Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատասխանատվության կենթարկի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղավորներին


Եվրամիությունը խոստացել է պատասխանատվության ենթարկել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղավորներին, ասել է ԵՄ խոսնակը՝ մեկնաբանելով ուկրաինացի ռազմագերուն գլխատելու տեսանյութը։

Սոցցանցերում նախօրեին տարածված ցնցող տեսանյութն արդեն իսկ առաջացրել է Կիևի սուր արձագանքը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ աշխարհի յուրաքանչյուր առաջնորդ պետք է արձագանքի այս վայրագությանը. - «Սա աշխարհում ոչ ոք չի կարող անտեսել. այս գազանները որքան հեշտությամբ են սպանում: Այս տեսանյութը՝ ուկրաինացի բանտարկյալի մահապատիժը, աշխարհը պետք է տեսնի։ Սա Ռուսաստանի դեմքն է, ինչպիսին կա: Սա դրվագ չէ։ Այդպես էր Բուչայում։ Հազար անգամ։ Բոլորը պետք է արձագանքեն։ Յուրաքանչյուր առաջնորդ։ Մի սպասեք, որ դա կմոռացվի ։ Մենք չենք պատրաստվում ոչինչ մոռանալ և ներել մարդասպաններին»։

Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելությունը նույնպես արձագանքել է՝ հայտարարելով, թե «ցնցված է սոցիալական ցանցերում հրապարակված սարսափելի տեսանյութերից»:

Վերջին 24 ժամվա ընթացքում համացանցում գլխատված զինծառայողների՝ ըստ երևույթին ուկրաինացի, միանգամից երկու ցնցող տեսանյութ է հայտնվել։ Ենթադրաբար, դաժան սպանությունները կատարել են ռուս զինվորականները։ Տեսանյութերից մեկում պատկերված է մահապատժի տեսարան, իսկ մյուսում՝ գետնին ընկած երկու ուկրաինացի զինվորների գլխատված և անդամահատված մարմինները։

Կրեմլը նույնպես խոսել է գլխատման տեսանյութի մասին՝ այն անվանելով սարսափելի։

Կրեմլի խոսնակը միաժամանակ ասել է, որ ցանկացած եզրակացություն անելուց առաջ անհրաժեշտ է հաստատել տեսանյութի իսկությունը, քանի որ, ըստ նրա, «մենք ապրում ենք ֆեյքերի աշխարհում»։

Ռուսները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը Դոնբասում

Սարսափելի պատերազմը շարունակվում է։ Ռուսները շարունակում են գրոհել ուկրաինական դիրքերը Դոնբասում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ռուսական ուժերն այժմ վերահսկում են Բախմուտի տարածքի 76,5 տոկոսը, ռուսները սակայն պնդում են, թե վերահսկում են քաղաքի առնըվազն 86,1 տոկոսը։

Ուկրաինական կողմը, Բախմուտը պաշտպանելու հետ մեկտեղ, նախապատրաստվում է հակահարձակման։ Այն հայատարված էր գարնանը, սակայն պաշտոնական Կիևը չի հնչեցրել հակահարձակման ո'չ կոնկրետ ժամկետը, ո'չ էլ պլանը։

Հակահարձակումը կարող է սկսվել ոչ թե ամառը, այլ գարնանը. Դենիս Շմիգալ

Այսօր Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, թե հակահարձակումը կարող է սկսվել ոչ թե ամառը, այլ գարնանը։ Դենիս Շմիգալը ամերիկյան The Hill-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական կողմը հարձակման մեկնարկի ժամկետների հետ կապված ճնշում գործընկերների կողմից չի զգում. - «Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հասկանում են, որ գրոհի անցնելու համար պետք է պատրաստ լինել 100 տոկոսով և ավելին»:

Արևմուտքի սպասումները ուկրաինական հակահարձակումից մեծ են։ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բյորնսը հայտարարել է, թե «առաջիկա ամիսները վճրորոշ են լինելու»։
Միաժամանակ Բյորնսը, ինչպես CNN-ն է հայտնում, պնդել է, թե
Պուտինը լրջորեն չի վերաբերվում ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցություններին, և բանակցությունները, նրա կարծիքով, հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ ուկրաինական բանակը լուրջ հաջողությունների հասնի մարտի դաշտում։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի կարծիքով, Պուտինը հավատում է, որ կարող է հաղթել Ուկրաինային և Արևմուտքին։
Կրեմլը բազմիցս ասել է, թե բանակցությունների հնարավորություն այսօր չկա, և Պուտինի «հատուկ ռազմական օպերացիան» շաունակվելու այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հասել իր նպատակներին։

Ու մինչ Կրեմլը հայտարարում է պատերազմը շարունակելու մասին, Արևմուտքը շարունակում է հայտարարել, թե աջակցելու է Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անսասան աջակցությունը Ուկրաինային և սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նրա ջանքերին»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր ուկրաինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո պնդել է, թե Ուկրաինայի ղեկավարությունը հաջողության հասնելու համար լավ շանսեր ունի. - «Նրանք սկսելու հիանալի ծրագիր ունեն։ Նրանք ունեն այն կարողությունների մեծ մասը, որն անհրաժեշտ է հաջողութան հասնելու համար։ Եվ մենք նախապատրաստել ենք հսկայական թվով ուկրաինացի զինվորականներ»։

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների աջակցությունը Ուկրաինային շարունակվում է բոլոր ուղղություններով։

XS
SM
MD
LG