Մատչելիության հղումներ

Իսրայելի կառավարությունը չեղարկել է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու արգելքը


Իսրայելցի զինծառայողը անօդաչու թռչող սարք է փորձարկում, արխիվ

Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը թույլտվություն է ստացել վերսկսելու Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Orbiter 1K վաճառելու արգելքը այդ ընկերության նկատմամբ:

2016 թվականին Ադրբեջանը Aeronautics Defense Systems-ի անօդաչու թռչող սարքերով խոցել էր հայկական մի ավտոբուս, յոթ մարդ զոհվել էր: Ընկերությունը, սակայն, սկանդալի կենտրոնում է հայտնվել, երբ 2017-ին ադրբեջանական կողմի պահանջով համաձայնել է Orbiter 1K տեսակի անօդաչու թռչող սարքի կարողությունները ցուցադրել մարտական պայմաններում` հարված հասցնելով հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ընդ որում, ըստ իսրայելական մամուլի, ընկերության շարքային աշխատակիցները Ադրբեջան այցի ժամանակ հրաժարվել էին կատարել այդ պահանջը՝ փաստելով, որ իսրայելական օրենքն արգելում է զենքը փորձարկել կենդանի թիրախների վրա: Ավելի ուշ, այդուհանդերձ, նրանց վերադասները համաձայնել էին ստանձնել անօդաչու թռչող սարքի կառավարումը, որը կարող է 1-2 կիլոգրամ հատուկ պայթուցիկ նյութ տեղափոխել: Փորձի պակասի պատճառով, սակայն, իսրայելական ընկերության բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարողացել ճշգրիտ հարված հասցնել թիրախներին, և հարձակման հետևանքով երեք հայ զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել, գրել է The Times of Israel-ը:

Անցած ամսվա վերջին հաղորդվեց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատժամիջոց է կիրառել Aeronautics Defense Systems-ի նկատմամբ: Ըստ նույն The Times of Israel պարբերականի, մասնավորապես, նախարարությունը կասեցրել էր ընկերության երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում գլխավոր գործադիր տնօրենի արտահանման լիցենզիաները, ինչը նշանակում էր, որ նրանք չէին կարող օտարերկրյա գնորդների հետ բանակցություն վարել կամ գործարք կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG