Մատչելիության հղումներ

Իսրայելական Aeronautics ընկերությունը նոր համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ


Aeronautics Group-ի արտադրության անօդաչու թռչող սարք:

Իսրայելական Aeronautics ընկերությունը նոր համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ՝ առաջիկա երկու տարում 13 միլիոն դոլարի հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ:

Համաձայնագիրը կնքվել է ընկերության դեմ Իսրայելի պաշտպանության նախարարության սկսած հետաքննությունից հետո, երբ պարզվել էր, որ 2017-ին նույն այդ ընկերությունը, պաշտոնական Բաքվի պահանջով, համաձայնել էր Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ. վիրավորվել էր երեք հայ զինծառայող:

Միջադեպի մանրամասները հայտնի չեն, գործը քննվում է դռնփակ նիստում: Տեղական լրատվամիջոցները, սակայն, պնդում են, որ սկզբում ընկերության շարքային աշխատակիցները հրաժարվել են զենքը փորձարկել մարդկանց ուղղությամբ, սակայն ավելի ուշ Բաքու են մեկնել ընկերության ղեկավարներն ու ստանձնել անօդաչու թռչող սարքի կառավարումը:

Միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել, Իսրայելի իրավապահները մեղադրանքներ էին առաջադրել ընկերության ղեկավարներին, ինչպես նաև՝ արգելանք դրել օտարերկյա արտահանումների վրա:

Քննությունը չավարտված, սակայն, փետրվարի սկզբին անակնկալ հայտարարվեց, թե Իսրայելի պաշտպանության նախարությունը վերանայել է իր որոշումն ու վերացրել արտահանումների արգելանքը: Երկու շաբաթ չանցած Aeronautics Defense Systems-ը հաղորդեց, որ բազմամիլիոնանոց համաձայնագիր է կնքել առանցքային գործընկերոջ հետ: Վաճառվող զենքը՝ Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքը կարող է 1-2 կգ պայթուցիկ նյութ տեղափոխել, շուրջ երեք ժամ մնալ օդում, բազմաֆունկցիոնալ տեսախցիկով ցերեկային և գիշերային նկարահանումներ կատարել, կատապուլտից մեկնարկելուց հետո ինքնուրույն հսկել տարածությունը՝ խոցելով շարժվող ու անշարժ թիրախներ:

2016-ին Ադրբեջանը նույն այդ անօդաչու թռչող սարքերով խոցել էր հայկական մի ավտոբուս, յոթ մարդ զոհվել էր:

Նոր, բազմամիլիոնանոց գործարքին հայկական կողմը դեռ պաշտոնապես չի արձագանքել: Ավելի վաղ՝ ամսվա սկզբին, արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը պատրաստվում է բարձրաձայնել հարցը երկկողմ և բազմակողմ հանդիպումների ժամանակ:

«Պետք է ուղղակի ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես հղենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասել էր Նաղդալյանը:

Իսրայելի պաշտոնական աղբյուրները չեն մեկնաբանել, թե ինչու են վերստին թույլատրել զենքի մատակարարումը ադրբեջանական բանակին: Փորձագետները, սակայն, պատահական չեն համարում, որ որոշումը կայացվել է ճիշտ այն օրերին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ պատրաստվում է փետրվարի վերջին պաշտոնական այց կատարել Իսրայելի հետ թշնամական հարաբերություններով հայտնի Իրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG