Մատչելիության հղումներ

Պուտինը վստահ է, որ «եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն»


Կրեմլի խոսնակն այսօր դժվարացել է պատասխանել հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահը ստացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի` օգնության մասին դիմումը:

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը հարթելու համար»,- ասել է նա։

Պեսկովը միաժամանակ դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով։ «Բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ»,- ասել է Պուտինի խոսնակը` հավելելով՝ Մոսկվան մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով։

Օգնությունը՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական պաշտոնական Երևանն սպասում է Մոսկվայից և ՀԱՊԿ-ից: Կրեմլի խոսնակն այսօր հստակություն չի մտցրել, թե արդյոք Մոսկվան կօգտագործի իր ամբողջ գործիքակազմը Հայաստանին ստեղծված իրավիճակում օգնելու համար հարցում։ Համենայն դեպս Պեսկովի այսօրվա հայտարարությունը նույն այն տրամաբանության մեջ է, որ Մոսկվայի համար կարևոր է պահպանել բարեկամական հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ընդունելիս Ադրբեջանի նախագահն ընդգծել էր, որ Բաքուն և Մոսկվան բարեկամական հարաբերություններ ունեն, և շեշտել, որ «ռուսական խաղաղապահ ուժերն Ադրբեջանի տարածքում են»։

Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հանդես եկավ հայտարարությամբ. «Ռուսաստանը առիթ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով հույզերը բորբոքելու համար: Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին դեմարկացիայի հարցում»:

Սիեռա Լեոնեի արտգործնախարարի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովն ասել է. «Ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում այնտեղ չի եղել, նստեցին, հանգիստ սկսեցին պայմանավորվել, թե ինչպես լիցքաթափել այդ իրավիճակը: Մեզ խնդրել են աջակցել, մեր զինվորականներն այդպիսի աջակցություն են ցուցաբերել, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում զգացմունքները սրելու համար»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա Լավրովը փաստել է, թե ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություններ է արել` տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և ամենակարևորը` «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված չլինելու հանգամանքով»: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` ոչ ոք դրանով երբեք չի զբաղվել, Մոսկվան կողմերին առաջարկել է, որ Բաքուն և Երևանը նման աշխատանքի անցնեն, Մոսկվան էլ պատրաստ է օգնել` տրամադրելով և քարտեզագրական նյութեր, և խորհրդատվական ծառայություններ:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, որոշ հստակություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիրքորոշման մեջ գուցե լինի երկու օրից։

Մայիսի 19-ին Դուշանբեում անցնելու է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստը, որին մասնակցելու է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը: Բնականաբար, նիստին քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանին և Սյունիքում ստեղծված իրավիճակը։

Իսկ մինչ այդ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները շփման մեջ են ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Ադրբեջանն ունի փայլուն հարաբերություններ, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանն Ադրբեջանի հետ միասին նաև թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG