Տարեմուտի իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով 2021 թվականի գալուստը, այն որակել է « նոր դարաշրջանի մեկնարկի, ազգային, պետական վերածննդի տարի»։
Փաշինյանը հույս է հայտնել, որ 44 օր ձգված պատերազմից հետո Հայաստանը և Արցախը կկառուցվեն նորովի: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը, ընդգծել է վարչապետը, ում հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» մեղադրում է արցախյան պատերազմի պարտության և հսկայական տարածքային և մարդկային կորուստների, ձախողումների համար։
«Մենք պետք է Հայաստանը կառուցենք նորովի, մենք պետք է Արցախը կառուցենք նորովի, մենք պետք է մեր լավատեսությունը կառուցենք նորովի, և ուզում եմ, որ 2021 թվականը սկսենք հենց այսպիսի տրամադրությամբ: Արցախի շուրջ, Հայաստանի շուրջ միջավայրը փոխվել է: Մեր կռիվն ու պայքարը նրա համար էր, որ միջավայրի նման փոփոխություն տեղի չունենա: Բայց այսօր կան իրողություններ, և մենք պիտի առերեսվենք այդ իրողությունների հետ, որովհետև իրավիճակը կառավարելու անհրաժեշտ նախապայման է սա: Քաոսի, խուճապի, վախի տրամաբանությունը պետք է հաղթահարվի րոպե առաջ, րոպե առաջ պետք է հաղթահարվեն բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են այսպիսի իրողությունների ծավալմանը: 2021 թվականի առաջին իսկ րոպեները պետք է դառնան այն զրոյական կետը, որից մենք սկսում ենք մեր ազգային նոր վերելքը»:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում նախնական տվյալներով՝ հայկական կողմը ավելի քան 3 հազար զոհ ունեցավ, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ, գերեվարված զինվորներ և խաղաղ բնակիչներ, Արցախը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։ Վարչապետը, 2020 թվականը որակելով դառնության տարի, ընդգծեց՝ Արցախի կարգավիճակը շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն, և այս ուղղությամբ շարունակաբար պետք է քաղաքական, դիվանագիտական ջանքեր գործադրվեն: Հրադադարի հայտարարությունում, որը ստորագրել են Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը, Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, իսկ պաշտոնական Բաքուն այդ հարցը փակված է համարում. «Ամանորյա այս երեկոյին մեր սրտերն ու մտքերը Արցախի մեր հայրենակիցների հետ են: Մեր սիրասուն Արցախը ապրում է չափազանց դժվար օրեր: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունն, իհարկե, անվտանգության էական երաշխիքներ է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների համար»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, մեկնաբանելով վարչապետի տարեվերջյան ուղերձը, ընդգծում է՝ հենց նրա կառավարման պատճառով Հայաստանը հասավ նման ելակետի, երբ պետք է ամեն ինչ սկսել զրոյից. «Ինքը երբ ընտրվում էր ժողովրդի կողմից, երբ որ հեղափոխություն էր, ու հեղափոխության այդ տրամադրությունները ժողովրդի ինչի՞ հետ էին կապված, ոչ թե զրոյից սկսելն է, այլ զարգացնել երկիրը, ավելի ժողովրդավարական դարձնել, պայքարել կոռուպցիայի դեմ, նույն Ղարաբաղի հարցով ավելի ուժեղացնել մեր անվտանգությունը: Ու ճիշտն ասած` շատ ցավում եմ, որ վարչապետը չկարողացավ կատարել այն խոստումները, որը տալիս էր այդ պայքարի ժամանակ` հեղափոխության, ու հիմա իրոք սկսում ենք զրոյից` բառիս բուն իմաստով: Շատ ցավով եմ դա ասում: Հարցը միայն անհաջողությունների հետ կապված չէ Արցախի մարտի դաշտում, նաև կապված է նրա հետ, որ 2.5-3 տարվա մեջ ոչ կարողացանք Սահմանադրությունը փոխել, ոչ էֆեկտիվ պայքարել կոռուպցիայի դեմ: Այ սա է, որ լուրջ մարտահրավեր է մեզ համար»:
Հայաստանին փոփոխություններ են անհրաժեշտ, բայց դրանից առաջ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս եզրահանգման է եկել միայն վերջերս՝ հատկապես Սյունիքում տեղի ունեցող վիճահարույց սահմանազատումներից, Ադրբեջանի ղեկավարության վերջին շրջանի տարբեր հայտարարություններից հետո. «Նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի մտնում սահմանի ճշտումը Սյունիքի հետ կապված, դա բանավոր է: Էլ ի՞նչ բանավոր բաներ կան, դա շատ կարևոր է, դրանից է կախված` պետք է ինքը հրաժարական տա, թե չտա: Լավ, ծայրահեղ ընդդիմությունը պահանջում է, նախկինները պահանջում են, ինձ հետաքրքիր չէ` ինչ են իրենք պահանջում: Ես որպես փորձագետ եմ ասում, ես ներքին գզվռտոցներով չեմ զբաղվում: Էլ ի՞նչ կա, որ մենք չգիտենք: Այ դրանից է կախված` մենք ինչ ենք պահանջելու, որ ինքը մնա՞, թե՞ ոչ: Բայց ամեն օր նոր սյուրպրիզ է գալիս ի հայտ»:
Անդրադառնալով իր, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած նոյեմբերի հայտարարությանը` Փաշինյանը կեսգիշերին խոսեց պատերազմի հետցնցումների մասին, որը, նրա խոսքով, բացի մարտականից, բարոյականից և հոգեբանականից, ունի նաև քաղաքական բնույթ, ասաց, որ պետք է աշխատել Հայաստանում, Արցախում, նրանց շուրջ կայունությունն ապահովելու ուղղությամբ: Իր առաջարկած զրոյական կետից սկսվող ազգային վերելքին հասնելու համար վարչապետը 4 գործողություն առաջարկեց։ Առաջինն անվտանգության նոր միջավայրի կահավորումն է, որի կարևորագույն բաղադրիչ վարչապետը համարում է բանակում բարեփոխումների մեկնարկը և անվտանգային հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը և այս համատեքստում անվտանգային նոր երաշխիքների ստեղծումը:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ չի պատկերացնում, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունների ամրապնդում ասելով։ Ռուսաստանի դերը տարածաշրջանում չափազանց մեծ է, և պետք է աշխատել այդ երկրի հետ. «Այն, որ պետք է աշխատել, ես չէ, որ պետք է ասեմ, բոլորս հասկանում ենք` Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում շատ մեծ է, շատ լուրջ է, բայց ժամանակը ցույց տվեց` չստեղծել այլընտրանքներ բերում է էլ ավելի մեծ աղետների: Այն, ինչ որ կատարվեց, մեկ պատճառ ունի, պատճառները շատ են, բայց գլխավորը մի պատճառ` մենք այլընտրանք չստեղծեցինք, ու պատերազմի ժամանակ այնպես ստացվեց, որ բոլորը մեր դեմ էին: Ադրբեջանը հակառակը ստեղծեց այլընտրանքներ, ուրեմն այլընտրանք ստեղծելը ճիշտ ճանապարհ է: Հիմա ի՞նչ է ուզում վարչապետն ասել, որ հրաժարվենք ընդհանրապես այլընտրանքների՞ց, ուրեմն հրաժարվում ենք անկախ պետականությունից, ուրեմն ինքը պարտավոր է դա ասել, որ հասարակությունը հասկանա: Գիտեք` մարդիկ շատերը չեն հասկանում, ես էլ չեմ հասկանում: Ես չեմ հավատում, որ ինքն ուզում է, որ մենք հրաժարվենք մեր անկախությունից»: