Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատակամ է՝ անդամ երկրների միջև ներքին սահմանները բացվելու են


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագեր, արխիվ

«Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում», - նախօրեին Բրյուսելում նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը` ընդգծելով, որ դա է 2020 թվականի զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը:

«Այսօր մեր կողմից ներկայացվող փաթեթի հիմքում դրված է անվտանգության ապահովման գաղափարը: Մեր հանձնարարականների հիմքում հենց դա է` զբոսաշրջության ոլորտի աստիճանական և խիստ զգուշավոր վերագործարկումը, որ հիմնված կլինի նախևառաջ գիտական խորհուրդների վրա», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Եվրամիության ղեկավար մարմինների` զբոսաշրջության և տրանսպորտային ոլորտների վերագործարկման ջանքերը, փորձագետների համոզմամբ, ավելի քան օրինաչափ են: Զբոսաշրջությունը Եվրամիության տնտեսության մոտ 10 տոկոսն է կազմում, ուստի այդ ոլորտի աշխուժացումը կարող է որոշակիորեն մեղմել տնտեսական այն ճգնաժամը, որ ծագել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Եվրահանձնաժողովի պաշտոնյաները, սակայն, հատուկ ընդգծում են, որ ներեվրոպական տուրիզմի աշխուժացումը հարկավոր է համադրել անվտանգության բավական խիստ միջոցառումների կիրառման հետ: Եվրահանձնաժողովի կազմած փաստաթուղթը մասնավորաբար նախատեսում է, որ ուղևորներն ու ավիաընկերությունների աշխատակիցները պարտավոր են լինելու օդանավերում պաշտպանիչ դիմակներ կրել: Երկաթուղային տրանսպորտի վերագործարկման գլխավոր նախապայմանն էլ դառնալու է գնացքներում սոցիալական հեռավորության պահպանումը:

«Մարդիկ իհարկե պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել եվրոպական երկրների տարածքում: Դա է պատճառը, որ մենք հստակ հանձնարարականներ ենք հրապարակում, թե ինչպես պետք է վերագործարկվի տրանսպորտը` առանց ուղևորների և այդ ոլորտի աշխատակիցների առողջությունը վտանգելու: Բացի այդ, զբոսաշրջիկները պետք է հստակ իմանան, որ այն հյուրանոցները, լողափերը, տեսարժան վայրերը, որ իրենք են այցելելու, վտանգ չեն ներկայացնում, և այնտեղ գործադրվելու են բոլոր ջանքերը կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար», - նշում էր Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը:

XS
SM
MD
LG