Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել Մեդվեդչուկի կնոջ նկատմամբ


Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկո, 2018թ.
Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկո, 2018թ.

Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ՝ նախկին հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկոյի նկատմամբ:

Համապատասխան քարտը հրապարակված է Ուկրաինայի ՆԳՆ կայքում։ Դրանում ասվում է, որ Մարչենկոն թաքնվում է նախաքննական մարմիններից 2023 թվականի մարտի 24-ից։

Մարտի վերջին Ուկրաինայում կալանք է դրվել Օքսանա Մարչենկոյի ակտիվների վրա՝ ավելի քան 440 մլն գրիվնայի (11,8 մլն դոլար) չափով։ Խոսքը Զապորոժիեի «Դնեպրոսպեցստալ» -ի 6,8 տոկոս բաժնետոմսերի մասին է, որոնք Մարչենկոյին են պատկանում երեք օֆշորային ընկերությունների միջոցով:

Վիկտոր Մեդվեդչուկն ուկրաինացի քաղաքական գործիչ է, ռուսամետ «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության առաջնորդը, որի գործունեությունն արգելվել է լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո: Նրան բերման էին ենթարկել 2022 թվականի ապրիլին՝ տնային կալանքից փախչելուց հետո: Մեդվեդչուկը մեղադրվում էր դավաճանության մեջ։ 2022 թվականի սեպտեմբերին ուկրաինական կողմը Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել է գերեվարված ուկրաինացի զինծառայողների հետ։

Մինչ այդ Ուկրաինայի իշխանությունները կալանք էին դրել Մեդվեդչուկի ակտիվների վրա։ Հունվարի կեսերին Վլադիմիր Զելենսկին Վիկտոր Մեդվեդչուկին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։ Ավելի ուշ Գերագույն Ռադան նրան զրկել է պատգամավորական մանդատից։

XS
SM
MD
LG