Մատչելիության հղումներ

Բլինքենը և Լավրովը քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ԼՂ հարցը


ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպմանը երեկ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ղարաբաղյան հարցը: Ընդ որում՝ այն, որ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը քննարկել են ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, հայտնել է միայն ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հանդիպմանը հետևած հաղորդագրությունում։

Միաժամանակ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը, ասված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտգործնախարարը հանդիպմանը հետևած բրիֆինգին թվարկել է այն հարցերը, որ քննարկել էր ԱՄՆ պետքարտուղարի հետ, և հայ-ադրբեջանական թեման այդ հարցերի շարքում չի հիշատակել։ Լավրովը նշել է, որ Բլինքենի հետ իր առաջին հանդիպմանը պայմանավորվել են շարունակել համատեղ գործողությունները, որոնք բավականին հաջողությամբ զարգանում են տարածաշրջանային հակամարտությունների շուրջ, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են՝ Կորեական թերակղզու միջուկային խնդիր, Իրանի միջուկային ծրագիր, Աֆղանստան։

Հետաքրքիր է, որ մինչև Բլինքենի հետ հանդիպելը, Դուշանբեում երեկ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը առաջարկել է Ադրբեջանին և Հայաստանին իր միջնորդական օգնությունը սահմանազատման հարցում։ Նախկինում, հիշեցնենք, երբ պաշտոնական Մոսկվան թվարկում էր այն հարցերը, որտեղ Վաշինգտոնն ու Մոսկվան չունեն տարաձյանություններ, միշտ հիշատակում էր նաև ղարաբաղյան խնդիրը և շեշտում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մոտեցումները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում համընկնում են:

Իսլնադիայի մայրաքաղաքում Բլինքենի և Լավրովի հանդիպումն առաջինն էր Ջո Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Այն անցել է ռուս-ամերիկյան հարաբերությունների լուրջ վատթարացման ֆոնին և իհարկե, միջազգային համար մեկ նորությունն է։ ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել էին Արկտիկայի խորհրդի ամենամյա նստաշրջանի շրջանակներում: Ե՛վ Բլինքենը, և՛ Լավրովը հանդիումը սկսելիս ընդգծել են, որ երկու երկրների միջև այսօր առկա են լրջագույն տարաձայնություններ, սակայն թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը համարում են, որ շփումները երկու երկրների կառավարությունների միջև պետք է շարունակել:

«Գաղտնիք չէ, որ մեր միջև տարաձայնություններ կան: Եվ երբ խոսքը վերաբերում է այդ տարաձայնություններին, ինչպես նախագահ Բայդենն ասել է նախագահ Պուտինին, եթե Ռուսաստանը ագրեսիվ գործի մեր, մեր գործընկերների, մեր դաշնակիցների դեմ, մենք կպատասխանենք։ Եվ նախագահ Բայդենը դա ցույց տվեց ինչպես խոսքով, այնպես էլ գործով», - նշել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը, այդուամենայնիվ, նաև շեշտել է, թե կան հարցեր, որոնց շուրջ Մոսկվան ու Վաշինգտոնը ակտիվ և արդյունավետ համագործակցում են, ու այդ համագործակցությունը անհրաժեշտ է շարունակել. «Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մեր շահերը համընկնում են մասամբ կամ ամբողջությամբ, և մենք կարծում ենք, որ այստեղ մենք կարող ենք միասին աշխատել՝ հենվելով այդ շահերի վրա. լինի դա COVID-19-ի և համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, Աֆղանստանը»:

Ռուսաստանի արտգործնախարարը նույնպես ընդգծել է, թե Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումները խիստ տարբերվում են շատ հարցերի շուրջ, բայց կան հարցեր, որոնց շուրջ երկու երկրների համագործակցությունը օգտակար է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլ ամբողջ աշխարհի համար։

«Միջազգային իրավիճակի մեր գնահատականները լուրջ տարբերվում են, տարբերվում են նաև մեր մոտեցումներն առ այն, թե ինչպես կարգավորել միջազգային ասպարեզում ծագած խնդիրները։ Մեր դիրքորոշումը շատ պարզ է. մենք պատրաստ ենք քննարկել առանց բացառության բոլոր հարցերը՝ միայն թե այդ քննարկումները պետք է լինեն ազնիվ, «սեղանի վրա» դրված փաստերով և, իհարկե, փոխադարձ հարգալից հիմքի վրա», - ասել է Լավրովը։

Ի դեպ՝ պաշտոնական Մոսկվան միշտ ընդգծում է, որ ուզում է խոսել Վաշինգտոնի հետ «հավասարը հավասարի» հետ սկզբունքով:

Ռուսաստանի արտգործնախարարը երեկվա երկու ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում նաև հայտարարել էր, թե Բլինքենի հետ զրույցը կառուցողական էր, և այժմ երկու կողմերն էլ առաջարկներ կպատրաստեն Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի ապագա հանդիպման համար: Թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը, հայտնի չէ։ Որպես հնարավոր ամսաթիվ ամերիկյան կողմը առաջարկել է հունիսի կեսը, իսկ դրա անցկացման հնարավոր վայրերի թվում են եղել Իսլանդիան և Շվեյցարիան:

XS
SM
MD
LG