Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահ․ Ցավում եմ զոհերի համար, բայց ինձնի՞ց ինչ եք ուզում, ես հո հրաշագործ չե՞մ


Ժաիր Բոլսոնարուն մասնակցում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները վերացնելու պահանջով ցույցին
Ժաիր Բոլսոնարուն մասնակցում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները վերացնելու պահանջով ցույցին

Ավելի քան երեք ամիս Բրազիլիայի նախագահը պնդում էր, թե կորոնավիրուսի հետ կապված վտանգ ընդհանրապես գոյություն չունի` հրաժարվելով կարանտին հայտարարել ու կանխարգելող միջոցառումներ ձեռնարկել:

Այսօր, երբ իր երկիրը դարձել է համաճարակի էպիկենտրոնը Լատինական Ամերիկայում, Բոլսոնարոն զարմանում է, որ իրեն մեղադրում են. - «Մահանում են, հետո ինչ... Ցավում եմ զոհերի համար, բայց ինձնի՞ց ինչ եք ուզում, ես հո հրաշագործ չե՞մ»:

Երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար հիմա արդեն նրան իսկապես կախարդական փայտիկ է հարկավոր։ Երեկ միայն նոր կորոնավիրուսի ինը հազար դեպք է արձանագրվել, նախորդ օրը` տասնմեկ հազար։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Բրազիլիան վարակակիրների թվով դարձել է ութերորդն աշխարհում` առաջ անցնելով Չինաստանից ու Իրանից, որտեղ վարակի տարածումը շատ ավելի վաղ էր սկսվել:

Այդ ողջ ընթացքում մասնագետները հորդորում էին նախագահին խստացնել կարանտինային նորմերը։ Ժաիր Բոլսոնարուն, մինդեռ, պնդում էր, թե սոցիալական հեռավորության պահպանումը անիմաստ մի բան է, տնտեսությունն աշխույժ պահելն ավելի կարևոր է, քան պայքարը համաճարակի դեմ:

Նախկինում զինվորական, ողջ կյանքում միայն քաղաքական գործունեությամբ զբաղված առաջնորդին չէին համոզել անգամ իր իսկ կողմից նշանակված Առողջապահության նախարարի ու ոստիկանապետի փաստարկները. Բոլսոնարոն նախընտրել էր երկուսին էլ պաշտոնանկ անել, ինքն էլ հրապարակավ միացել ցուցարարներին, որոնք պահանջում էի վերացնել սահմանափակումները:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ կարանտինն ավելի մեծ վնաս հասցնի մեր տնտեսությանը, քան համաճարակը», - հայտարարել էր նա՝ պնդելով, թե նոր կորոնավիրուսը սովորական գրիպից ոչնչով չի տարբերվում, իսկ Բրազիլիայի բնակիչները դրա դեմ հատուկ իմունիտետ ունեն:

Վիճակարգական տվյալներն ու զանգվածային հուղարկավորությունները, սակայն, հակառակն են փաստում. մեկ ամսում մահվան դեպքերը բազմապատկվել են ավելի քան տասն անգամ․ ապրիլի ութին երկրում արձանագրվել էր կորոնավիրուսից մահվան ութ հարյուր դեպք, այսօր արդեն այդ ցուցանիշն անցել է ինը հազարից:

Փորձագետները փաստում են, որ այս տեմպերով Բրազիլիան կարող է դառնալ աշխարհում առաջատարներից մեկը համաճարակից ամենաշատը տուժած երկրների շարքում: Reuters-ի հետ զրույցում բրազիլացիները պնդել են, որ նախագահի վիճահարույց որոշումների համար իրենք վճարում են սեփական կյանքի գնով։

«Սա ուղղակի ցեղասպանություն է, և նա դեռ ասում է` հետո ի՞նչ... Դա ցույց է տալիս, որ նախագահը հոգեկան շեղումներ ունի և մեկն է, որին չի կարելի վստահել», - Reuters-ին ասել է մի կին։

«Նա խելագար է, մեր ժամանակների Ներոնը, ավել բան չունեմ ասելու», - հավելել է մեկ այլ բրազիլացի:

Բելառուսում պատրաստվում են զինվորական շքերթի

Համաճարակի վտանգավորությունը հերքելու հարցում Բոլսոնարոն միայնակ չէ․ մի քանի ամիս է համաճարակը գլոբալ փսիխոզ է որակում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով մինչև օրս զանգվածային որևէ միջոցառում չի չեղարկել, սահմանները չի փակել, կարանտին չի հայտարարել:

«Մարդիկ ոչ թե վիրուսից են մահանում, այլ` վախից», - մեկ ամիս առաջ պնդել էր Լուկաշենկոն նախարարների հետ հանդիպման ժամանակ: - «Մեզ մոտ երկրում ոչ մի մարդ կորոնավիրուսից չի մահացել, ոչ ոք: Արձանագրվել է մահվան երեսուն դեպք, սակայն որևէ մեկը չի եղել վիրուսի պատճառով։ Ուղղակի մարդիկ ունեցել են քրոնիկ հիվանդություններ և հենց դրանց պատճառով էլ մահացել են»:

Մինչ փորձագետները մասնագիտությամբ պատմաբան Լուկաշենկոյին փորձում էին բացատրել, որ քրոնիկ հիվանդություն ունեցողների վիճակը վատթարացել է հենց կորոնավիրուսի պատճառով, և որ եթե այդ վարակը չլիներ, նրանք կարող էին դեռ երկար ապրել, երկրում վիրուսի ու մահացության ցուցանիշները սկսեցին բազմապատկվել:

Փաստացի Բելառուսում արդեն արձանագրվել է նոր վիրուսի ավելի քան քսան հազար դեպք։ Հարևան Ուկարինայում, մինչդեռ, այդ ցուցանիշը տասնհինգ հազարի էլ չի հասնում, այն դեպքում, երբ Ուկրաինայում Բելառուսից մոտ չորս անգամ ավելի շատ մարդ է ապրում:

Այս պայմաններում վաղը Մինսկում ռազմական շքերթ կանցկացվի Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի կապակցութւամբ: Տեղում «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերները արձանագրել են, թե ինչպես են այսօր հարյուրավոր մարդիկ միջոցառման գլխավոր փորձն անցկացնում` առանց դիմակների ու պաշտպանիչ միջոցների։

Թե ինչ հետևանքներ կունենա հարյուրավոր մարդկանց մեկտեղումը մեկ հրապարակում կորոնավիրուսի օրերին, դժվար է կանխատեսել։ Սակայն հստակ է, որ այսօր արդեն պաշտպանական արտահագուստով բժիշկները շքերթի հրապարակից մի տղամարդու են տեղափոխել հիվանդանոց: Տարածքը հսկող ոստիկանները «Ազատությանը» փոխանցել են, որ տղամարդը վարակված է եղել կորոնավիրուսով և փախել է հիվանդանոցից: Պաշտոնական աղբյուրները, սակայն, ավելի ուշ հերքել են այս տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG