Ռուսաստանի Հարավային զինտարածքի օդուժը Հայաստանում անցկացրած վարժանքի ընթացքում պայմանական հակառակորդի օդակայան է «ոչնչացրել»: Այդ մասին այսօր հայտնել է Հարավային զինտարածքի մամլո վարչությունը:
Վարժանքներին մասնակցել են Ми-8МТВ և Ка-52 տեսակի մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև МиГ-29 տեսակի մարտական ինքնաթիռ:
«Ուղղաթիռները կատարել են ուսումնական-մարտական թռիչքներ, որոնց ընթացքում «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի ավիացիոն տեխնիկան, օդակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին: Ինքնաթիռն այդ ընթացքում ապահովել է ուղղաթիռները պայմանական հակառակորդի ՀՕՊ-ից պաշտպանելու խնդիրը, հրթիռներով հարվածներ է հասցրել օդակայանին և կապի միջոցներին», - ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, ուղղաթիռները և օդանավը կատարել են բարձր լեռնային պայմաններում տարբեր աստիճանի բարդության օդային մանևրեր:
Ուկրաինական «Նավթոգազը» հայտարարում է Ռուսաստանի նկատմամբ «էներգետիկ ճակատում» տարած հաղթանակի մասին։ Ուկրաինայի էներգետիկ հսկա ընկերությունը պնդում է, որ Հաագայի դատարանը Մոսկվային պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել Ղրիմում ընկերության ակտիվների անօրինական բռնագրավման համար։
«Այժմ Ռուսաստանը պետք է հետևի վճռին միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան»,- հայտարարել է «Նաթոգազի» գործադիր տնօրեն Ալեքսի Չերնիշովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, արձագանքելով դատարանի վճռին, նշել է, որ Ռուսաստանը դեռ ուսումնասիրում է այն։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Օլեքսի Գրոմովը այսօր ասել է, որ ամենաբարդ ուղղությունը մնում է Բախմուտի ուղղությունը, որտեղ ռուսները շարունակում են հարձակողական գործողությունները Բախմուտ քաղաքի կենտրոնական հատվածում։
Պաշտպանության փոխնախարար Հաննա Մալիանիի պնդմամբ, ռուսները Բախմուտում ո'չ մարդկանց են խնայում, ո'չ էլ տեխնիկան. - «Թեև հակառակորդը Բախմուտում կենտրոնացրել է իր պրոֆեսիոնալ ստորաբաժանումները՝ ներառյալ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին, օդադեսանտային ստորաբաժանումները և հատուկ նշանակության ջոկատները, ռուսները չեն կարող այնտեղ հասնել իրենց նպատակներին, այսինքն՝ ամբողջությամբ վերահսկել Բախմուտ քաղաքը: Այսօր ռուսները այնտեղ հսկայական կորուստներ են կրում, և չնայած այս կորուստներին, նրանք կանգ չեն առնում»։
13 ամսից ավելի տևող այս պատերազմում Ռուսաստանը 110 հազար մարդ է կորցրել՝ սպանված և վիրավոր։ Ընդ որում, սրանք ռուսական կողմի տվյալներն են։
Այս մասին, հղում անելով ամերիկյան փաստաթղթերի արտահոսքին, այսօր գրել է New York Times-ը՝ շեշտելով, որ սրանք ռուսական հատուկ ծառայությունների տվյալներն են։
Փաստաթղթերից մեկում ասվում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրել է Ռուսաստանի ՊՆ-ին «Ուկրաինայում ռուսական կորուստները թաքցնելու» մեջ, քանի որ ռազմական գերատեսչությունն իր զեկույցներում հաշվի չի առնում Ռոսգվարդիայի, «Վագների» և չեչեն ստորաբաժանումների կորուստները։
Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ բացահայտել են բլոգեր Վլադլեն Տատարսկու (Ֆոմինի) սպանության երկրորդ կազմակերպչին, որն, ըստ նրանց, «ահաբեկչությունից հետո Հայաստանի տարածքով մեկնել է Թուրքիա»:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ բացահայտել է ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու սպանության կազմակերպիչներին։ Ըստ գերատեսչության՝ սպանության ետևում կանգնած են «Ուկրաինայի հատուկ ծառայությունները, դրանց գործակալները, այդ թվում՝ արտասահմանում թաքնված ռուսաստանյան ընդդիմության շարքերից»։
Ռուսաստանի ԱԴԾ տեղեկություններով՝ Տատարսկու սպանությունը Դարյա Տրեպովայի հետ միասին նախապատրաստել է Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը:
«Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ապրիլի 3-ին Յուրի Դենիսովը Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքով մեկնել է Թուրքիա», - ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Նորվեգիայի արտգործնախարարությունը լրտեսության կասկածանքով երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակիցների։
«Կառավարությունը որոշում է կայացրել անցանկալի անձ հայտարարել ռուսաստանյան հետախուզության 15 աշխատակիցների, որոնք Նորվեգիայում աշխատել են դիվանագիտական քողի տակ։ Հետախուզության այդ սպաները պետք է մոտ ժամանակներս լքեն Նորվեգիայի տարածքը», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան սահմանակից է Ռուսաստանին:
Նորվեգիայի դիվանագիտության ղեկավար Անիկեն Հյուիտֆելդը հայտարարել է, որ այդ քայլը «կարևոր միջոց է՝ հակազդելու և նվազեցնելու ռուսական հետախուզության գործունեության շրջանակը երկրում, պաշպանելու Նորվեգիայի ազգային շահերը»:
Շվեյցարական UBS և Credit Suisse բանկերը սկսել են նախազգուշացնել ռուսաստանցի հաճախորդներին հաշիվները փակելու մասին, եթե նրանք հարկեր վճարեն Ռուսաստանի բյուջե: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով իրավաբաններին ու շվեյցարական բանկային հատվածի աղբյուրին։
«Մեր փաստաբանական գրասենյակ են դիմել մոտ տասը հոգի, ովքեր մինչ այժմ ստացել են ոչ պաշտոնական հեռախոսազանգեր բանկի աշխատակիցներից՝ զգուշացում է եղել, որ եթե նրանք չդադարեն լինել Ռուսաստանում տեղակայված ընկերությունների սեփականատեր և շարունակեն հարկեր վճարել, բանկը ստիպված կլինի փակել նրանց հաշիվը», - ասել է LEOLEX իրավաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Ռոման Կուդինովը։
Մեկ այլ շվեյցարացի փաստաբան պնդում է, որ իր հաճախորդներն արդեն բախվել են հաշիվների արգելափակման՝ Ռուսաստանի բյուջե հարկերի վճարման պատճառով։
Շվեյցարիան ավելի վաղ միացել է Ռուսաստանի դեմ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։ Շվեյցարական ֆինանսական հաստատություններին արգելվում է ավանդներ ընդունել ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցից, եթե մեկ ավանդատուի համար ավանդների գումարը գերազանցում է 100 հազար շվեյցարական ֆրանկը:
Նոյեմբերի 25-ի դրությամբ Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են 7,5 մլրդ շվեյցարական ֆրանկ (7,89 մլրդ դոլար) ռուսական ակտիվներ։ Բացի ֆինանսների սառեցումից, Շվեյցարիայի իշխանությունները բռնագրավել են պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների վերագրվող 15 անշարժ գույք։
ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 կազմակերպությունների համար: Ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում է հայտնվել նաև հայաստանյան մեկ ընկերություն:
Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ կազմակերպությունները ներգրավված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ»:
Ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում» «արտահանման վերահսկողությունը շրջանցելու և ամերիկյան արտադրանք գնելու կամ գնելու փորձի համար՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցելու նպատակով»:
Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։
Ռուսները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը Դոնբասում։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ռուսական ուժերն այժմ վերահսկում են Բախմուտի տարածքի 76,5 տոկոսը, ռուսները սակայն պնդում են, թե վերահսկում են քաղաքի առնըվազն 86,1 տոկոսը։
Ուկրաինական կողմը, Բախմուտը պաշտպանելու հետ մեկտեղ, նախապատրաստվում է հակահարձակման։ Այն հայտարարված էր գարնանը, սակայն պաշտոնական Կիևը չի հնչեցրել հակահարձակման ո'չ կոնկրետ ժամկետը, ո'չ էլ պլանը։
Եվրամիությունը խոստացել է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղավորներին, ասել է ԵՄ խոսնակը՝ մեկնաբանելով ուկրաինացի ռազմագերուն գլխատելու տեսանյութը։
Սոցցանցերում նախօրեին տարածված ցնցող տեսանյութն արդեն իսկ առաջացրել է Կիևի սուր արձագանքը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ աշխարհի յուրաքանչյուր առաջնորդ պետք է արձագանքի այս վայրագությանը. - «Սա աշխարհում ոչ ոք չի կարող անտեսել. այս գազանները որքան հեշտությամբ են սպանում: Այս տեսանյութը՝ ուկրաինացի բանտարկյալի մահապատիժը, աշխարհը պետք է տեսնի։ Սա Ռուսաստանի դեմքն է, ինչպիսին կա: Սա դրվագ չէ։ Այդպես էր Բուչայում։ Հազար անգամ։ Բոլորը պետք է արձագանքեն։ Յուրաքանչյուր առաջնորդ։ Մի սպասեք, որ դա կմոռացվի ։ Մենք չենք պատրաստվում ոչինչ մոռանալ և ներել մարդասպաններին»։
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելությունը նույնպես արձագանքել է՝ հայտարարելով, թե «ցնցված է սոցիալական ցանցերում հրապարակված սարսափելի տեսանյութերից»:
Վերջին 24 ժամվա ընթացքում համացանցում գլխատված զինծառայողների՝ ըստ երևույթին ուկրաինացի, միանգամից երկու ցնցող տեսանյութ է հայտնվել։ Ենթադրաբար, դաժան սպանությունները կատարել են ռուս զինվորականները։ Տեսանյութերից մեկում պատկերված է մահապատժի տեսարան, իսկ մյուսում՝ գետնին ընկած երկու ուկրաինացի զինվորների գլխատված և անդամահատված մարմինները։
Կրեմլը նույնպես խոսել է գլխատման տեսանյութի մասին՝ այն անվանելով սարսափելի։
Կրեմլի խոսնակը միաժամանակ ասել է, որ ցանկացած եզրակացություն անելուց առաջ անհրաժեշտ է հաստատել տեսանյութի իսկությունը, քանի որ, ըստ նրա, «մենք ապրում ենք ֆեյքերի աշխարհում»։
Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ նախկին հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկոյի նկատմամբ:
Համապատասխան քարտը հրապարակված է Ուկրաինայի ՆԳՆ կայքում։ Դրանում ասվում է, որ Մարչենկոն թաքնվում է նախաքննական մարմիններից 2023 թվականի մարտի 24-ից։
Մարտի վերջին Ուկրաինայում կալանք է դրվել Օքսանա Մարչենկոյի ակտիվների վրա՝ ավելի քան 440 մլն գրիվնայի (11,8 մլն դոլար) չափով։ Խոսքը Զապորոժիեի «Դնեպրոսպեցստալ» -ի 6,8 տոկոս բաժնետոմսերի մասին է, որոնք Մարչենկոյին են պատկանում երեք օֆշորային ընկերությունների միջոցով: