Մատչելիության հղումներ

Բելառուսում քրեորեն հետապնդվում է նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրություն հայտնած նախկին բանկիրը


«Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկո

Մեկ ամիս առաջ «Գազպրոմին» պատկանող բանկի ղեկավարը հրաժարվել էր պաշտոնից` հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Սրան հետևում են բանկում խուզարկություններ և ձերբակալություններ:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ նախագահական հավակնություններ ունեցող նախկին բարձրաստիճան կառավարչի դեմ քրեական գործ է հարուցվել` պետությանը հսկայական վնաս հասցնելու մեղադրանքով: Իշխանությունը նաև պնդում է, որ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա:

Բելառուսի իշխանությունները «Բելգազպրոմբանկում» աղմուկ հանած խուզարկությունների հետո բանկի կառավարչի պաշտոնում իրենց թեկնածուին են նշանակել: Բանկում, որը ղեկավարում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքական մրցակիցը, ժամանակավոր ադմինիստրացիա է նշանակվել: Դրան նախորդել էր հանցավոր եկամուտների օրինականացման և հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական գործերի հարուցումը: Բանկի նկատմամբ վերահսկողությունն անցել է Բելառուսի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Նադեժդա Երմակովային:

Բելառուսի ազգային բանկի տարածած հաղորդագրության համաձայն, ժամանակավոր վարչակազմը բանկում ներդրվել է ավանդատուների և վարկատուների շահերի պաշտպանության և բանկի ֆինանսական վիճակի վատթարացումը թույլ չտալու նպատակով: Այս բանկը պատկանում է ռուսաստանյան «Գազպրոմին» և «Գազպրոմբանկին»: Դրա նախկին ղեկավարը Վիկտոր Բաբարիկոն է, ով ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: PBK-ին տված հարցազրույցում Բաբարիկոն թոփ մենեջերների ձերբակալություններն անվանել է պետության կողմից ռեյդերական հարձակում:

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էսմոնտը հերքել է, թե խուզարկություններն ու ձերբակալությունները քաղաքական ճնշում են Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցակցի նկատմամբ: «Առգրավվել են հսկայական գումարներ, արժեթղթեր, ոսկի, թանկարժեք նկարներ, ձերբակալված թոփ մենեջերները խոստովանական ցուցմունքներ են տալիս, այդ թվում` Բաբարիկոյի դեմ», - հայտարարել է Լուկաշենկոյի խոսնակը:

«Բելգազպրոմբանկում» ձերբակալությունների մասին հայտնի է դարձել հունիսի 12-ին, իսկ ուղիղ մեկ ամիս առաջ Բաբարիկոն լքել էր բանկի ղեկավարի պաշտոնը և հայտարարել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ ասել էր, թե հետաքննությունը սկսվել էր դեռ 2016 թվականին, և ոչ թե Բաբարիկոյի քաղաքական գործունեությունն է քննչական գործողությունների առիթ հանդիսացել, այլ հակառակը` Բաբարիկոն հետապնդումից խուսափելու նպատակով է հայտարարել նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:

«Որովհետև հասկացավ, որ կգան ու ձեռնաշղթաներ կհագցնեն: Իսկ մեզ մոտ հիմա ձեռնտու է քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի առիթ լինի հայտարարելու խղճի բանտարկյալ դառնալու մասին», - ասել է Լուկաշենկոն` անգամ երդվելով, որ այս գործում քաղաքական ճնշում չկա:

«Գազպրոմբանկը» և «Գազպրոմը» Բելառուսի ազգային բանկի գործողությունները բանկի ղեկավարության փոփոխության վերաբերյալ անօրինական են անվանել: «Գազպրոմի» հաղորդագրությունում նշված է, որ «Բելգազպրոմբանկի» բաժնետերերը կօգտագործեն բոլոր իրավական միջոցները իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայանալու են օգոստոսի 9-ին: Առաջադրվելու է նաև գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հունիսի սկզբին նա հայտարարել էր, որ թեկնածուներից մեկը կարող է լինել ռուսաստանցի օլիգարխ, սակայն չի հստակեցրել, թե ում մասին է խոսքը:

«Բլումբերգ» գործակալությունը, վկայակոչել երկու աղբյուր, գրել է, որ Բաբարիկոն ռուս պաշտոնյաների հետ քննարկել է ընտրություններում առաջադրվելու իր ծրագրերը: Ինքը Բաբարիկոն գործակալությանը հայտնել է, թե ռուս պաշտոնյաներին ոչ մեկի հետ նախագահական ընտրություններին մասնակցելու իր ծրագրերը չի քննարկել:

Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանում ընդհանրապես օլիգարխներ չկան:

XS
SM
MD
LG