Մատչելիության հղումներ

Կրեմլը պահանջել է Մինսկից լիազորությունների մոտ 95 տոկոսը փոխանցել վերազգային մարմնին


Ռուսաստան - Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն եղևնի են տնկում Ռժևի Հիշատակի պուրակում, 30-ը հունիսի, 2020թ.

Ռուսաստանն ու Բելառուսը փոխըմբռնման են եկել գազի գնի ձևավորման շուրջ, հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպանը՝ նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի երեկվա հանդիպումից հետո։ Դիվանագետը չի հստակեցրել՝ այդ փոխհամաձայնությունը գնային ինչ տեսք է ունենալու, փոխարենը պնդել է, թե կողմերը պայմանավորվել են է’լ ավելի խորացնել ինտեգրացիոն գործընթացները։

«Երեկ տեղի է ունեցել կարևոր իրադարձություն՝ հանդիպել են Ռուսաստանի ու Բելառուսի էներգետիկայի նախարարները, եղել են նաև ներկայացուցիչներ դեսպանություններից, ինչպես նաև «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Եվ իմ տպավորությամբ՝ կողմերը փոխհամաձայնության եկան, որ պետք է առաջ շարժվել գազի միասնական շուկա ձևավորելու ուղղությամբ», - ասել է դեսպան Վլադիմիր Սեմաշկոն, հավելելով՝ մինչև այս տարեվերջ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության նախարարների խորհրդի նիստ կանցկացվի, և կվերսկսվեն քննարկումները ինտեգրացիայի «ճանապարհային քարտեզների շուրջ»։

Մի քանի ամիս է՝ Բելառուսի նախագահը դժգոհում է ռուսական նավթի ու գազի գներից և հորդորում է Կրեմլին իջեցնել դրանք՝ հաշվի առնելով դաշնակցային հարաբերությունները, կորոնավիրուսի համաճարակը, ինչպես նաև էներգակիրների գնանկումը միջազգային շուկաներում։

Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ վերջին նիստի ժամանակ պնդել էր, թե գազի միասնական գինը կարող է գործել միայն առավել խորը ինտեգրացիայի՝ միասնական բյուջեի ու հարկային համակարգի պայմաններում։

Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերթին, մինչ օրս մերժում է Կրեմլի առաջադրած այս նախապայմանները՝ պնդելով, թե դրանով Բելառուսը կորցնելու է ինքնիշխանությունն ու անկախությունը։

Բելառուսի դեսպանն, ի դեպ, այսօր որոշ մանրամասներ է հաղորդել ինտեգրացիայի շուրջ երկկողմ բանակցություններից ու պնդել՝ անցած տարի ներկայացված տարբերակներից մեկով Կրեմլը պահանջել է Մինսկից լիազորությունների մոտ 95 տոկոսը փոխանցել վերազգային մարմնին։

«Նախագահ լուկաշենկոն ինձ հրավիրեց, ներկայացրեց, ես ասացի՝ սա նշանակում է ամբողջությամբ հանձնվել... Այդ ծրագրով ենթադրվում էր ամեն ինչ վերևներին փոխանցել, բացառությամբ մեկ-երկու տարրի, ասենք՝ ոստիկանության», - պատմել է դեսպան Սեմաշենկոն։

Ինքը Բելառուսի նախագահը Պուտինի հետ երեկվա հանդիպումից դեռ մանրամասներ չի հայտնել։

XS
SM
MD
LG