Մատչելիության հղումներ

Հայկական ուժերի դուրսբերում բոլոր շրջաններից, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի մասին ոչ մի խոսք. ինչ է ենթադրում համաձայնագիրը


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիրը ստորագրում են հրադադարի մասին համաձայնագիրը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիրը ստորագրում են հրադադարի մասին համաձայնագիրը

Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը դեռ չեն մեկնաբանել

Ո՛չ Հայաստանի վարչապետը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ էլ Ղարաբաղի իշխանություններն առայժմ հրապարակավ չեն ներկայացրել և չեն մեկնաբանել հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է երեկ՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև: Նիկոլ Փաշինյանը առայժմ միայն ֆեյսբուքյան գրառմամբ և միացմամբ տեղեկացրել է, թե խիստ ցավոտ որոշում է կայացրել՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները, մինչդեռ, երեկ փաստաթուղթը ստորագրեցին հեռակա՝ ուղիղ եթերում, հետո էլ Կրեմլը հրապարակեց բուն փաստաթուղթը։ Ըստ այդմ, այսօրվանից ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվում են, հրադադարի պահին էլ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Ավելին, հայկական ուժերը պարտավորվում են հատուկ ժամանակացույցով դուրս գալ Ղարաբաղի հարակից բոլոր շրջաններից․ նախ, առաջիկա հինգ օրում՝ մինչև նոյեմբերի 15-ը, պետք է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնի Քելբաջարի շրջանը, հինգ օր անց` մինչև նոյեմբերի 20-ը, պետք է վերադարձվի Աղդամը, այնուհետ` Լաչինը` մինչև դեկտեմբերի 1-ը: Մեկ այլ կետով էլ նախատեսվում է տեղահանվածների ու փախստականների վերադարձը։

«Կիրականացվի նաև ռազմագերիների, ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակում»,- հավելել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ընդգծելով. «Հենց այս՝ մարդասիրական տեսանկյունն ու արյունահեղության դադարեցումն է համաձայնագրի թերևս ամենակարևոր արդյունքը»։

Մի շարք հարցեր հստակ չեն, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ

Փաստաթղթում նշվում է, որ փախստականների վերադարձը Ղարաբաղ ու հարակից շրջաններ պետք է իրականացվի ՄԱԿ-ի հովանու ներքո, սակայն չի հստակեցվում երբ և կոնկրետ ինչ պայմաններով։ Պարզ է միայն, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու են ռուս խաղաղապահները, որոնք տեղակայվելու են հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այս տարածքներում, ըստ փաստաթղթի, տեղակայվելու է մոտ երկու հազար ռուս զինվորական՝ հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով և հատուկ տեխնիկայով: Ռուսական զորակազմը տարածաշրջանում մնալու է առնվազն հինգ տարի, դրա ավարտին ժամկետը կարող է հաջորդաբար երկարաձգվել հնգական տարով, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ ռուս խաղաղապահներից հրաժարվելու ցանկություն չհայտնի:

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, երեկվա իր ելույթում պնդեց՝ խաղաղության պահպանմանը նաև Թուրքիան է մասնակցելու։

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ հակամարտության քաղաքական կարգավորմանը ակտիվորեն մասնակցելու համար։ Այսօրվա փաստաթղթի կետերից մեկն էլ սահմանում է ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության ստեղծում, որով տարածաշրջանում փոխգործակցության բոլորովին նոր ձևաչափ է ստեղծվում և՛ այս հակամարտության կարգավորման, և՛ հետագա զարգացման համար»,- հայտարարեց Իլհամ Ալիևը։

Հայաստանի կառավարությունը թուրք խաղաղապահների տեղակայման հաղորդումները չի հաստատում․ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր Ֆեյսբուքում գրել է, թե «նման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա»։ Ռուսաստանի նախագահի խոսնակը ևս հավաստել է, որ Ղարաբաղում թուրք զինվորներ չեն տեղակայվելու, միաժամանակ չի բացառել, որ թուրքական կողմը կարող է հրադադարի վերահսկմանը մասնակցել։

«Իսկապես խոսք է եղել հրադադարի պահպանման մոնիտորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին։ Դա նախատեսվում է տեղակայել Ադրբեջանի տարածքում, և այդ համատեղ կենտրոնի տեղակայման մանրամասները պետք է առանձին քննարկումների առարկա դառնան»,-ասել է Դմիտրի Պեսկովը։

Թե երբ և ում միջև են եղել այդ քննարկումները, և կամ ում միջև են շարունակվելու, Կրեմլի խոսնակը չի պարզաբանել։

Լաչինի միջանցք, ուղիղ կապ Ադրբեջանից Թուրքիա, և ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի մասին

Ըստ համաձայնագրի,Հայաստանը Ղարաբաղի հետ կապվելու է Լաչինի միջանցքով, որը չի հասնելու Շուշի, ունենալու է 5 կմ լայնություն և կրկին մնալու է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Բացի այդ, նախատեսվում է առաջիկա երեք տարվա ընթացքում հաստատել Լաչինի միջանցքի երկայնքով Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող նոր երթուղու կառուցման նախագիծ։ Հաստատումից ու շինարարությունից հետո այստեղ ևս կտեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքեր՝ երթուղին պաշտպանելու համար:

Հաջորդիվ նշվում է, որ տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը` չհստակեցնելով երբ և ինչպես: Փոխարենը, հատուկ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ փաստացի ապահովելով Թուրքիայի ուղիղ կապը Ադրբեջանի հետ:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որևէ հիշատակում կամ խոսք փաստաթղթում չկա։ Ռուսաստանի նախագահը երեկ հեռարձակված ելույթում պնդել էր, թե սա արդարացի լուծում է, որ բխում է երկու կողմի շահերից։

«Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու ամբողջական կարգավորման համար՝ արդարության հիմքով, ինչպես նաև հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերին համապատասխան»,- ասել էր Պուտինը:

Փարիզը քննարկմանը չի մասնակցել, բայց հորդորում է երաշխավորել Հայաստանի շահերը

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրի մշակմանը Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել։ Չմասնակցելով բանակցություններին՝ Ելիսեյան պալատը միաժամանակ այսօր հրապարակավ ընդգծել է «Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը անվտանգության ու նկրտումների ամուր երաշխիքներ տալու անհրաժեշտությունը»։ «Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ՝ վերադառնալ իրենց տուն»,- հայտարարել է Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»,- ասել է նախագահ Մակրոնը։

Ֆրանսիայի առաջնորդը միաժամանակ կոչ է արել Թուրքիային վերջ տալ իր սադրանքներին, որևէ քայլ չանել, որը կարող է վնասել խաղաղությանը։ «Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ըստ Ելիսեյան պալատի, ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG