Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այլևս չի կարելի հանդուրժել շաբաթներ տևող և զանգվածային անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաները:
Նա պահանջել է, ինչպես Իրանի վերնախավին մոտ գտնվող մի անանուն աղբյուր է փոխանցում, «այդ ընդվզումների վերջը տալ ցանկացած գնով», և սպառնացել է, որ պատկան իշխանավորներն անձնական պատասխանատվություն կկրեն այն դեպքում, եթե բողոքի ակցիաները շարունակվեն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին, ով համարվում է երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը, ցույցերին վերջ տալու կոշտ պահանջը հնչեցրել է նոյեմբերի 17-ին իր նստավայրում ընդունելով նախագահ Հասան Ռոհանիին, կառավարության անդամներին և բարձրաստիճան ևս մի քանի պաշտոնյաների:
Այդ տեղեկատվությունը միայն երեկ է հասանելի դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այաթոլայի և նեղ շրջապատի նոյեմբերյան հանդիպման մասին պատմել է ժողովի մասնակիցների հետ առնչություն ունեցող մի անանուն աղբյուր:
Ըստ անանուն աղբյուրի, Խամենեին շատ զայրացած և բարձր տոնով է խոսել Իրանի ղեկավարների հետ և խստորեն քննադատել է նրանց այն բանի համար, որ բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են, իսկ իշխանությունը չի գտնում դրանք զսպելու արդյունավետ միջոցներ:
«Իսլամական Հանրապետությունը վտանգի մեջ է, արեք այն, ինչ անհրաժեշտ է ընդվզումը դադարեցնելու համար, դիմեք ցանկացած միջոցի, համարեք, որ սա իմ հրամանն է», - ըստ անանուն աղբյուրի՝ ասել է այաթոլահ Ալի Խամենեին:
Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են, երբ իշխանությունը դադարեցրել է բենզինի սուբսիդավորումը և բարձրացրել է վառելիքի գները:
Ենթադրվում է, որ դրանք իսլամական հանրապետության գոյության 40 տարիների ընթացքում ամենադրամատիկ ընդվզումներն էին:
Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Թեհրանում, մոտ հարյուր այլ քաղաքներում և գյուղական շրջաններում:
Իշխանության պնդմամբ, բողոքի ակցիաները հրահրել են ամերիկյան և սիոնիստական դավադիր ուժերը:
Ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և անվտանգության ուժերի հետ բախումներով:
Իրանի իշխանությունները խոստովանել են, որ կան զոհեր: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ սպանվել է առնվազն 304 մարդ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցում է հազարը, իսկ Reuters-ը, վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարության երեք անանուն պաշտոնյաների, հայտնում է, որ բախումների զոհ է դարձել մոտ 1500 մարդ: