Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

07:59 13.4.2023

Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ, հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիհալը (Շմիգալ) Վաշինգտոն այցի կապակցությամբ The Hill-ին տված հարցազրույցում:

«Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հստակ հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100 տոկոսով պատրաստ լինել դրան և նույնիսկ ավելին», - ասել է նա։

Հարցին, թե ինչպես են ամերիկյան գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքերն ազդում հակահարձակման պլանավորման վրա, Շմիհալն արձագանքել է, թե Ուկրաինան ամեն դեպքում կազատի իր տարածքները։

«Մենք բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք դա անել: Մենք մեր գործընկերներից ամբողջ աշխարհում […] խնդրում ենք տանկեր, զինամթերք, ինքնաթիռներ և զրահատեխնիկա», - հայտարարել է նա:

07:57 13.4.2023

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերվում գաղտնի փաստաթղթերի վերջին խոշոր արտահոսքին, և հիշեցրել է, որ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացնում:

«Այժմ ես շատ բան չեմ կարող ասել, մինչ Արդարադատության նախարարությունը հետաքննում է, բայց մենք այս արտահոսքին շատ լուրջ ենք վերաբերվում», - Օսթինի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները: - «Մենք կշարունակենք հետաքննել և կորոնենք բառացիորեն ամեն տեղ, մինչև գտնենք արտահոսքի աղբյուրը և պարզենք դրա ծավալները»:

ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է, որ ամեն օր արտահոսքի մասին խորհրդակցում է բարձրաստիճան զինվորականների հետ:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Օսթինի հետ իր ելույթում ասել է , որ ԱՄՆ-ը վերջին օրերին արտահոսքի մասին քննարկում է անցկացրել դաշնակիցների հետ ու հավաստիացրել է նրանց, որ Վաշինգտոնը ջանում է գաղտնիքները պահել և հավատարիմ է իր դաշնակցային պարտավորություններին:

Բլինքենը նշել է, որ երեքշաբթի օրը խոսել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ և վստահեցրել նրան, որ Միացյալ Նահանգները շարունակում է հաստատակամորեն և ակտիվորեն աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում։

18:03 12.4.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհի առաջնորդները պետք է արձագանքեն ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ ենթադրաբար ցուցադրված է գերեվարված ուկրաինացու դաժան սպանությունը ռուս զինվորների կողմից։

Ապրիլի 11-ին երեկոյան սոցցանցերում տեղադրված տեսանյութում սպիտակ թևկապով մարդը, այդպիսի նշաններ են կրում ռուս զինվորները, գլխատում է ուկրաինացի ռազմագերուն։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է, որ պատերազմական օրենքերը խախտելու հատկանիշով հետաքննություն է սկսում։

«Մենք կգտնենք այդ հրեշներին որտեղ էլ լինեն, գետնի տակից, կամ այն աշխարհից։ Նրանք հաստատ պատժվելու են իրենց արարքների համար», - ասել է անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

15:27 11.4.2023

«Մոսկվայից մոտ 500 կիլոմետր հարավ գտնվող Բելգորոդ քաղաքի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի պայթյուն է արձանագրվել», - հաղորդում է Ռուսաստանի պետական РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի ուժայիններին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, զոհեր և վիրավորներ չկան։

«Նախնական տեղեկությունների համաձայն, թեթևակիորեն վնասվել է օդանավակայանի պարիսպը», - հաղորդում է РИА Новости գործակալությունը։

ԱԹՍ-ի պատկանելությունը չի հստակեցվում։

15:26 11.4.2023

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը լրտեսության մեղադրանքով ռուսական բանտում գտնվող Wall Street Journal պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչին «անօրինականորեն կալանավորված անձի» կարգավիճակ է շնորհել։

Այս քայլով Գերշկովիչը դե-ֆակտո պատանդի կարգավիճակ կստանա, ինչը հնարավորություն կտա Վաշինգտոնին ռուսական կողմի հետ նրա փոխանակման շուրջ բանակցություններ վարել։

«Գերշկովիչի ճակատագրով այսուհետ զբաղվելու է Պետդեպարտամենտի կազմում գործող «Պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակը», - հաղորդում է Wall Street Journal-ը։

Գերշկովիչը ձերբակալվել էր մարտի 30-ին Եկատերինբուրգում։

15:24 11.4.2023

«Պենտագոնից հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինան ստիպված է եղել մասնակիորեն փոխել լայնորեն գովազդվող հակահարձակման պլանը», - հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

«Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրություններով հարյուրավոր փաստաթղթերի արտահոսքը տեղի էր ունեցել անցած շաբաթավերջին, դրանք տեղադրվել էին Discord սոցիալական ցանցում։

Փաստաթղթերի զգալի մասը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին, ինչպես նաև Վաշինգտոնի և դաշնակից պետությունների հարաբերություններին։

«Ամերիկացի պաշտոնյաները վստահ են, որ գաղտնազերծված փաստաթղթերի մեծ մասը իրական են», - պնդում է Reuters գործակալությունը։

15:23 11.4.2023

Ուկրաինական հակահարձակման ժամկետը չի հայտարարվել, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ ասել է, թե Կիևը շտապելու կարիք չունի:

«Ռուսաստանի «սողացող» հարձակումն ուկրաինական ճակատում գնալով ավելի է բարդանում, տապալվում են առնվազն Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ծրագրերը, իսկ հսկայական կորուստները նվազեցնում են ռուսական բանակի ներուժը։ Այսօր ժամանակն Ուկրաինայի դաշնակիցն է, մենք հնարավորություն ունենք լավագույնս նախապատրաստվելու հակահարձակմանը», - ասել է Ռեզնիկովը լիտվական մեդիային տված հարցազրույցում:

15:20 11.4.2023

ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը հայտարարել է միջուկային պատրաստության Global Thunder 23 զորավարժությունների մեկնարկման մասին։

«Ռազմավարական հրամանատարությունը կսկսի իր ամենամյա Global Thunder հրամանատարության և վերահսկման զորավարժությունները 2023 թվականի ապրիլի 11-ին», - ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի և պատասխան չեն որևէ պետության գործողություններին։

Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, զորավարժությունների հիմնական նպատակը միջուկային ուժերի պատրաստականության բարձրացման և ռազմավարական զսպման հնարավորությունների գնահատումն է։

Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։

Սա երկրորդ խոշոր զորավարժությունն է, որ ԱՄՆ-ը հայտարարել է այս ամսվա ընթացքում։

15:18 11.4.2023

Ընթացիկ տարվա օգոստոսի վերջին ուկրաինական զորքերը կկարողանան ազատագրել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ թերակղզին՝ պայմանով, որ Արևմուտքը Կիևին կտրամադրի հեռահար ճշգրիտ զենք։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը Deutsche Welle-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը շատ լավ նախապատրաստվել է հակահարձակման: Կարծում եմ, մենք կտեսնենք շատ պրոֆեսիոնալ հարձակողական գործողություններ, շատ արդյունավետ, և դրա նպատակը կլինի մեկուսացնել Ղրիմը և պայմաններ ստեղծել թերակղզու հնարավոր ազատման համար այս տարվա վերջին», - ասել է Հոջեսը։

Պատասխանելով DW-ի պարզաբանող հարցին, թե արդյոք նա այսօր էլ պնդում է իր նախկին կանխատեսումը, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան Ղրիմ հասնել ամռանը, Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատարը նշել է. - «Այո, բայց մինչև օգոստոսի վերջ։ Նրանք կկարողանան ազատագրել Ղրիմը, եթե, և ես միշտ այդ վերապահումն արել եմ, եթե մենք նրանց տրամադրենք հեռահար ճշգրիտ զենքեր, որոնք անհրաժեշտ են դա անելու համար, այո, նրանք, անշուշտ, կարող են դա անել»:

20:20 10.4.2023

Ուկրաինական գերությունից հայրենիք են վերադարձել 106 ռուսաստանցի ռազմագերիներ:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որի փոխանցմամբ, «106 զինծառայողների կյանքը գերության պայմաններում վտանգված է եղել»:

Ռազմագերիներին օդանավերով փոխադրում են Ռուսաստան, որտեղ նախ Մոսկվայում ստուգումների կենթարկվեն, ապա բուժման նպատակով կտեղափոխեն Պաշտպանության նախարարության բուժհիմնարկներ:

«Ազատություն ստացած բոլոր զինծառայողներին տրվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG