Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել խորհրդարանի շենքի մոտ, բերման է ենթարկել ակտիվիստների


Վրաստան - Հանրահավաքը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2019թ․
Վրաստան - Հանրահավաքը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2019թ․

Այսօր վաղ առավոտյան 30-րոպեանոց վերջնագիր ներկայացնելուց հետո Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել խորհրդարանի շենքի մոտ՝ ցուցարարներին ցրելու համար, և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:

Բողոքի ցույցերը վերսկսվել են երեկ: Երեկ երեկոյան դեռ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ցույցը խաղաղ էր ընթանում:

Ցուցարարների հիմնական պահանջը մեկն է՝ համամասնական ընտրակարգով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը, չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի խոստմանը, չընդունեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը` ձայների 101 «կողմ» և 3 «դեմ» հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած պատգամավորներից մեկը, ի դեպ, «Վրացական երազանք»-ի պատգամավոր Հենզել Մկոյանն է:

20 քաղաքական ուժերից կազմված միասնական ընդդիմությունն ու համակիրները երեկ հերթական ցույցն անցկացրեցին: Նրանք նախ հավաքվեցին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, ապա շարժվեցին խորհրդարանի շենքի մոտ, որի մուտքերը, սակայն, արգելափակվել էին ոստիկանների կողմից:

Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Ախվլեդիանին «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մարդիկ փողոց են դուրս եկել, քանի որ իրենց խաբված են զգում: «Որքան զսպանակը սեղմում ես, այնքան ավելի ուժեղ պատասխան ես ստանում», - նշեց Ախվլեդիանին:

«Կառավարությունը հայտարարում է, որ հետքայլ չի անի, սակայն դա վատ է հենց նրանց համար: Եվ դրանում մենք մի քանի անգամ համոզվել ենք: Շատ շուտով համամասնական ընտրակարգի պահանջին փոխարինելու կգա իշխանության հեռացման պահանջը, և նրանք այլևս ոչինչ չեն կարողանա անել», - հայտարարեց վրացի ընդդիմադիր գործիչը:

Ցուցարարներն իրենց հետ խորհրդարանի մոտ խրտվիլակ էին բերել, որին «Բիձինա» անունն են տվել: Այն, սակայն, չի խորհրդանշում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարին, սովորական մի Բիձինա է, ասում էին նրանք:

Երեկվա ցույցը բազմամարդ չէր: Ռուսթավելի պողոտայում ցուցարարների թիվը հասնում էր մի քանի հարյուրի:

Ցուցարարներից Տամտա Մուրադաշվիլին նմանություններ է տեսնում Վրաստանի ներկայիս իրավիճակի և Թավշյա հեղափոխությունից առաջ Հայաստանում տիրող վիճակի միջը: Ակնկալում է, որ արդյունքը ևս նույնը պետք է լինի:

«Որքանով որ ես տեղյակ եմ, ձեր վարչապետը խոստացել էր այլևս չառաջադրել իր թեկնածությունը, սակայն հետո հետ կանգնեց իր խոսքից, ինչը Հայաստանի քաղաքացիների մոտ զայրույթ առաջացրեց: Կարծում եմ՝ հիմա Վրաստանում նման մի բան է տեղի ունենում․ Վրաստանի քաղաքացիներին խոստացել էին համամասնական ընտրակարգ, բայց իշխող կուսակցությունը չպահեց իր խոստումը, և թվում է, թե նրանք չեն պատրաստվում իրենց խոստումը պահել նաև 2024-ին: Այդ պատճառով, չափազանց կարևոր է, որ շատ մարդիկ գան այստեղ և իշխող կուսակցությանը ցույց տան, թե ով է իսկական տերը: Մարդիկ են կառավարում երկիրը, ոչ թե առանձին քաղաքական գործիչները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուրադաշվիլին:

Նախորդ՝ նոյեմբերի 18-ի ցույցը Ներքին գործերի նախարարությունը ցրեց ջրցան մեքենայով, զգուշացնելով, որ խորհրդարանի մուտքերը կրկին փակելու դեպքում նույն կերպ կվարվի: Ցուցարարներին, սակայն, երեկ այդպես էլ չհաջողվեց մոտենալ խորհրդարանի մուտքերին ու փակել դրանք:

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ երեկ իր հերթին հայտարարել էր՝ թեման փակված է, իշխանությունները չեն գնա սահմանադրական փոփոխությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG