Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի համոզմամբ` միասնական, համբերատար պայքարը կտա «իր պտուղները պատմության երթում»


Արցախի նախագահը, Պարգև Սրբազանը Ամանորը դիմավորել են անհետ կորած զինծառայողների հարազատների հետ երթով` հասնելով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, որտեղ էլ պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների:

«2020 թվականը ծանրագույն կորուստների ու մարտահրավերների տարի էր հայ ազգի համար: Մենք կորցրեցինք հազարավոր անգին կյանքեր, որոնց հիշատակը հարգելու լավագույն ձևը նրանց առաքելությունն ու երազանքները շարունակելն է: Մենք պարզապես պարտավոր ենք շարունակել մեր նախնիների ու պատերազմում ընկած քաջորդիների գործը. թեև ծանր պայմաններում, սակայն միասնական, խելացի ու համբերատար պայքարը, համոզված եմ, կտա իր պտուղները պատմության երթում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավարը:

«Ուստի, թո՛ղ 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, թո՛ղ այն դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի, թո՛ղ բոլորիդ օջախները լինեն խաղաղ և կյանքով լեցուն՝ միշտ մեր սրտերում վառ պահելով հայոց սուրբ նահատակների հիշատակը և նրանց հանդեպ մեր պարտավորությունները: Խաղաղություն, վճռականություն ու ոգու տոկունություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG