Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածուն որդու հետ տեղափոխվել է հարցաքննության


Բելառուսում նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկո, արխիվ

Հայտնի է դարձել, թե որտեղ է գտնվում Բելառուսի նախագահի «անհետացած» թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավարը որդու հետ տեղափոխվել է հարցաքննության, հայտնել է «Բելառուս 1» հեռուստաալիքը:

Քննչական գործողությունները իրականացնում է պետական վերահսկողության ֆինանսական դեպարտամենտը։ Առավոտյան բելառուսական մամուլը գրել էր, որ Լուկաշենկոյի ամենալուրջ մրցակիցը որդու հետ միասին անհետացել է։ Վիկտոր Բաբարիկոյի որդին՝ Էդուարդ Բաբարիկոն գլխավորում է նրա նախընտրական շտաբը։ Հետաքրքիր է, որ չնայած անթաքույց ճնշումներին, այդ թվում նաև երկրի ղեկավարի կողմից, Վիկտոր Բաբարիկոյին հաջողվել է այսօր հանձնել անհրաժեշտ ստորագրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Ալեքսնադր Լուկաշենկոն և «Գազպրոմ»-ի նախկին թոփ մենեջեր Վիկտոր Բաբարիկոն հանձնել են արդեն ըտրություններին գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրությունները, ընդ որում Բաբարիկոն հայտնել էր ավելի վաղ, որ 100 հազար ստորագրության փոխարեն իր թիմը հավաքել է շուրջ 400 հազար ստորագրություն, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանա չգրանցել նրան որպես նախագահի թեկնածու։

Երեկ՝ հունիսի 17-ին, Բելառուսի իշխանությունները արգելափակել էին Վիկտոր Բաբարիկոյի ընտրական հաշիվները: Ընդ որում, իշխանությունները ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրել արգելափակման պատճառների մասին: Ընդհանուր առմամբ, հաշվի վրա եղել է ավելի քան 100 հազար բելառուսական ռուբլի (մոտ 40 հազար դոլար): Բելառուսի օրենսդրության համաձայն՝ թեկնածուի ընտրարշավը կարող է ֆինանսավորվել բացառապես նման հաշվից։

Հիշեցնենք՝ «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն, բելառուսական և արևմտյան մամուլի համաձայն, վայելում է Մոսկվայի աջակցությունը, իսկ «Բլումբերգ»-ը նույնիսկ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ նա նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերը քննարկել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բաբարիկոն սա հերքում է:

Բելառուսը 1994 թվականից ղեկավարող Լուկաշենկոն իր հերթին հայտարարել էր, որ նախագահական ընտրություններին կարող է մասնակցել ռուսաստանցի օլիգարխ, սակայն հավելել էր, որ ընտրություններից չի վախենում, և Մինսկում «մայդաններ» չեն լինելու։

Մոսկվան, իհարկե, հերքում է կապը Բաբարիկոյի հետ, ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններն էլ դեռ չեն անդրադառնում Բելառուսում ստեղծված իրավիճակին: Երեկ, հիշեցնենք, ի պաշտպանություն «Գազպրոմ»-ի նախկին թոփ մենեջերի հանդես էր եկել նաև Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը: Դեսպանն իր մտահոգություն էր հայտնել օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Բելառուսում քաղաքական հետապնդումների կապակցությամբ և կոչ էր արել պահպանել օրինականությունը և Բելառուսի նախագահի պաշտոնի հավակնորդ Վիկտոր Բաբարիկոյի գործունեության հետ կապված թափանցիկ հետաքննություն անցկացնել։

Բելառուսում հետաքննություն է ընթանում Վիկտոր Բաբարիկոյի դեմ: «Բելգազպրոմբանկ»-ի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, 15 մարդ ձերբակալվել է, քրեական գործեր են հարուցվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման և առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածներով: Բայց Բաբարիկոն հայտարարում է, որ նույնիսկ եթե իրեն ձերբակալեն, չի հրաժարվելու նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրությունից և նախընտրական պայքարը կիրականացնի տեսակապի միջոցով:

XS
SM
MD
LG