Մատչելիության հղումներ

Խաղաղություն, զինվորներին բարի վերադարձ. արցախցի երեխաների խնդրանքը Ձմեռ պապին


Սկուտեր, հեծանիվ, նկարչական պարագաներ, լեգոներ, տիկնիկներ... Արցախի երեխաներն ամենատարբեր նվերներ են խնդրել Ձմեռ պապիկից, սակայն մեկ բանում նրանց ցանկությունը համընկնում է՝ բոլորը խաղաղություն են ուզում. «Աշխարհին խաղաղություն, զինվորներին էլ` բարի վերադարձ»:

9-ամյա Լուիզան հիշում է՝ Քաշաթաղի իրենց տանն ամեն տարի դեկտեմբերի 31-ին եղևնին էին զարդարում, սեղան գցում. «Մեր տունը մեծ էր, կեսը սարքած չէր, 2 սենյակ էր սարքած: Մեկում տատիկ-պապիկն էին քնում, մեկում` ես, մամաս, պապաս, ապերս ու քուրիկս: Տունն եմ կարոտում, այգին եմ կարոտում, էնտեղի բնությունն եմ կարոտում ու դպրոցը»:

Լուիզան Ձմեռ պապիկից նկարչական պարագաներ է խնդրել, քրոջ՝ Լիլիանի համար մոլբերտ, աղջնակը նաև ցանկանում է իր սիրելի երգիչներին հանդիպել. «Միհրան Ծառուկյանին ու Արփի Գաբրիելյանին:

Քույրիկս շատ սիրուն ա նկարում, ես էլ եմ ուզում իր նման նկարել»:

Երրորդ դասարանում սովորող Տիգրանն իր հասակակից արցախցիների շրջանում լավագույն շախմատիստն է, նա արդեն վերադարձել է տուն՝ Մարտունի. «Ես որ չորս տարեկան եմ եղել, խաղաքարարերի անուններն անգիր սովորել եմ, որ 5 եմ դարձել, գնացել եմ շախմատի պարապմունքի»:

Տիգրանը հարցազրույց տալու պահին էլ խաղի մասին չի մոռանում, համ հարցերին է պատասխանում, համ իր հերթական քայլը անում. «Գնացել էինք Երևան, այնտեղ շախմատի պարապմունքի եմ գնացել, դասերս եմ արել, խաղացել եմ: Շախմատի գիրք են տվել, մի 100 քանի խնդիր արդեն լուծել եմ»:

Տիգրանն ուզում է, որ էլ պատերազմ չլինի, սա նրա ամենամեծ ամանորյա ցանկություն է, բայց Ձմեռ պապիկն այլ նվեր էլ պետք է պատրաստի իր համար. «Ես շատ եմ սիրում սպորտը, սպորտային հեծանիվ եմ ուզում»:

Երիտասարդ շախմատիստի նպատակն աշխարհի չեմպիոն դառնալն ու գործող չեմպիոն, իր սիրելի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ խաղալն է, նրա պարտիաններն ուսումնասիրում է: Դե Մագնուս, պատրաստվիր:

«Ուզում եմ, որ դառնամ աշխարհի չեմպիոնը: Խաղաղություն եմ ցանկանում, մեկ էլ ուզում եմ, որ լավ լինի»:

Քարվաճառում մեծացած 9-ամյա Գևորգը մի քիչ քաշվում է տեսախցիկից, բայց Ձմեռ պապիկից իր այս տարվա ակնկալիքները ի լուր բոլորի հայտնում է. «Ես սամակատ եմ ուզում, որ տանը զբաղվեմ, չէ տանը չէ, դուրսը»:

Գևորգն ուզում է ֆուտբոլիստ դառնալ, սակայն սիրելի խաղացողի հարցում դեռ չի հասցրել կողմնորոշել , երկրպագում է «կարմիրների թիմին»` «Բարսելոնային»:

Գևորգի քույր Անին արդեն ուսանող դառնալու շեմին է. գիտի իր հինգ քույրերի և եղբայրների բոլոր ցանկությունները. «Փոքր եղբայրս շատ-շատ ուզում էր հեծանիվ ունենալ, դե հեծանիվը մաման առել էր, մնացել է էլի Ղարաբաղում, հիմնական իրեր չենք հանել Ղարաբաղից: Դրա համար ամեն ինչ մնացել է, իր հեծանիվն էլ, դրա համար է շատ մտածում: Դե նամակ է գրել Ձմեռ պապիկին, սամակատ է ուզել, ոչ թե հեծանիվ, մտածել է ավելի փոքր նվեր ուզի: Քույրերս մեկը գիրք է ուզում, մեկը հեռախոս է ուզում, տարբեր պարագաներ են ուզում, իրենց երազանքները շատ են»:

Ինքն ուզում է անձնական գրադարան ունենալ` սիրելի գրքերը խնամքով դասավորելու համար. «Իմ ցանկացած գրքերը, որոնք ես ուզում եմ գնել, բերեմ, դասավորեմ»:

Այս օրերին Ձմեռ պապիկին նամակներ են գրում բազմաթիվ արցախցի երեխաներ՝ ամենատարբեր ակնկալիքներով։

«Ուզում եմ խնդրել, որ աշխարհին խաղաղություն բերես, թող բոլոր զինվորները ողջ առողջ տուն գան։ Ես ապրում եմ Արցախում ուզում եմ ինձ համար մի հետաքրքիր խաղ կամ տիկնիկ բերես։ Իմ եղբայրը 10 տարեկան է, նրա համար էլ մի նվեր բեր», - գրել է փոքրիկներից մեկը։

Մեկ ուրիշ փոքրիկ էլ գրել է. «Մենք նյութական նվեր չենք ուզում, միայն ուզում ենք ապրել խաղաղ երկնքի տակ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG