Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս, պնդում է Ալիևը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում առցանց համաժողովում, Բաքու, 20-ը մայիսի, 2021թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում առցանց համաժողովում, Բաքու, 20-ը մայիսի, 2021թ․

Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ուղղությամբ և առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային գործակցություն և զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովում:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծման և սահմանազատման առաջարկով բազմիցս է դիմել Հայաստանի ղեկավարությանը, սակայն մերժում է ստացել։ «Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց դրա համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին», - հայտարարել է Իլհամ Ալիևը, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներից բռունցքը վեր պարզած Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքների տարափը հնչեցնում։

Իսկ արդեն միջազգային լսարանի առջև ելույթ ունենալով՝ Ադրբեջանի առաջնորդը խոսում է Հայաստանի հետ հարևանության անհրաժեշտության մասին․ - «Ադրբեջանը բաց է համագործակցության և ընդհանուր ապագայի պլանավորման համար, քանի որ ուզում ենք թե ոչ՝ մենք հարևաններ ենք, պետք է ապրենք կողք-կողքի», - ասել է Ադրբեջանի առաջնորդը, որն ուղիղ մեկ ամիս առաջ անձամբ էր հանդիսավոր կերպով բացել Բաքվում «ռազմական ավարի պուրակը», որտեղ բացի հարևան Հայաստանի զինտեխնիկայից ցուցադրության են հանված զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Պատերազմի ավարտից հետո էլ չհրաժարվելով ռազմատենչ հռետորաբանությունից՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի ժողովրդին է խորհուրդ տալիս հրաժարվել ռազմական, ռևանշիստական փորձերից և «հստակորեն գիտակցել նոր իրողությունները, որոնք տարածաշրջանում հաստատել է Ադրբեջանը»։

Ընդ որում, Ալիևի համոզմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում շատ բան կարող է անել Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ «Ես զգում եմ, որ Մինսկի խումբը նոր ուղղություններ է որոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացման համար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը կարևոր դերակատարություն ունի ցանկացած տարածաշրջանում, քանի որ համաշխարհային գերտերություն է։ ԱՄՆ-ը կարող է հայկական հանրությանը հասցնել այն միտքը, որը մեր երկրները պետք է սովորեն ապրել խաղաղության մեջ», - շեշտել է Ադրբեջանի առաջնորդը, ապա նշել, թե Բաքուն հույս ունի այսուհետ նաև ամերիկյան սպառազինություն էլ ձեռք բերել։

Խոսելով 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի քայլերից՝ Իլհամ Ալիևը նշել է, թե իրենց առաջարկներն ու նախաձեռնությունները տեղ են գտել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։

«Խոսքը մասնավորապես հաղորդակցությունների և բեռնափոխադրումների համար նոր միջանցքների բացման մասին է։ Կարող եմ ասել, որ տվյալ նախագծի իրականացման հետ կապված աշխատանքն արդեն սկսվել է, և այդ նպատակով Ադրբեջանն արդեն տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ է հատկացրել», - հայտարարել է Ալիևը։

Թեև պաշտոնական Երևանը համառորեն պնդում է, թե Ադրբեջանի հետ «երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու», վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» թեզը հորջորջանք է որակել, այդուհանդերձ, Իլհամ Ալիևը, երեկ կրկին անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» կարևորությանը, ընդգծել է՝ դրա բացումից հետո նոր հնարավորություններ կստեղծվեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Շուրջ երեք ժամ տևած առցանց համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օտարերկրյա դիվանագետներ, քաղաքական գործիչներ, հարց չի հնչել Ադրբեջանում պահվող շուրջ 200 հայ ռազմագերիների մասին, որոնց անհապաղ վերադարձն են պահանջում տասնյակ երկրներ, միջազգային կառույցներ։

Հարևան Հայաստանի հետ խաղաղություն կերտել, համագործակցել ցանկացող Ադրբեջանի ղեկավարը նույնպես չի անդրադարձել պաշտոնական Երևանի գլխավոր այդ պահանջին, որի իրականացման պարտավորությունն Իլհամ Ալիևը ստանձնել է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG