Մատչելիության հղումներ

Իրանում այսօրվանից սկսել է վերականգնվել ինտերնետ կապը


Իրան, Թեհրան, 21-ը նոյեմբերի, 2019թ.

Թեհրանը համարում է, որ դրսի ուժերի հրահրած անկարգությունները, խռովությունները հաղթահարված են, իրավիճակը հանդարտվել է, ու այսօրվանից սկսել է վերականգնել ինտերներտ կապը։

Նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարեց անկարգությունները չեզոքացնելու և դրսի թշնամիներին հաղթելու մասին. - «Իրանի ժողովուրդը նորից պատմական քննություն անցավ և ցույց տվեց, որ չի թույլատրի թշնամիներին օգուտներ քաղել իրավիճակից, եթե անգամ կարող են բողոքներ լինել երկրի կառավարումից»,- ասել է Ռոհանին:

Պետական հեռուստաընկերությունը Ռոհանիի ելույթից բացի, հեռարձակել է նաև իշխանամետ մարդկանց երթեր, հավաքներ, որտեղ նրանք բացականչում են «մահ Ամերիկային», «մահ Իսրայելին»: Իրանի բարձրագույն ղեկավար, հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ բողոքի ցույցերը ժողովրդական շարժում չէին, անվտանգության խնդիր էր, որը հաջողությամբ լուծվել է:

Ըստ իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալների, Իրանի 21 քաղաքներում առնվազն 106 ցուցարար է սպանվել: Նրանց մարմինները հավաքել են փողոցներից՝ հրաժարվելով տալ հարազատներին կամ ընտանիքներին սպիպել են շուտափույթ հուղարկավորել սպանվածներին: Amnesty International-ը պնդում է, որ սպանվածների թիվը հաստատված է փաստերով:

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հերքել է զոհերի մասին լուրերը՝ դրանք համարելով անհավաստի ու անհիմն, որովհետև Իրանի կառավարության կողմից պաշտոնապես հատատված չեն: Իշխանությունների հայտնած պաշտոնական տվյալներով, բախումների հետևանքով անվտանգության ուժերի վեց աշխատակից է զոհվել, Կերմանշահում զոհվել է բռնությունների առաջնորդը, ձերբակալվել է մոտավորապես հազար ցուցարար, նրանց թվում երկքաղացիներ կան։

Իրանական պաշտոնական լրատվամիջոցները նրանց ներկայացնում են որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հրահանգավորված, նախապատրաստված մարդիկ, որոնք Իրանում պետք է քաղաքացիական անհնազանդության գործողություններ կազմակերպեին: Հաղորդվում է նաև, որ այս օրերին հրդեհի է մատնվել բանկերի 100 մասնաշենք, պետական հաստատությունների տասնյակ շենքեր ու ավտոմեքենաներ:

Բախումների հետևանքով զոհված ոստիկանների հուղարկավորություններից պետական հեռուստաընկերությունները հաղորդումներ են հեռարձակում, նրանց ներկայացնում են որպես խռովարարների ձեռքից զոհված նահատակներ: Այս օրերի բախումները վերջին տասնամյակում Իրանում տեղի ունեցած ամենազանգվածային անկարգություններն էին ու ամենաշատ մահվան դեպքերը մի քանի օրվա ընթացքում: Բենզինի, վառելիքի գնի 50 տոկոսով կտրուկ թանկացման դեմ բողոքի ակցիաներն Իրանում բռնկվեցին նոյեմբերի 15-ից: Թեհրանում և երկրի շուրջ 100 քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, տեղի ունեցան բախումներ, անկարգություններ, հրկիզումներ: Հաջորդ օրն անջատվեց ինտերնետային կապը՝ Իրանը կտրելով արտաքին աշխարհից:

Երկրի տնտեսությունը շատ ծանր վիճակում է ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների հետևանքով: Նավթի վաճառքի վրա դրված 100 տոկոսանոց արգելքն Իրանին զրկում է գումարներ վաստակել: Աճում է գործազրկությունը, բարձրանում են ապրանքների գները: Ակնկալվում է, որ բենզինի գնի թանկացումից կառավարությունը տարեկան ավելի քան 2.5 միլիարդ դոլարի եկամուտ կունենա։ Բողոքի ակցիաները հանդարտեցնելու նպատակով իշխանությունները խոստացել են 18 միլիոն անապահով ընտանիքների գումարային փոխհատուցում տալ:

Չնայած իշխանությունների պնդումներին, թե փողոցներում հիմա խաղաղ է, սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ չորեքշաբթի օրը ևս անկարգություններ ու բռնություններ են տեղի ունեցել: Սոցցանցում նյութերը հիմնականում տեղադրվում են դրսից կամ Իրաքի հետ սահմանային շրջաններից՝ քրդական բնակավայրերից, որտեղ կարելի է բռնել հարևան երկրի ինտերնետային կապը:

Թվիթերյան գրառումներով իրանցիները հայտնում են, որ ցուցարարների դեմ օգտագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Բասիջ» զինված կազմավորման ուժերը, որոնք, ըստ գրառումների, ավելի դաժան են գործել, քան Իսլամական պետության ահաբեկիչները: Սոցցանցերի օգտատերերը տեղադրում են սպանված ցուցարարների լուսանկարները:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը նոյեմբերի 16-ին Թվիթերում գրել է. «Թեհրանում Այաթոլան շարունակում է բռնություներ կիրառել ու ճնշել սեփական ժողովրդին: ԱՄՆ-ն բաց և հստակ մեսիջ է ուղարկում՝ ամերիկացի ժողովուրդը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին»:

Իրանի ցուցարարներին պաշտպանող համերաշխություն հայտնելու հանրահավաքներ են անցկացվում դրսի մի շարք քաղաքներում:

Նոյեմբերի 19-ին «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը մտել է Իրանի ափերին մոտ գտնող Հորմուզի նեղուցը: Այդ նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 1/5-ը:

XS
SM
MD
LG