Մատչելիության հղումներ

«Ազովստալի» պաշտպաններն իրենց փրկելու կոչով դիմում են միջազգային հանրությանն ու Իլոն Մասկին


«Ազովստալ» գործարանն այսօր
«Ազովստալ» գործարանն այսօր

Ռազմական գործողությունները Ուկրաինայի ողջ տարածքով մեկ շարունակվում են։ Կիևից և Մոսկվայից ստացվող տեղեկություններից դատելով՝ առավել թեժ է իրադրությունը Խարկովի մերձակայքում, Լուգանսկի մարզի այն հատվածում, որը դեռ գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ, և հարավում՝ Օդեսայի ուղղությամբ։

«Օդեսայի շրջանում անցած գիշեր ոչնչացվել է C-300 զենիթահրթիռային համակարգի կազմում գործող ռադիոլոկացիան տեղորոշման կայանը», - այսօր առավոտյան հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով նաև, որ ուկրաինական զորքերին պատկանող ևս մեկ C-300 ոչնչացվել է Խարկովի մերձակայքում։

Հենց Խարկովի ուղղությամբ է, որ, ըստ պաշտոնական Կիևի, ուկրաինական բանակի ստորաբաժանումներին անցած 24 ժամերին հաջողվել է առաջ շարժվել՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը որոշակիորեն ապահովագրելով ռուսական հրետանու հարվածներից։

Իշխանություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրները ուկրաինական առաջխաղացման մասին տեղեկությունները չեն հերքում՝ նշելով, որ ռազմաճակատի այս հատվածում հիմնականում Լուգանսկից զորակոչված պահեստազորայիններ են տեղակայված՝ զուրկ նորագույն սպառազինությունից և մարտական գործողություններին մասնակցության փորձից։

Շարունակվում են Բելգորոդի հրթիռակոծությունները

Ուկրաինական առաջխաղացման ևս մեկ վկայությունը Խարկովին սահմանակից ռուսաստանյան Բելգորոդի մարզի բնակավայրերի շարունակվող հրիթռակոծություններն են։ Տեղական իշխանությունները պնդում են, որ անցած գիշեր Բելգորոդի մարզի Սոլոխա գյուղի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, վեցը վիրավորվել են: Ուկրաինայից սակայն հարևան երկրի տարածքին հասցված հարվածները որևէ կերպ չեն մեկնաբանում։

Դոմբասում ռուսական կողմը հարձակումների նոր փորձեր է ձեռնարկում

Ի տարբերություն Խարկովի մարզի, Դոնբասում կացությունն ուկրաինական զորքերի համար շարունակում է շատ ծանր մնալ։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ռուսական զորքերը միանգամից մի քանի ուղղություններով հարձակման փորձեր են ձեռնարկում՝ որոշ հատվածներում, ինչպես օրինակ Լուգանսկի մարզի ուկրաինական վարչակազմի նստավայր հանդիսացող,100 հազար բնակչություն ունեցող Սեվերոդոնեցկ քաղաքում, «մասնակի հաջողություն արձանագրելով»։ Այլ ուղղություններով ևս ռուսական հարձակումները չեն դադարում։

«Սլավյանսկի ուղղությամբ զավթիչները ուժերի վերախմբավորում են իրականացնում՝ հարձակումը վերսկսելու նպատակով։ Հակառակորդն այս շրջանում շուրջ 300 միավոր զրահատեխնիկա է կուտակել։ Լիման քաղաքի ուղղությամբ թշնամին հատել է Սեվերսկի Դոնեց գետը՝ հիմնական ուժերը մարտի մեջ մտցնելու և հետագա հարձակման նպատակով», - այսօր հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։

Մարիուպոլում վիճակը օրհասական է

Իսկ ուկրաինական զորքերի համար ամենաօրհասական, գործնականում անհուսալի վիճակը Մարիուպոլում է։ Գրեթե 1000 հոգանոց ուկրաինական ստորաբաժանումը շարունակում է պաշարված մնալ «Ազովստալ» գործարանի տարածքում՝ ծանր կորուստներ կրելով։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի պնդմամբ, Կիևը հանդես է եկել «Ազովստալի» շուրջ իրադրության հանգուցալուծման տարբերակներով՝ առաջարկելով շրջափակման մեջ գտնվող զինվորականներին կա'մ տարհանել երրորդ երկիր, կա'մ էլ ծանր վիրավորներին փոխանակել փետրվարի 24-ից ի վեր գերեվարված բոլոր ռուսաստանցի զինվորականների հետ։ Վերեշչուկի խոսքով, բանակցությունները շարունակվում են, իսկ Մարիուպոլի ապաշրջափակման ռազմական որևէ տարբերակ գոյություն չունի։

«Ազովստալում» գտնվող ուկրաինացի զինծառայողները և հատկապես նրանց հարազատներին Կիևից հնչող այս հայտարարությունները ակնհայտորեն դուր չեն գալիս։ Ամենաարմատական տրամադրությունները տիրում են «Ազով» գնդի զինվորականների հարազատների շրջանում։

«Իրավիճակն իրոք անվերահսկելի է դարձել, արդեն երկրորդ օրն է, որ իմ կնոջ և իմ հասցեին սպառնալիքներ են հնչում անձանց կողմից, որոնք որպես «Ազովի» մարտիկների կանայք են ներկայանում», - երեկ երեկոյան հեռարձակված հարցազրույցում նշում էր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը։

Սվյատոսլավ Պալամար
Սվյատոսլավ Պալամար

Այսօր արդեն իշխանությունների հասցեին քննադատության հերթական չափաբաժնով հանդես եկավ «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։ Հայտնելով, որ այս պահին «Ազովստալում» շուրջ 600 ծանր վիրավոր կա՝ Պալամարը կրկին կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը «անել անհնարինը Մարիուպոլի պաշտպանների փրկության համար». - «Իշխանությունը հասկանում էր, որ մենք կարող էինք հայտնվել շրջափակման մեջ և պարտավոր էր բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել մատակարարումների լոգիստիկ միջանցք ստեղծելու նպատակով»։

Իսկ «Ազովստալում» գտնվող ծովային հետևակայինների հրամանատար մայոր Սերգեյ Վոլինսկին անցած գիշեր սոցցանցերի միջոցով դիմել է միլիարդատեր Իլոն Մասկին՝ գրելով. - «Օգնեք մեզ դուրս գալ «Ազովստալից» և հեռանալ երրորդ երկիր։ Եթե ոչ դուք, ապա էլ ո՞վ կարող է մեզ օգնել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG