Մատչելիության հղումներ

Բրյուսելը ԵՄ երկրներին կոչ է անում հունիսի 15-ից թույլատրել ազատ տեղաշարժը Շենգենյան գոտում


Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլյվիա Յոհանսոն, արխիվ

Բրյուսելը կոչ է անում Եվրամիության անդամ 27 երկրներին առաջիկա երկուշաբթի օրվանից արդեն վերացնել սահմանային արգելափակումներն ու վերստին թույլատրել ազատ տեղաշարժը Շենգենյան գոտում: Այս արտոնությունից, սակայն, առայժմ կարող են օգտվել միայն անդամ երկրների քաղաքացիներն ու մշտական բնակության իրավունք ունեցողները: Երրորդ երկրների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտին կշարունակի փակ մնալ առնվազն մինչև հուլիսի 1-ը:

«Մեր համոզմամբ, առաջին հերթին պետք է բացել ներքին սահմանները, հետո` անցնել արտաքինին», - երեկ հայտարարեց Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլյվիա Յոհանսոնը:

«Համաճարակի բռնկումից հետո մենք հանձնարարել էինք անդամ երկրներին սահմանափակել ելումուտը ԵՄ տարածք: Այդ որոշումն ուժի մեջ է մինչև առաջիկա երկուշաբթի: Անցած շաբաթ, սակայն, երբ քննարկեցինք այս հարցը ՆԳ նախարարների խորհրդում, մեծ մասը պնդեց, որ անհրաժեշտ է երկարաձգել ժամկետը ևս երկու շաբաթով: Ուստի Եվրահանձնաժողովն այժմ հանձնարարում է փակ պահել արտաքին սահմանները մինչև հունիսի 30-ը», - նշեց Յոհանսոնը:

Եվրամիության ներքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծեց` սա չի նշանակում, թե հուլիսի 1-ից Եվրոպան բացելու է սահմանները բոլորի՛ առջև: «Քանի որ որոշ երկրներում համաճարակային իրավիճակը չի կայունացել, մենք խորհուրդ ենք տալիս ընտրողաբար մոտենալ հարցին` հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա», - պարզաբանեց Եվրամիության հանձնակատարը, հավելելով` ամենակարևոր չափանիշը կորոնավիրուսի տարածվածությունն է այն երկրում, որտեղից գալիս է օտարերկրացին:

«Սահմանները կարող են բացվել միայն այն երկրների հետ, որոնք ունեն Եվրամիության անդամների նման կամ ավելի լավ համաճարակային պատկեր», - հայտարարեց հանձնակատարը: Յոհանսոնի խոսքով՝ կազմվելու է այսպես ասած անվտանգ երկրների ցուցակ, որը պարբերաբար վերանայվելու է` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տվյալների:

Եվրամիությունը փակել էր արտաքին ու ներքին սահմանները մարտի կեսերից` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մի քանի շաբաթ է` Հին մայրցամաքում վարակակիրների թիվը շարունակաբար նվազում է, որոշ պետություններ արդեն իսկ բացել են սահմանները անմիջական հարևանների հետ: Ժամանողները, սակայն, պարտավոր են հավաստագիր ներկայացնել, որ վարակված չեն կորոնավիրուսով, կամ` 14 օրով մեկուսանալ: Դատելով Եվրահանձնաժողովի երեկվա հանձնարարականներից` այս կարգը, ինչպես նաև հասարակական վայրերում պարտադիր դիմակներ կրելու պահանջը դեռ երկար կմնան ուժի մեջ:

XS
SM
MD
LG