Մատչելիության հղումներ

Թել Ավիվը հետաքննում է հայկական դիրքերը հարվածելու գործում իսրայելցի մասնագետների մասնակցության մասին հաղորդումը


Իսրայելցի զինվորը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ
Իսրայելցի զինվորը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը Հայաստանի նկատմամբ «թշնամական արարք» է որակում իսրայելական ընկերության գործողությունները:

Իսրայելում լույս տեսնող Haaretz պարբերականը նախօրեին հրապարակել է հոդված՝ «Իսրայելական կամիկաձե դրոնների արտադրողը փորձարկում է իրականացրել հայկական դիրքերի ուղղությամբ» վերնագրով: Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես քննում է Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունները:

Haaretz-ի պնդմամբ՝ ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողություններն ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով:

Վկայակոչելով իսրայելական Maariv թերթի հրապարակումը, Haaretz-ի թղթակիցը գրել է՝ երբ Ադրբեջանը, հանդես գալով որպես զենքի պատվիրատու, պահանջել է մինչև դրոնների գնման պայմանագրի ստորագրումը ցուցադրել դրոնի աշխատանքը մարտական պայմաններում, իսրայելցի երկու օպերատորները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Դրանից հետո Aeronautics Defence System-ի մենեջերը՝ ցանկանալով բավարարել գնորդի պահանջը, ինքն է փորձել աշխատեցնել դրոնները: Սակայն դրանք, ըստ աղբյուրի, որևէ վնաս չեն հասցրել․ դրանցից միայն մեկն է մոտեցել հայկական դիրքերին և ընկել մոտ 100 մետր հեռավորության վրա:

Իսրայելական ընկերությունը կտրականապես հերքում է այս տեղեկությունը: «Մենք երբեք դրոնների փորձարկումներ չենք իրականացնում կենդանի թիրախների վրա, դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ասված է Aeronautics Defence System ընկերության հայտարարությունում: Ընկերության կայքում նաև նշված է, որ Orbiter 1K դրոնը կրում է մեկ կամ երկու կիլոգրամանոց հատուկ տեսակի պայթուցիկ նյութ:

«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով այս հրապարակումները, Իսրայելի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաղորդեցին․ «Որպես կանոն, Իսրայելի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումները: Այդ հրապարակման կապակցությամբ հետաքննություն է սկսել ՊՆ համապատասխան ծառայությունը»:

Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատս Ցոլակ Մոմջյանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց, որ տեղյակ է դրոններին առնչվող հրապարակումներին, դրանց տեղյակ է նաև Հայաստանի արտգործնախարարությունը: Մոմջյանի խոսքով՝ Իսրայելի հայկական համայնքում ուշադրությամբ հետևում են այս զարգացումներին:

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևան ասում է․ «Պետք է ներքին հետաքննություն անցկացնեն և որոշումների գան: Ոճրագործություն է ուղղակի Իսրայելի կողմից այսպիսի միջոցներով իրենց զենքերը փորձարկելը: Եվ մենք ապրիլյան պատերազմից հետո էլ, դրանից առաջ էլ մի քանի անգամ մեր բողոքը ներկայացրել ենք, որ Իսրայելը պետք է իր զինվորական մասնագետներին ետ քաշի Ադրբեջանից»: Նրա խոսքով, սա իհարկե Իսրայելի կողմից պատերազմին բացահայտ մասնակցություն չէ, սակայն, տեղի ունեցածը Հայաստանի նկատմամբ «թշնամական արարք է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG