Մատչելիության հղումներ

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա` աշխատել. պաշտպանության նախարարի ուղերձը


Արցախյան երկրորդ պատերազմը ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայոց զինվորի ու սպայի անկոտրում ոգին, անձնազոհության անչափելի աստիճանն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, իր տարեվերջյան ուղերձում նշել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Եվ մեզանից յուրաքանչյուրը, զինվորից մինչև գեներալ, այսօր և հավերժ պարտք ենք մեր բոլոր հերոսներին։ Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ զինվորից մինչև գեներալ, պարտավոր է վերադարձնել այդ պարտքը։

Մեզանից յուրաքանչյուրն այսուհետ պետք է ընդամենը մեկ առաքելություն ունենա` աշխատել։ Աշխատել ուժերի գերլարումով։ Աշխատել՝ միայն առաջ նայելով։ Աշխատել՝ մտքում ունենալով այն հստակ համոզմունքը, որ իրականացնում ենք ամենակարևոր առաքելությունը՝ հայրենիքի պաշտպանությունը։

Աշխատել՝ նախևառաջ ազնիվ լինելու ինքներս մեր առջև ու փորձելու հասկանալ, թե որտեղ թերացանք բանակաշինության կենսականորեն կարևոր և պատասխանատու գործընթացում։ Հասկանալու, խոստովանելու և ուղղելու այդ սխալները՝ այլևս միայն ու միայն ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար», - ասված է նախարարի ուղերձում։

Ըստ նրա` պետք է աշխատել՝ ստեղծելու հզոր ռազմարդյունաբերություն, որտեղից դուրս կգան վաղվա բանակի սպառազինության առանցքը կազմող գերժամանակակից ու գերարդյունավետ զինատեսակներ։

«Մեզ բոլորիս իսկապես շատ ծանր աշխատանք է սպասվում։ Բայց դա աշխատանք է, որի շնորհիվ մենք կունենանք շատ ավելի գրավիչ սոցիալական ու կենցաղային պայմաններ ծառայության համար, շատ ավելի ժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություն, շատ ավելի մարտունակ ստորաբաժանումներ, և, որպես վերջնարդյունք, շատ ավելի հզոր բանակ, բանակ, որի մասին երազում է մեզանից յուրաքանչյուրը։

Առավել քան վստահ եմ, որ մենք կարող ենք անցնել այդ դժվարին, բայց կենսականորեն կարևոր ճանապարհը։ Իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ են հավատ, ուժ և միասնականություն։

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ շարքայինից մինչև գեներալ, կգործադրի հնարավոր առավելագույն ջանք՝ մեզ բոլորիս, ողջ հայությանը միավորող կարևորագույն գաղափարի՝ Հայրենիքի անվտանգության ու պաշտպանության սրբազան առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։

Եվ ուրեմն՝ ի գործ։ Ի գործ՝ հանուն մեր հերոսացած ընկերների անմահ հիշատակի։ Ի գործ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի», - շեշտել է նախարար Հարությունյանն իր ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG