Մատչելիության հղումներ

Բողոքի գործողությունները Իրանում շարունակվել են նաև անցած գիշեր


Իրան - Ցույցերի ընթացքում հրկիզված ոստիկանատուն Սպահանում, 17-ը նոյեմբերի, 2019թ․

Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ բողոքի գործողությունները Իրանում շարունակվում են: Երկրի մի շարք քաղաքներում ընդհարումների հետևանքով զոհեր և վիրավորներ կան:

Բողոքի գործողությունները սկիզբ են առել նախորդ շաբաթավերջին, երբ կառավարությունը հայտարարեց բենզինի գնի կտրուկ բարձրացման մասին:

«Ազատության» իրանական ծառայության տեղեկություններով՝ ոստիկանության և ցուցարարների միջև սկիզբ առած բախումների ընթացքում առնվազն մեկ մարդ է զոհվել Թեհրանի մերձակայքում գտնվող Շահրիար քաղաքում: Կենտրոնական Իրանում գտնվող Յազդ քաղաքում ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները ցույցերի հարյուրավոր մասնակիցների են ձերբակալել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ բողոքի գործողություններ են կազմակերպվել Թավրիզի համալսարանում, իսկ Թեհրանի շուկայում կիրակի օրը գործադուլ է հայտարարվել: Բազմաթիվ քաղաքներից տեղեկություններ են ստացվում ոստիկանական բաժանմունքների և բանկերի հրկիզումների մասին:

Բողոքի գործողությունների մասին առավել հավաստի տեղեկությունների ձեռքբերումը խնդրահարույց է, քանի որ հանգստյան օրերին համացանցը Իրանի ողջ տարածքում անջատված է եղել:

Երկրում ծավալված իրադարձություններին կիրակի օրն անդրադարձել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Նման կերպ կարող են վարվել բացառապես խուլիգանները: Որոշ դեպքերում երիտասարդները հետևում են նրանց` բռնի գործողությունների դիմելով: Նման քայլերը է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը՝ խարխլելով երկրի անվտանգությունը», - հայտարարում էր Խամենեին:

XS
SM
MD
LG