Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել Մինսկի խմբի գործընթացը


Ստեփանակերտ, արխիվ

Բաքուն երեկ կրկին պնդել է, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել ինքնիշխանության ու սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման դեպքում, ինչին հետևել է Վաշինգտոնի արձագանքը` հաշտեցման համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանների, այլև մնացած մյուս բոլոր հարցերը լուծել:

Քննարկումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: Ադրբեջանի արտգործնախարարության համաձայն, Ջեյհուն Բայրամովը կրկին հայկական կողմին մեղադրել է տասնամյակներ շարունակ ղարաբաղյան խնդրի լուծումը ձգձելու մեջ ու պնդել, թե վերջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում խաղաղության հասնելու հնարավորություն է ստեղծվել: Այս համատեքստում Բայրամովը կարևորել է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, որոնք փաստացի բանակցվել և ստորագրվել են Ռուսաստանի միջնորդությամբ` առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների:

Որպես հաշտեցման նախապայման Բայրամովը նշել է` Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, հավելելով` նույնն էլ պատրաստ է Ադրբեջանն անել Հայաստանի հանդեպ:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, ի պատասխան Բայրամովի, հայտարարել է` հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներն ընդգծում են, որ երկու երկրների և ժողովուրդների հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը կարելի է հասնել միայն համապարփակ համաձայնությամբ, որը կներառի մինչ օրս լուծում չստացած բոլոր խնդիրները: Ընդ որում, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերստին ակտիվացնել Մինսկի խմբի գործընթացը: «Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին` որքան հնարավոր է արագ շփումների մեջ մտնել համանախագահների հետ, քննարկել նրանց առաջարկները և միասնական որոշում կայացնել այն օրակարգի շուրջ, որը կարտացոլի կողմերի համար գերակա հարցերը», - հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Քորթնի Ի. Օստրիանը:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կողմերին կոչ է արել ամրապնդել հրադադարը` ակտիվացնելով բոլոր ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը, փոխանակել ականազերծման համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը և վերացնել արգելքը, որը խոչընդոտում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին խուսափել ատելություն սերմանող կամ նվաստացնող հռետորաբանությունից, հետաքննել մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների կամ միջազգային մարդասիրական օրենքի խախտումները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Այս քայլերը կայունության, արդարության ու պատասխանատվության անքակտելի մասն են», - ընդգծել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերին` ԵԱՀԿ-ում Վաշինգտոնի ներկայացուցիչը վերստին հույս է հայտնել, որ Ադրբեջանը ամբողջովին ետ կքաշի իր զինվորներին, միաժամանակ նշել, որ այդ զարգացումները տեղի են ունենում վիճելի տարածքներում: «Հորդորում ենք կողմերին թափանցիկություն դրսևորել զինվորական զանկացած քայլ կատարելիս: Ռազմական տեղաշարժերը վիճելի տարածքներում անհարկի սադրանք են: Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը ետ կքաշի իր բոլոր ուժերը, և կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ բանակցություններ սկսել իրենց ընդհանուր սահմանների դեմարկացիայի շուրջ», - ընդգծել է դեսպան Օստրիանը:

Այս համատեքստում ևս ամերիկացի դիվանագետը ԵԱՀԿ-ի դերն է կարևորել: «Միացյալ Նահանգները համոզված է, որ իրավիճակի դիտարկումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից կարևոր է ողջ կազմակերպության, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի համար և հավելյալ թափանցիկություն կհաղորդի այս գործընթացին», - ասել է Օստրիանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին աջակցել Անջեյ Կասպրշիկի աշխատանքին, այդ թվում` համաձայնության գալով վերջինիս բյուջեի հաստատման շուրջ:

Դատելով ամերիկացի դեսպանի այս դիտարկումից` այժմ կասկածի տակ է ոչ միայն Մինսկի խմբի, այլև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետագա գործունեությունը, ով զբաղվում է ղարաբաղյան խնդրով արդեն ավելի քան 25 տարի`1995 թվականից ի վեր:

Ղարաբաղյան վերջին պատերազմից ու նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանի նախագահը շարունակ պնդում է, թե խնդիրն այլևս կարգավորվել է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի համանախագահներով, լավագույն դեպքում կարող է նպաստել տարածաշրջանի վերականգնմանն ու վերակառուցմանը: Նույնն, ի դեպ, երեկ նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է հայտարարել. «Հակամարտության լուծումը անվտանգության ու խաղաղության նոր հեռանկարներ է բացել, և ԵԱՀԿ-ն ևս կարող է նպաստել այս գործընթացներին», - ասել է Բայրամովը:

Ամերիկացի դեսպանը, մինչդեռ, հակադարձել է` ղարաբաղյան խնդրի տևական ու քաղաքական լուծման անհրաժեշտությունը մնում է ակնբախ: «Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությունը, այդ թվում` նրանց անարգել մուտքի թույլտվությունը ողջ տարածաշրջան, կօգնի թուլացնել լարվածությունը և կանխել բռնություններն ապագայում», - հայտարարել է դեսպան Օստրիանը` փաստացի ընդգծելով, որ ռուս խաղաղապահների ներկայությունը միայն բավարար չէ. «Կոչ ենք անում կողմերին օր առաջ վերադառնալ բարձր մակարդակի, առարկայական բանակցությունների` առանց նախապայմանների և Մինսկի խմբի հովանու ներքո: Միացյալ Նահանգները ողջունում է գաղափարները, որով ԵԱՀԿ-ն կարող է նպաստել խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը ողջ տարածաշրջանում»:

Նիստում ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, ելույթի տեքստը, սակայն, դեռ չի հրապարակվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG