Տարեմուտից քաղաքացիների մեծ հոսքը Եռաբլուր զինվորական պանթեոն չի դադարում, զավակներ կորցրած մարդկանցից զատ, պատերազմում ընկած տղաներին են այցելում նաև բազմաթիվ այլ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու։
«Ահավոր վատ զգացողություն է, շատ վատ,այս ինչ հարված էր, ես չեմ պատկերացնում, խոսքեր էլ չեմ գտնում: Նայում ես, ահավոր վիճակ է, սաղ ջահել` 19-20», - ասում է քաղաքացիներից մեկը:
Պատերազմը Սուսաննա Պողոսյանից հարազատ մարդկանց է խլել, Եռաբլուր հաճախ է գալիս, ասում է՝ այստեղ լսելի են տղաների ձայները. «Ես որ մտնում եմ այստեղ, ինձ թվում է` խոսում են տղաները, չես կարողանում, մի պահ թվում է, որ երևի երկնքում ես ու լսում ես իրենց ցանկացածի ձայնը»:
Կնոջ խոսքով` պետք է ապրել այնպես, որ արժանի լինել զոհվածներին ու նրանց շիրիմներին. «Բաց ճակատով կարողանանք գանք էստեղ ու խոնարհվենք ցանկացածի առաջ, շնորհակալ լինենք ցանկացածին: Ինձ թվում է, որ այստեղ բոլորը մեր երեխեքն են, հարազատ են, թե հարազատ չեն, բոլորը մերն են, բոլորի դեմքերից նույն հայացքներն է, որը կարծում եմ` ամբողջ մեր կյանքում մեզ, չգիտեմ այդ բառն ասեմ, ուժ կտա ապրել, թե չէ»:
44 օր տևած պատերազմն ավելի քան 3000 մարդու կյանք խլեց: Իր երկու որդիների հետ Եռաբլուր եկած Կարեն Ղազարյանը բառեր չի գտնում նկարագրելու իր հույզերը. «Ուղղակի պետք ա զգաս, էստեղ լինես, հարգես, ոչ մի ձև բառերով անհնար է նկարագրել, թե ինչ ես զգում»:
Տղաները զոհվեցին, որ մենք ապրենք, ասում է տղամարդը. «Հերոսներն ընկան հանուն նրա, որ մենք ապրենք, ամբողջ կյանքում մենք պետք է երախտապարտ լինենք նրանց»:
Ղազարյանի կարծիքով՝ զոհվածները կցանկային, որ 2021-ը լիներ համերաշխության, խաղաղության տարի. «Ինձ չի թվում, որ ինչ-որ գիտակից մարդ ուրիշ բան կարա առաջնային, խաղաղություն, միասնականություն, որ իրենց զոհվելն իզուր չլինի»:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած Մագի Ավետիսյանի խոսքով էլ` տղաները կուզեին, որ սփյուռքի հայերը հայրենիք վերադառնան. «Ես կուզեի, որ բոլոր հայերը միանան իրար հետ և մտածեն, ասենք թե հարյուր-հազար կիլոմետր դուրս ենք, պետք է գանք էստեղ, մի ձևով օգնենք»:
Անկեղծանում է՝ շատ բարդ է զավակներ կորցրածների զգացածը հասկանալ. «Որ լսում եմ` ընտանիքները լացում են, էտ ժամանակ ուժեղը գալիս է մեջս, հավատացյալ մտածելով` այնպես եմ զգում, որ Աստվածը կողքս է, կամ երեխեքի հոգիները կողքս են, ուժող էներգիան գալիս է վրաս, և զգում եմ, որ էստեղ եմ»: