Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակի վեց թեկնածու, այդ թվում՝ Լուկաշենկոն և Բաբարիկոն


Բելառուս - Ազատազրկված ընդդիմադիրների հետ համերաշխության շղթա Գրոդնոյում, 26-ը հունիսի, 2020թ.
Բելառուս - Ազատազրկված ընդդիմադիրների հետ համերաշխության շղթա Գրոդնոյում, 26-ը հունիսի, 2020թ.

Բելառուսի նախագահ պաշտոնի համար պայքարը կշարունակեն վեց թեկնածուներ՝ այդ թվում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և կալանքի տակ գտնվող Վիկտոր Բաբարիկոն, ով համարվում է երկրի անփոփոխ նախագահի գլխավոր հակառակորդը:

Նախօրեին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է ի աջակցություն թեկնածուների հավաքված ստորագրությունները: Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ է առնվազն 100 հազար վավեր ստորագրություն: Ստուգումների արդյունքում այդ շեմը հաղթահարել են վեց քաղաքական գործիչներ:

Լուկաշենկոյին աջակցություն է հայտնել, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 2 միլիոն մարդ՝ սա Բելառուսի բնակչության ավելի քան 20 տոկոսն է, «Բելգազպրոմբանկ»-ի արդեն նախկին ղեկավար Բաբարիկոյին աջակցություն հայտնած ավելի քան 400 հազար ստորագրություններից վավեր է ճանաչվել շուրջ 165 հազարը: Նախագահական ընտրություններում պայքարը կշարունակեն նաև ընդդիմադիր նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, գործարար Սերգեյ Չերեչենը, քաղաքացիական ակտիվիստ Անդրեյ Դմիտրիևը և կալանքի տակ գտնվող հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:

Ամենայն հավանականությամբ, ընտրապայքարից դուրս կմնա մեկ այլ ընդդիմադիր թեկնածու՝ նախկին դիվանագետ, Միացյալ Նահանգներում Բելառուսի նախկին դեսպան Վալերի Ցեպկալոն՝ նրա օգտին հավաքված ստորագրություններից վավեր է ճանաչվել 100 հազարից պակասը, Ցեպկալոն պատրաստվում է վիճարկել ստուգումների արդյունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես հաղորդվում է, նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը պատրաստվում է հաստատել առաջիկա շաբաթներին:

Օգոսոտոսի 9-ին Բելառուսում նախատեսված նախագահական ընտրությունը, որին վեցերորդ անգամ է մասնակցում Ալեքսանդր Լուկաշենկոն, դարձել է վերջին երկու տասնամյակներին ամենաակտիվ քաղաքական գործընթացը երկրում: Անցած 25 տարիների ընթացքում երկրի անփոփոխ առաջնորդին հաջողվել է հեշտությամբ հաղթել նախագահական պայքարում՝ ներկայանալով որպես միակ թեկնածու, ով ի վիճակի է կայունություն ապահովել: Այս անգամ, սակայն, Լուկաշենկոն բախվել է դժգոհությունների ոչ միայն երկրում առկա տնտեսական լճացման պատճառով, այլ նաև՝ կորոնավիրուսի դեմ ակտիվ պայքարի բացակայության: Բելառուսը եզակի երկրներից է, որ հրաժարվել է հակահամաճարակային կոշտ սահմանափակումների դիմել վարակի տարածումը կանխելու համար, ինչի հետևանքով ավելի քան 62 հազար մարդ վարակվել է, մոտ 400-ն էլ՝ մահացել: Փորձագետները պնդում են, որ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը։

Եվ ահա համաճարակի տարածման ֆոնին, երբ երկրով մեկ սկսվեցին բողոքի ակցիաներ, տարբեր մեծ ու փոքր քաղաքներում մարդիկ փողոց են դուրս գալիս «Հոգնել ենք Լուկաշենկոյից» վանկարկումներով: Չնայած վարակի վտանգին, անցած շաբաթներին հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնում՝ իրենց ստորագրությունները թողնելու ընդդիմադիր թեկնածուների օգտին, ինչն ուղեկցվում էր իշխանական կոշտ հակազդեցությամբ:

Անցած ամիս ձերբակալվել են երկրով մեկ չմարող բողոքի ակցիաների մասնակից շուրջ 360 ընդդիմադիր ակտիվիստներ։ Կալանքի տակ է նաև Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը համարվող Վիկտոր Բաբարիկոն, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում ղեկավարել է ռուսաստանյան «Բելգազպրոմբանկ»-ը։ Նա մեղադրվում է փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ:

Բելառուսական և արևմտյան մամուլի համաձայն՝ Բաբարիկոն վայելում է Մոսկվայի աջակցությունը, Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախկին բանկիրը նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերը քննարկել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բաբարիկոն կտրականապես հերքում է:

Կալանքի տակ գտնվող նախագահի թեկնածուն և նրա որդին, ինչպես նաև նախընտրական պայքարից դուրս մղված և այժմ ճաղերի ետևում գտնվող Սերգեյ Տիխանովսկին ու իր ութ աջակիցները խղճի բանտարկյալներ են, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ շեշտելով, որ ընդդիմադիրները ձերբակալվել են ապօրինաբար, միայն նրա համար, որ փորձել են իրենց քաղաքացիական իրավունքները խաղաղ կերպով իրականացնել: Միջազգային կառույցը տարածած հայտարարությամբ Լուկաշենկոյի վարչակազմին կոչ է անում վերջ տալ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումներին և այլ բռնաճնշումներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG