Մատչելիության հղումներ

Ալիևն ընդունել է Լավրովին․ Բաքուն Մոսկվայից աջակցություն է ակնկալում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Երկուշաբթի օրն աշխատանքային այցով Բաքու է ժամանել Ռուսաստանի արտգործնախարարը։ Ադրբեջանի նախագահը նրան ընդունել է նույն օրը, իսկ այսօր նախատեսված են Սերգեյ Լավրովի բանակցությունները ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը և մի շարք կոշտ հայտարարություններ արել, իսկ Լավրովին ընդունելիս հայտարարել է, որ Բաքուն Մոսկվայից ակնկալում է աջակցություն, և ընդգծել, թե ռուս խաղաղապահները գտնվում են իր երկրի տարածքում։

«Ռազմական տեսանկյունից մենք կարող ենք իրավիճակը համարել արդեն նորմալ, բայց քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և ապագա փոխգործակցության այլ ասպեկտների տեսանկյունից իհարկե շատ անելիքներ կան։ Բնականաբար, ակնկալում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, ռազմավարական գործընկեր, հարևան երկիր, որի խաղաղապահներն այժմ գտնվում են Ադրբեջանի տարածքում, կշարունակի օգնել լարվածությունը նվազեցնելուն», - երեկ Լավրովին ընդունելիս ասել է Ալիևը։

Ի դեպ, մինչև Լավրովին ընդունելը Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ավելի վաղ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերթական կոշտ հայտարարություններն էր արել՝ մասնավորապես, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և այն քննարկելն անիմաստ է։ «Ես նորից եմ ուզում ասել այն, ինչ պատերազմից հետո բազմիցս ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը լուծեց այդ հակամարտությունը միայնակ՝ թե՛ ռազմի դաշտում և թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, նոյեմբերի [լույս] 10-ին ստորագրված փաստաթուղթը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է։ Ադրբեջանում գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր», - պնդել էր Ալիևը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Երեկ Ալիևի հետ հանդիպմանը Լավրովը քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին չի խոսել, սակայն ակնարկել է գերիների խնդրի մասին։ «Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետևանքները, կանխել ռազմագերիների, պատմական և կրոնական ժառանգության նկատմամբ չարաշահումները», - Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակն ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տրանսպորտային ապաշրջափակմանը։ Լավրովը մասնավորապես նշել է, որ եռակողմ հանձնաժողովն աշխատում է, մանրակրկիտ ուսումնասիրում է տարբեր երթուղիները, և եթե խնդիրը կարգավորվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը, հարավկովկասյան տրանսպորտային հաբը լուրջ դերակատարություն կարող է ունենալ ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։

Ալիևը երեկ հեռուստահարցազրույցում ասել է նաև, թե երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է, և որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը։

Ալիևի հետ հանդիպման ժամանակ Լավրովը խոսել է նաև հայ- ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին՝ ասելով, թե խնդիրը բարդ է, սակայն՝ լուծելի։

Հավելենք, որ արդեն Բաքվում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Մևլութ Չավուշօղլուի հետ Սերգեյ Լավրովը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկել է պաղեստինա-իսրայելական՝ վերջին օրերին սրված հակամարտությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG