթում։ Սա մի տեսակ փակուղային իրավիճակ է»։

Լուրջ հաջողություններ ռուսական բանակն այսօր չունի

Ակնհայտ է, որ լուրջ հաջողություններ ռուսական բանակն այսօր չունի, թեև շարունակում է վերասկողության տակ պահել Ուկրաինայի մի շարք շրջաններ։ Պատերազմը, արևմտյան փորձագետների կանխատեսումների համաձայն, երկար է տևելու և նոր ուժեր ու սպառազինություն է պահանջելու կողմերից։

Արևմուտքը սպասում էր, որ ստեղծված իրավիճակում Պուտինը մոբիլիզացիա կհայտարարի՝ պատերազմական գործողություններում նոր ուժեր ներգրավվելու համար։ Սակայն Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին նման հայտարարություն չարեց։ Մինչդեռ ռուսաստանցի փորձագետների մի մասը կարծում է, որ Ռուսաստանում մոբիլիզացիա դե ֆակտո կլինի, սակայն՝ առանց պաշտոնապես հայտարարելու։

Նման կարծիք է հայտնել, օրինակ, քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը «Ազատության» ռուսական ծառայության Настоящее время նախագծի եթերում՝ հավելելով, թե մոբիլիզացիա կամ պատերազմ հայտարարելը ռազմավարական սխալ կլիներ Պուտինի կողմից. - «Եթե պատերազմ է սկսում, ապա դա նշանակում է խոստովանել, որ հատուկ գործողությունը չի ավարտվել, կամ ավարտվել է ոչնչով։ Դա նշանակում է, որ մենք բավարար ուժ չունեինք, որ Ուկրաինան անսպասելի հզոր դիմադրություն ցույց տվեց, և պետք է նոր մարդկանց հավաքագրենք։ Կարծում եմ, որ դե ֆակտո մոբիլիզացիա անպայման տեղի կունենա, բայց՝ առանց ավելորդ աղմուկի։ Որովհետև աղմկոտ հայտարարությունը հարված է Պուտինի հեղինակությանը»։

Ռազմական փորձագետները շեշտում են, որ եթե ռուսական կողմը մոբիլիզացիա չհայտարարի, ստեղծված փակուղային իրավիճակը երկար կտևի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG