Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պնդում է՝ Ռուսաստանի և Լեհաստանի որոշ կառույցներ միջամտում են նախագահական ընտրություններին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ Ռուսաստանի և Լեհաստանի որոշ կառույցներ միջամտում են օգոստոսին նախատեսված նախագահական ընտրություններին, որն արդեն դարձել է երկրում ամենաակտիվ քաղաքական գործընթացը վերջին երկու տասնամյակների ընթացքում:

Հինգշաբթի օրը՝ մի շարք երկրներում Բելառուսի նորանշանակ դեսպանների հետ հանդիպմանը, Լուկաշենկոն հայտարարել է, թե իր ընդդիմախոսների մեջքի հետևում արտաքին ուժեր են կանգնած: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ հիմնական շեշտը դրվում է իր և իր ընտանիքի մասին կեղծ լուրեր տարածելու վրա։

«Սարսափելի ֆեյքեր են տարածվում, կեղծ փաստաթղթեր են հրապարակում, թե իբր իմ որդին շվեյցարական բանկում 840 միլիոն դոլար ունի։ Այս բոլոր կեղծ լուրեր տարածողների հետևում կանգնած տիկնիկավարները կամ Լեհաստանում են, կամ էլ Ռուսաստանում», - հայտարարել է Բելառուսի նախագահը` մեղադրանքների սլաքն ուղղելով դեպի Մոսկվա։

«Ի դեպ, դա տարածում են «բաբիչյան» կառույցների ռուսաստանյան ազնվականների կողմից»,- հավելել է Լուկաշենկոն` նկատի ունենալով Բելառուսում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Բաբիչին, ով բելառուսական իշխանությունների հասցեին մի շարք աղմկահարույց հայտարարություններից հետո 2018 թվականին ետ է կանչվել:

«Այդ մասին մենք նախագահ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը կխոսենք», - նշել է նա։

Դաշնակից Ռուսաստանը մինչդեռ կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, շտապելով արձագանքել հարևան Մինսկից հնչող հայտարարություններին, հավաստիացրել է, թե Ռուսաստանը երբեք չի միջամտել և ոչ էլ պլանավորում է միջամտել այլ երկրների ընտրություններին, հավելելով, որ Լուկաշենկոն պետք է մեղադրանքները փաստող ապացույցներ մատնանշի: Պեսկովը պատմել է, որ երկու օր առաջ Մոսկվա ժամանած Բելառուսի առաջնորդը ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել «բարի հայտարարություններով»:

Օգոստոսին նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ Բելառուսի իշխանությունները բռնաճնշումներ են սկսել ընդդիմության նկատմամբ՝ ձերբակալելով երկրով մեկ չմարող բողոքի ակցիաների մասնակից շուրջ 360 ընդդիմադիր ակտիվիստների: Նրանց թվում է նաև հայտնի բլոգեր Սերգեյ Տիխոնովսկին, ով ստորագրահավաք էր նախաձեռնել կնոջ թեկնածությունը առաջադրելու համար: Տիխոնովսկու կինը ահազանգում է իր և երեխաների նկատմամբ սպառնալիքների մասին:

Անցած շաբաթ Բելառուսում ձերբակալվեց նաև Լուկաշենկոյի թերևս ամենահավանական մրցակիցը սպասվող ընտրություններում՝ Վիկտոր Բաբարիկոն, ով վերջին երկու տասնամյակների ընթացքում ղեկավարել է ռուսաստանյան «Բելգազպրոմբանկը»: Նա հասցրել էր 435 հազար ստորագրություն ստանալ իր թեկնածությունը ընտրություններում առաջադրելու համար, ինչը քառակի ավել է սահմանված նվազագույն թվից:

Քաղաքական ընդդիմախոսների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ իր կոշտ վերաբերմունքը չթաքցնող, երկրում այլախոհությունը ճնշող 65-ամյա Լուկաշենկոն, ով 9,5 միլիոն բնակչություն ունեցող Բելառուսը ղեկավարում է 25 տարի անընդմեջ, մտադիր է վեցերորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը։ Բելառուսի նախագահական ընտրություններից և ոչ մեկը՝ բացի 1994 թվականից, միջազգային կառույցների կողմից թափանցիկ և ազատ չեն ճանաչվել:

XS
SM
MD
LG