Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է երկրում «մայդանի պլան» տապալելու մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, 19 հունիսի, 2020թ.

Նախընտրական իրավիճակը Բելառուսում թեժանում է: Առնվազն երկու ընդդիմադիր թեկնածու այս պահին ձերբակալված է, այդ թվում` բելառուսական և արևմտյան մամուլի համաձայն Մոսկվայի աջակցությունը վայելող թեկնածուն: Երկրի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում անցնում են մարդաշատ բողոքի ակցիաներ, 1994թ.-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարում է, որ իրենց հաջողվել է երկիրը ապակայունացնող մայդան կանխել:

Այսպես, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր Վիկտոր Բաբարիկոյի ձերբակալության մասին հարցին պատասխանելիս հայտարարել է, թե համարում է դա Բելառուսի ներքին հարցը և ասել, որ Ռուսաստանը չի միջամտում հարևան երկրի ներքին գործերին: Ի դեպ, սրան զուգահեռ հայտնի է դարձել, որ Բելառուսի նախագահը մասնակցելու է հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին և մասնակցելու է ընտանիքի հետ միասին: Ավելի վաղ Լուկաշենկոն այսօր հայտարարել է. - «Մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է որոշ քայլեր անել և տապալել Բելառուսի ապակայունացման մասշտաբային պլանը: Սա կատակ չէ, ես չեմ վախեցնում: Կար երկիրն ինչ-որ մայդանի բերելու պլան, որը մենք տապալել ենք: Այդպիսի նպատակ կար»:

Նա իր խոսքում հերթական անգամ ակնարկել է, որ Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու պլաններ ունեն ոչ միայն երկրի ընդդիմադիրները, այլ նաև երկրից դուրս այդ ընդդիմադիրներին սատարողները: Իհարկե, Լուկաշենկոն չի ասել, որ խոսքը Ռուսաստանի մասին է:

Երեկ երեկոյան Մինսկում անցկացվել է մարդաշատ բողոքի ակցիա: Օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուների աջակիցները Մինսկի կենտրոնական Անկախության պողոտայում համերաշխության շղթա էին կազմել` բողոքելով «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր Վիկտոր Բաբարիկոյի, ընդդիմադիր բլոգեր Սերգեյ Տիխանովսկու, քաղաքական գործիչներ Պավել Սեվերինեցի և Նիկոլայ Ստատկևիչի ձերբակալությունների դեմ: Բողոքի ակցիան չնայած անձրևին տևել է 6 ժամ և ավարտվել է կեսգիշերից հետո: Ակցիայի մասնակիցներին ակտիվ ողջունում էին նաև վարորդները:

Նախագահական քարոզարշավը Բելառուսում ուղեկցվում է իշխանությունների կողմից բռնաճնշումներով, ձերբակալություններով և սրա հետ մեկտեղ ընդդիմադիր թեկնածուների օգտին զանգվածային ակցիաներով, ընդ որում ոչ միայն մայրաքաղաք Մինսկում, այլ նաև մյուս քաղաքներում ևս:

Այսօր վերջին օրն է, երբ Բելառուսի նախագահի պոտենցիալ թեկնածուները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները: Երեկ, հիշեցնենք, ձերբակալվել էր այս ընտրություններին գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը համարվող` Վիկտոր Բաբարիկոն: «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավարը և նրա որդին` Էդուարդ Բաբարիկոն, ով նաև հոր նախընտրական շտաբի ղեկավարն է, Բելառուսի ազգային վերահսկողության կոմիտեի մեկուսարանում է: Պաշտոնապես հաղորդագրության համաձայն` նրանց ձերբակալել են վկաների վրա ազդելու և հանցանշանները թաքցնելու փորձի պատճառով: Կոմիտեի ղեկավարը Բաբարիկոյին անվանել է «անօրինական գործունեության անմիջական կազմակերպիչը» «Բելգազպրոմբանկ»-ում: Ավելի վաղ Բաբարիկոյի, ինչպես նաև բանկի աշխատակիցների դեմ քրեական գործեր էին հարուցվել:

Այդուամենայնիվ, Բաբարիկոյին երեկ հաջողվել է մինչև ձերբակալությունը ԿԸՀ ներկայացնել ստորագրությունները, ընդ որում 100 հազար ստորագրությունների փոխարեն նա ներկայացրել է 400 հազարից ավելին: Դա, սակայն, դեռ չի երաշխավորում նրա գրանցումը, քանի որ ԿԸՀ-ն կարող է անվավեր ճանաչել ստորագրությունները:

Ստորագրությունները մտադիր են ներկայացնել նաև Լուկաշենկոյի այլ ընդդիմախոսներ, մասնավորապես Տիխանովսկու կինը` Սվետլանան, ով որոշել է նախագահական ընտրություններին մասնակցել ձերբակալված ամուսնու փոխարեն: Հունիսի 11-ին քրեական գործ էր հարուցվել «Բելգազպրոմբանկ»-ի գործող և նախկին աշխատակիցների դեմ: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, Բելառուսի նախագահն ակնարկել է, որ Բաբարիկոյին աջակցում են ռուս օլիգարխները: «Բլումբերգը» գրել էր, որ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշումը «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր Բաբարիկոն քննարկել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բաբարիկոն սա հերքել է, ինչպես նաև ավելի վաղ հայտարարել, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, կշարունակի իր նախընտրական քարոզարշավը:

XS
SM
MD
LG