Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել: Այս մասին քիչ առաջ նրանք հայտարարեցին համատեղ մամուլ ասուլիսին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքների մասին է, ինչպես հայտարարեցին Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Ասուլիսին Ալիևը, հղում անելով Պուտինին, շեշտեց, որ ղարաբաղյան խնդիրը այսուհետ պատմություն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը, իհարկե, կարգավորված չէ և հարցերից մեկը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այս խնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Հայաստանի վարչապետը նաև ընդգծեց, որ ցավոք չի հաջողվել կարգավորել նաև գերիների հարցը։ Սակայն սրա հետ մեկտեղ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր ստորագրված համաձայնագիրը չափազանց կարևոր է։

Այս պահին կարող ենք ասել, որ երկրորդ եռակողմ հայտարարությունը վերաբերում է Նախիջևանի միջանցքին, մանրամասները, սակայն, հայտնի չեն։

Կրեմլում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ: Սա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն էր պատերազմից հետո:

Բանակցությունների մեկնարկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակությամբ ընդգծեց, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը պահպանվում է, իսկ համաձայնագրի կետերը հետևողականորեն իրագործվում են: Պուտինի խոսքով, Մոսկվայի օգնությամբ պատերազմից հետո Ղարաբաղ է վերադարձել շուրջ 48 հազար փախստական: Ռուսաստանի օգնությամբ տեղի է ունեցել գերիների և զոհվածների մարմինների փոխանակում:

Հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման այսօրվա բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին հստակ տեղեկություն չկա: Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ՝ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը երեկ հայտարարել էր, թե այսօրվա բանակցությունները տնտեսական բնույթ ունեն: Ռուսաստանի նախագահն էլ հանդիպումը սկսելիս նշել էր հարցերի շրջանակը, որոնք ուղղված են խնդրի կարգավորմանը:

«Նկատի ունեմ հարցեր խաղաղապահների, սահմանազատման գծերի ճշգրտման, հումանիտար և մշակութային հուշարձանների պահպանման հետ կապված։ Հատուկ ուշադրության են արժանի տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Նախատեսված է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը, որը կգլխավորեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Կհամագործակցի արդյոք այս աշխատանքային խումբը Մինսկի խմբի համանախագահների հետ, թե ոչ, հայտնի չէ:

Երեկ ավելի վաղ Պուտինն այսօր կայանալիք եռակողմ բանակցությունները քննարկել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է ղարաբաղյան հարցի քաղաքական լուծման գործում միջազգային համագործակցությունը, նշել է Ելիսեյան պալատը։

Այսօր Կրեմլում նախատեսված են նաև Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև առանձին երկկողմ հանդիպումներ ևս։

Ռուսական աղբյուրները նշում են, որ սա չափազանց կարևոր հանդիպում է Կրեմլի համար, այնքան կարևոր, որ Պուտինը համաձայնել է խախտել կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացման ռեժիմը։

Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ բանակցությունների օրակարգում է նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։

Ադրբեջանական և ռուսական կողմերը, մինչդեռ, օգտագործում են Նախիջևանի միջանցք արտահայտությունը, ընդ որում Բաքուն Նախիջևանի միջանցք ասելով նկատի ունի Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաև երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ավելին՝ հունվարի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Նախիջևանի միջանցքի շինարարությունը կսկսվի առաջիկա օրերին և կտևի մոտ երկու տարի։

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված փաստաթղթում Նախիջևանի միջանցքի մասին խոսք չկա։ Այնտեղ միայն նշված է տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո Բաքուն սկսեց խոսել Նախիջևանի միջանցքի մասին՝ կապելով այն Լաչինի միջանցքի հետ։

Ռուսական աղբյուրներն էլ գրում են, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ոչ միայն ստեղծել նման միջանցք, այլ նաև ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին վերահսկել այն։

Տարընթերցումներ կան կողմերի մոտ նաև զինված ուժերի հարցում․ հայտարարությունում նշված չէ, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղի՝ հայկական կողմին մնացած հատվածից, մինչդեռ Բաքուն պարբերաբար այս հարցը բարձրաձայնում է, իսկ Մոսկվան գերադասում է այն շրջանցել։ Ամեն դեպքում այսօրվա բանակցություններին ռուսական կողմն ամենայն լրջությամբ է նախապատրաստվել․ երեկ՝ կիրակի օրը Ռուսաստանի նախագահը հեռավար խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա կարճատև այց է, օրվա երկրորդ կեսին նա վերադառնում է Հայաստան։ Նախատեսված էր նաև վարչապետի հանդիպումը հայ գործարարների հետ «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում, սակայն հետո այն չեղարկվեց։

Հավելենք նաև՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքի մոտ այսօր կայացել է բողոքի ակցիա՝ թույլատրված Մոսկվայի իշխանությունների կողմից։ Այն վերահսկում էին Ռուսաստանի իրավապահները, լուրջ միջադեպ չի արձանագրվել, ակցիան տևել է երկու ժամ, մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։ Նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։

XS
SM
MD
LG