Մատչելիության հղումներ

Անօդաչուներ արտադրող իսրայելական Aeronautics-ին ու ընկերության երեք պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել


Իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք, արխիվ
Իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք, արխիվ

Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է իսրայելական Haaretz պարբերականը:

Քրեական գործի մանրամասները թերթը չի հաղորդում` վկայակոչելով դատարանի արգելք սահմանող որոշումը։ The Jerusalem Post-ը նշում է` քրեական գործի մանրամասները գաղտնի են պահվում ենթադրաբար այն պատճառով, որ կա'մ գնորդը մի երկիր է, որի հետ Իսրայելը հատուկ հարաբերություններ ունի, կա'մ մանրամասների բացահայտումը կարող է վնաս հասցնել իսրայելական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքներին։

Իսրայելի ռազմաարդյունաբերական հսկաներից մեկը՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերությունը 2017 թվականին սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցները Ադրբեջան այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: The Times of Israel-ը փաստել էր, որ այդ հարձակման հետևանքով երեք հայ զինծառայող մարմնական վնասվածքներ էր ստացել։ Իսրայելական լրատվամիջոցները չեն հստակեցնում` մեղադրանքի հիմքում ա՞յս դրվագներն են, թե՞ այլ։

The Jerusalem Post-ը, վկայակոչելով իսրայելական Channel 12 -ի ռազմական փորձագետ Նիր Դվորիին, գրում է, որ 2019 թվականին Հայաստանը Ադրբեջանի անօդաչու թռչող սարքը հատուկ խոցել էր՝ համոզվելու համար, որ այն Aeronautics ընկերության արտադրանքն էր։

Իսրայելական խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության հետ կապված միջազգային սկանդալը ստիպել էր Իսրայելի պաշտպանության նախարարությանը կասեցնել ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի, արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում էր, որ նրանք չէին կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություններ վարել կամ գործարք կնքել: Այս պատժամիջոցը կիրառվել էր հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջադեպի՝ իսրայելական միանգամից մի քանի գերատեսչությունների` Ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննության բաժնի, Գլխավոր դատախազության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից անցկացվող հետաքննության ֆոնին։

Քննությունը չավարտված, սակայն, 2019 թվականին անակնկալ հայտարարվեց, թե Իսրայելի ռազմական գերատեսչությունը վերանայել է իր որոշումն ու վերացրել արտահանումների արգելանքը: Երկու շաբաթ չանցած Aeronautics Defense Systems-ը հաղորդեց, որ բազմամիլիոնանոց համաձայնագիր է կնքել առանցքային գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ։ Նույն տարում իսրայելական ընկերությունը որոշեց նաև ներկայացուցչություն բացել Ադրբեջանում։

Տարիներ շարունակ Իսրայելի իրավապահների կողմից քննվող աղմկահարույց գործը երկրի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը դատարան է ուղարկում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ։ Իսրայելական Globes պարբերականը, վկայակոչելով գործին քաջատեղյակ իր աղբյուրները, գրում է, որ Մանդելբլիթը ավելի քան մեկուկես տարի իր սեղանին ունենալով այդ քրեական գործը՝ դատարան չէր ուղարկում՝ մտավախությամբ, թե հետագա զարգացումները կարող էին զգալի դիվանագիտական վնաս հասցնել Իսրայելին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG