Մատչելիության հղումներ

Համացանցը Իրանում շարունակում է արգելափակված մնալ


Իրան - Ցուցարարները Շիրազում, նոյեմբեր, 2019թ․

Առնվազն վեց զոհ, հարյուրավոր վիրավորներ, շուրջ հազար ձերբակալված ցուցարար. սրանք են վերջին օրերին Իրանում ծավալված բողոքի ակցիաների և դրանք ուղեկցող բախումների հետևանքները ըստ պաշտոնական Թեհրանի: Մի շարք այլ տեղեկությունների համաձայն զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է` այն տատանվում է 150-ից 200-ի միջակայքում:

Անկախ աղբյուրներից, սակայն, այս տեղեկությունները հաստատել հնարավոր չէ, քանի որ արդեն երրորդ օրն է ինչ համացանցը Իրանի տարածքում գրեթե ամբողջությամբ արգելափակված է, իրանցի շուրջ 57 միլիոն օգտատերերը զուրկ են արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունից: Իրանում ծավալված իրադարձությունների մասին որոշակի կցկտուր պատկերացումներ կարելի է կազմել միայն սոցիալական ցանցերում, հիմնական Twitter-ում հայտնվող տեսագրություններից, որոնցից պարզ է դառնում, որ բենզինի կտրուկ թանկացման դեմ բողոքի ցույցերը իրանցի ուժայինները փորձում են ճնշել ամենադաժան մեթոդներով` նաև հրազենի կիրառմամբ:

Հանգստյան օրերին Թեհրանում արված տեսագրության մեջ, օրինակ, հստակ երևում է, որ ոստիկանները կրակ են բացում փողոցն արգելափակած ցուցարարների ուղղությամբ:

«Ազատության» իրանական ծառայության կայքում ևս մեկ սիրողական տեսագրություն է զետեղված, որը պատկերում է Իրանի արևմուտքում գտնվող Ջավանրուդ քաղաքում ծավալված իրադարձությունները: Այս տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են բնակելի շենքերից մեկի կտուրին դիրքավորված ուժայինները կրակ բացում բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ:

Իրանի ուժային կառույցների նման կոշտ արձագանքի գլխավոր պատճառներից մեկը բողոքի ակցիաների գրեթե ակնթարթային քաղաքականացումն էր: Բենզինի թանկացման դեմ կարգախոսներին արագորեն փոխարինելու եկան Իրանի ղեկավարների հրաժարականի և կառավարման համակարգը փոխելու պահանջները:

«Կորչի՛ բռնապետը»` այս վանկարկումները նախօրեին հնչում էին Թեհրանի համալսարանում: Դատելով անկախ աղբյուրներից ստացվող տեղեկություններից՝ Իրանում ծավալված ցույցերի շարժիչ ուժը հենց ուսանողությունն է: Դա է թերևս պատճառը, որ նոյեմբերի 18-ի դրությամբ Իրանի հինգ խոշորագույն համալսարանները և 17 քաղաքներում գործող դպրոցները փակ էին:

Այս օրերին պաշտոնական Թեհրանը բախվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին ճնշման: Ինչպես և կարելի էր ենթադրել, առաջինը Իրանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ հանդես եկավ Վաշինգտոնը:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս վարչակազմի կողմից Իրանի ժողովրդի դեմ գործադրվող ցանկացած բռնարարք: Մի շարք զոհերի մասին տեղեկությունները մեզ լրջորեն մտահոգում են: Իսլամական Հանրապետությունը պետք է այլևս բռնություն չկիրառի սեփական քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև անհապաղ վերականգնի բոլոր իրանցիների ազատ և թափանցիկ համացանցից օգտվելու հնարավորությունը», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Վաշինգտոնն Իրանի իշխանություններին ուղղված կոչերով, սակայն, չի բավարարվում: Միացյալ Նահանգների իշխանությունները լրջորեն դիտարկում են շարքային իրանցիներին համացանցից օգտվելու ուղղակի հնարավորություն ընձեռելու տարբերակը՝ շրջանցելով Իսլամական Հանրապետության տարածքում գործող պրովայդերների ծառայությունը։ Այդ մասին «Ազատության» պարսկական ծառայության հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Իրանի հարցերով հատուկ բանագնաց Բրայան Հուքը։

«Ես այնպիսի զգացողություն ունեի, որ ապագայում բողոքի ակցիաներ են լինելու, և վարչակազմը փորձելու է խոչընդոտել Իրանի քաղաքացիների միմյանց հետ շփվելու կարողությունը։ Մոտ մեկուկես տարի առաջ ես սկսեցի աշխատել տեխնոլոգիական ոլորտի մի շարք մասնավոր ընկերությունների հետ, որպեսզի հնարավոր լինի իրանցիներին այնպիսի գործիքներով օժտել, որոնք նրանց վարչակազմի գրաքննության պայմաններում միմյանց հետ շփվելու կարողություն ընձեռեն։ Մենք աշխատում ենք նաև այնպիսի մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի շրջանցել Իրանի վարչակազմի՝ համացանցն արգելափակելու քայլերը», - նշել է Հուքը։

XS
SM
MD
LG