Մատչելիության հղումներ

ԵՄ պետությունները վերաբացում են ներքին սահմանները


Ավստրիայի և Գերմանիայի սահման, ոստիկանը ստուգում է վարորդներին, 16-ը մարտի, 2020թ.

Այսօրվանից Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունները վերաբացում են ներքին սահմանները՝ հատուկ ընդգծելով, սակայն, որ առայժմ վերադարձ նախահամաճարակային ազատ տեղաշարժի վիճակին չի լինի։ Առկա սահմանափակումները կախված են լինելու այս կամ այն եվրոպական պետությունում տիրող համաճարակաբանական իրավիճակից։

Հունաստանն, օրինակ, առաջիկա շաբաթներին շարունակելու է իր տարածք մուտք գործող եվրոպական մյուս պետությունների քաղաքացիներից պարտադիր ինքնամեկուսացում պահանջել, Չեխիան եվրոպական պետությունները բաժանել է երեք խմբի՝ ըստ դրանցում տիրող համաճարակաբանական իրավիճակի։ Որպես հետևանք «կարմիր խմբում» հայտնված Պորտուգալիայից և Շվեդիայից ժամանող բոլոր անձինք պետք է 14-օրյա կարանտինի ենթարկվեն։

Իսպանիան սահմանների լիակատար բացումը հետաձգել է մինչև հունիսի 21-ը՝ բացառությամբ զբոսաշրջային կենտրոն հանդիսացող մի շարք կղզիների, որտեղ արդեն իսկ ընդունում են եվրոպացի զբոսաշրջիկներին։ Իսպանական կղզիների առաջին այցելուները դարձան դրանց մշտական հյուրերը՝ գերմանացիները։

«Մենք մշտապես մեկնում ենք Իսպանիա։ Ակնհայտ է, սակայն, որ այս տարի ամեն ինչ տարբերվելու է նախորդ մեր այցելություններից։ Հուսով ենք, որ մեզ չեն ստիպի պաշտպանիչ դիմակները շատ հաճախ կրել», - նշում էր Դյուսելդորֆից Մայորկա ուղևորվող առաջին չվերթի ուղևոր Մարսել Լեյֆհոլցը։

Հարևան Ֆրանսիայում սահմանների վերաբացմանը զուգահեռ կառավարությունը ջանքեր է գործադրում գրեթե երեք ամիս հարկադիր պարապուրդի մատնված երկրի տնտեսությունը վերագործարկելու ուղղությամբ։ Կիրակի երեկոյան նախագահ Էմանյուել Մակրոնը հատուկ ուղերձով դիմեց երկրի քաղաքացիներին՝ նշելով, որ համաճարակի տարածումը Ֆրանսիայում հաջողվել է զսպել։

«Վաղվանից մենք կկարողանանք թերթել այս ճգնաժամի առաջին էջը։ Վաղվանից ողջ երկրի տարածքը հռչակվելու է այսպես կոչված` «Կանաչ գոտի», ինչը թույլ կտա բնակչության ավելի մեծ մի հատվածին վերադառնալ աշխատանքի, ինչպես նաև կվերաբացվեն Փարիզի տարածաշրջանում գործող ռեստորաններն ու սրճարանները։ Դրա հետ մեկտեղ առաջիկա ամիսներին մենք ակտիվորեն հետևելու ենք վիրուսի տարածմանը՝ հնարավոր երկրորդ ալիքի ավելի հզոր վերադարձին դիմակայելու նպատակով», - հայտարարում էր Մակրոնը։

Համաճարակի երկրորդ ալիքի մասին խոսակցությունները այնքան էլ տեսական չեն։ Չինաստանի իշխանություններն, օրինակ, փորձում են հասկանալ` արդյոք այդ երկրորդ ալիքը արդեն իսկ մեկնարկել է։ Բանն այն է, որ վերջին երեք օրերին Չինաստանի մայրաքաղաքի խոշորագույն մեծածախ շուկայի առևտրականների շրջանում կորոնավիրուսի ավելի քան 90 նոր դեպք է արձանագրվել։ Տեղական իշխանությունները շուտափույթ կերպով փակեցին այս շուկան, որն, ի դեպ, ավելի քան 5 հազար աշխատակից ունի և ապահովում է Պեկինի պարենային կարիքների գրեթե 80 տոկոսը։

«Մենք ժամանակավորապես փակել ենք շուկան, կիրակի օրն այնտեղ համապարփակ ախտահանում է իրականացվել, ինչպես նաև թեստավորվել են բոլոր մարդիկ, որոնք որևէ առնչություն են ունեցել այս շուկայի աշխատանքին», - հայտարարում էր տեղական իշխանությունների ներկայացուցիչ Լի Ժունժին այսօր Պեկինում կայացած ասուլիսի ընթացքում։

Իսկ կորոնավիրուսի համաճարակի գլխավոր էպիկենտրոն է շարունակում մնալ Լատինական Ամերիկան։ Տարածաշրջանի խոշորագույն պետությունում՝ Բրազիլիայում, կիրակի օրը 17 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել, մահացությունների թվով երկիրը այժմ երկրորդն է Միացյալ Նահանգներից հետո։ Համաճարակաբանական ծանր կացությունը, սակայն, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքական ընդդիմախոսներին հետ չի պահում բազմամարդ բողոքի ակցիաների անցկացումից։ Դրանցից հերթականը կազմակերպվել էր նախօրեին Սան Պաուլոյում։

«Ցավոք սրտի, կորոնավիրուսը մահացու հիվանդություն է, և այն մեր երկրում արդեն իսկ շուրջ 41 հազար մարդու կյանք է խլել։ Այդ դեպքում հարց կարող է ծագել` ինչո՞ւ ենք մենք դուրս եկել փողոց։ Մենք այս ցույցին մասնակցում ենք, քանի որ շատ ավելի վտանգավոր մի վիրուս կա Բրազիլիայում, դա բռնապետության վերադարձի և ֆաշիզմի վիրուսն է», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Սան Պաուլոյի բնակիչներից մեկը։

Ինչ վերաբերում է համաճարակի շուրջ աշխարհում տիրող կացությանը, ապա առաջիկա ժամերին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում, ըստ ամենայնի, պաշտոնապես կհատի ութ միլիոնի շեմը։ Այս պահի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է ավելի քան 430 հազար մարդկանց մահը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG