Մատչելիության հղումներ

Իսրայելից մասնագետներ են հրավիրվել Ադրբեջան՝ բացատրելու, թե ինչպես են հայկական ուժերը խոցում ԱԹՍ-ները. Լապշին


Իսրայելական Hermes 900 ԱԹՍ, արխիվ
Իսրայելական Hermes 900 ԱԹՍ, արխիվ

Հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի կտրուկ սրման պատճառով ադրբեջանական բանակը հայկական դիրքերի ու խաղաղ բնակչության վրա կիրառեց թե՛ ռուսական հրետանային համակարգեր, ռուսական արտադրության զինտեխնիկա և թե՛ հրեական անօդաչու հարվածային և հետախուզական թռչող սարքեր, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Այս անգամ, սակայն, հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից շատ ավելի արդյունավետ կերպով խոցվեցին իսրայելական արտադրության ԱԹՍ-ները, քան ապրիլյան քառօրյայի ժամանակ: Նախկինում Ադրբեջանն օգտագործում էր Israel Aerospace Industry պետական ձեռնարկության Harop հարվածային ԱԹՍ՝ մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ, ու 2017 թվականի Aeronautics Defence System-ի Orbiter 1K հարվածային անօդաչու թռչող սարքերի հայտնի սկանդալից հետո, Բաքվի ձեռք բերած հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ների բանակը համալրվեց Elbit Systems ամենամեծ ոչ պետական ձեռնարկության SkyStriker հարվածային և Hermes 900 հետախուզական ԱԹՍ-ներով:

Յուրաքանչյուր հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ կամ անմիջապես հետո Ադրբեջանի կողմից հրավիրվում են Իսրայելից մասնագետներ, որոնք տեղում իրենց ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի՝ հայկական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվելու փաստերի պատճառները: Այս անգամ շատ ավելի արժեքավոր ու շոշափելի վնաս կրեց ադրբեջանական ԱԹՍ-ների պարկն, ու կարելի է փաստել, որ Elbit Systems-ի թանկարժեք երկրորդ սերնդի գերժամանակակից թռչող հետախուզական Hermes 900 սարքն էր խոցվել՝ մոտ 30 միլիոն դոլար արժողությամբ:

Նախկինում հայկական բանակը խոցել էր առաջին սերնդի Hermes 450 տեսակի երկու սարք: Ի դեպ, պետք է փաստել, որ հայկական բանակն աշխարհում միակն է, որ հաջողությամբ խոցում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները:

Հայ-ադրբեջանական մարտական գործողությունների ժամանակ օգտագործվող իսրայելական ԱԹՍ-ների փաստերի հետ կապված «Ազատությունը» պաշտոնական նամակ է ուղարկել Իսրայելի պաշտպանության նախարարություն: Ի դեպ, 2017 թվականից ունենք դեռ անպատասխան նամակներ Aeronautics Defence System-ի շուրջ ծագած սկանդալի հետ կապված:

Հայ-ադրբեջանական սրված հարաբերությունների, Իսրայելից Ադրբեջան մեկնած մասնագետների, Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունների շուրջ զրուցեցինք Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի, հայտնի բլոգեր ու լրագրող Ալեքսանդր Լապշինի հետ:

«Ես կարծում եմ, որ խոշոր ու լայնածավալ հակամարտություն ձեռնտու չէ ոչ Հայաստանին և ոչ էլ Ադրբեջանին, որովհետև բոլորին բավարարում է այն «ստատուս քվոն», որը գոյություն ունի 90-ական թվականների Ղարաբաղյան պատերազմից հետո, և կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված խիստ նվազել են Ադրբեջանի եկամուտները՝ նավթի գների անկման հետ կապված, որն էլ հասարակական դժգոհություններ է առաջացրել չքավորության, կառավարող ռեժիմի դեմ երկրում, ինչի պատճառով էլ ժողովրդի ուշադրությունն ինչպես միշտ սևեռվում է արտաքին թշնամու՝ հայերի դեմ:

Տեղեկություններ են շրջում, որ արդեն Բաքու են ժամանել հրեա մասնագետներ, որոնց ադրբեջանական կողմը հրավիրել է բացատրելու, թե ինչպես են հայկական հակաօդային պաշտպանության ուժերը խոցում հրեական այդքան թանկարժեք ԱԹՍ-ները:

Որքան ես գիտեմ, նրանք արդեն այնտեղ են, բայց ես սա չէի դիտարկի որպես Հայաստանի դեմ սպառնալիք, որովհետև երբ շատ մեծ գումարների զենք է ձեռք բերվում, ապա այն, իհարկե, ուղեկցվում է խորհրդատվությամբ ու տեխնիկական սպասարկմամբ», - ասաց պարոն Լապշինը:

«Ազատության» հարցին, թե գուցե ինչպես 2017-ի դրոնի սկանդալի ժամանակ էր, հրեա օպերատորներն այս անգամ էլ հեռակառավարման վահանակները ձեռքերը վերցնեն, Ալեքսանդր Լապշինը պատասխանեց. «Ես չեմ համաձայնի այն կարծիքին, որ իսրայելական մասնագետները մեկնել են Ադրբեջան, որպեսզի անօդաչու սարքերի հեռակառավարման վահանակները ձեռքերը վերցնեն ու հարվածեն Հայաստանին, սակայն ինչի հետ եմ համաձայն՝ որ նրանք հիմա այնտեղ են ու ադրբեջանական մասնագետներին սովորեցնում են այնպես կառավարել, որ Հայաստանին չհաջողվի ապագայում խոցել այդ ԱԹՍ-ները: Սա հնչում է ոչ գեղեցիկ և շատ ցինիկ, սակայն մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ ամեն ինչ որոշում է քաղաքականությունն ու փողը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառնալիքներին Մեծամորի ատոմակայանին հարվածելու հետ կապված, ապա Լապշինն ասաց. «Նրանք այդ քայլին չեն գնա: Մենք, ձեզ հետ միասին, բնակվելով Իսրայելում՝ շատ լավ գիտենք, թե ինչ արժեն սպառնալիքները, որ ուղարկում են, օրինակ, Իրանը, «Հըզբոլա»-ն ու «Համաս»-ն Իսրայելի հասցեին շաբաթական առնվազն երկու անգամ՝ սպառնալով ոչնչացել Իսրայելը: Մեծամորի ատոմակայանում աշխատում են տասնյակ ու հարյուրավոր ռուս մասնագետներ, ու այդ ատոմակայանը պաշտպանում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազան, և նույնիսկ խոցելու դեպքում եթե հաջողվի, ապա կլինի Չեռնոբիլի օրինակը», - համոզված է լրագրողը:

Ի դեպ, հրեա բլոգերը մեզ հաղորդեց, որ Ադրբեջանը մինչև օրս չի հրաժարվել իրեն կրկին ձերբակալելու, առևանգելու և նույնիսկ սպանելու փորձերից:

2019 թվականի դեկտեմբերին զբոսաշրջության միջազգային ֆորումին մասնակցելու համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգա ժամանած բլոգերին բրիտանական հատուկ ծառայությունները հաղորդել էին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ղեկավար գեներալ Ալի Նագիևը հրահանգել է Լատվիայի ամենահարուստ գործարար մի ադրբեջանցու առևանգել և հատուկ բնակարանում սպանել Լապշինին: Նրան Լատվիայում դիմավորել էին հատուկ ծառայությունները և ուղեկցել էին այլ երկրի օդանավակայան և ուղարկել Իսրայել:

«Մեծ սկանդալ էր տեղի ունեցել, և Ռուսաստանում որոշ մարդկանց, ովքեր ինձ աջակցում են, հաղորդած տեղեկությունների համաձայն, Ալի Նագիևը շատ է զայրացել և հրամայել է այդ հարուստ ադրբեջանցուն առաջադրանքը կատարել Իսրայելում»​, - պատմեց բլոգերը:

Լապշինն այժմ գտնվում է Իսրայելի հատուկ ծառայությունների պաշտպանության ներքո:

XS
SM
MD
LG