Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին հայտարարում է՝ փոխզիջումներ չեն լինի


Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին հայտարարում է՝ փոխզիջումներ չեն լինի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործող օրենսդրության համապատասխան: Այս մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ հերթական անգամ վերահաստատելով, որ իշխանությունները չեն պատրաստվում կատարել ավելի քան մեկ շաբաթ առաջ նոր թափով վերսկսված բողոքի ակցիաների մասնակիցների պահանջը:

«Թեման փակված է՝ իշխանությունները չեն գնա Սահմանադրական փոփոխությունների, դրա համար չունեն համապատասխան ռեսուրս», - նաև հայտարարել է Կալաձեն:

Մինչդեռ ընդամենը ամիսներ առաջ իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հակառակն էր խոստանում` հայտարարելով, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով: «Վրացական երազանք»-ը հավաստիացնում է, որ կողմ են փողոցի պահանջներին՝ 2020 թվականի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն, անգամ օրենսդրական նախագիծ են ներկայացրել, սակայն իրենց գործընկեր պատգամավորների մի մասը տապալել է այդ նախաձեռնությունը:

Ի նշան բողոքի 12 պատգամավոր լքեց իշխող մեծամասնությունը՝ հրաժարվելով նաև օրենսդիր մարմնում զբաղեցրած պաշտոններից: Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, չեն հավատում, որ իշխող թիմի անդամները սեփական կամքով են «ներկուսակցական ապստամբություն» բարձրացրել:

Ընդդիմախոսները համոզված են՝ մեծամասնական պատգամավորների միջոցով Իվանիշվիլին տապալեց ընտրությունների անցկացման՝ իր համար ոչ այնքան ձեռնտու տարբերակը, որին ստիպված էր համաձայնել ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: Ընտրական օրենսգրքի տապալումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց երկրում՝ ստիպելով անգամ տրամագծորեն տարբեր օրակարգ և սկզբունքային տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերի միավորվել և հանդես գալ միասնական պահանջներով:

Ի պատասխան իշխող ուժի՝ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայներ չունենալու մասին հայտարարություններին, Վրաստանի ընդդիմությունը այլընտրանքային տարբերակ է մշակել, այսպես կոչված, գերմանական մոդել, որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը: Ի դեպ, անցյալ շաբաթ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Վրաստանում անցկացված հարցումները վկայում են, որ գալիք ընտրություններում ոչ մի քաղաքական ուժ հստակ առավելություն չի ունենա: Ընդ որում՝ հարցումներն անցկացվել են մինչև Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը՝ հոկտեմբերի երկրորդ կեսին:

Իշխող թիմում, սակայն, կտրականապես հերքում են քաղաքական ճգնաժամի մասին պնդումները՝ կոչ անելով ընդդիմադիրներին ցրվել և պատրաստվել ընտրություններին: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին՝ 2020 թվականի ընտրությունները գերմանական մոդելով անցկացնելու վերաբերյալ, «Վրացական երազանք»-ում մաքուր սադրանք են համարում: Ընդդիմադիր ուժերը սպասում են միջազգային կառույցների արձագանքին:

Նոյեմբերի 14-ից ի վեր, երբ իշխող ուժը տապալեց օրենսդրական փոփոխությունները, Թբիլիսիում բողոքի ցույցերը չեն մարում: Իշխանություններին ստի մեջ մեղադրող ընդդիմադիրները կառավարությունից պահանջում են՝ հրաժարվել աթոռներից և արտահերթ ընտրությունների մասին հայտարարել:

Ընդդիմության բողոքի գործողություններին իշխանությունները հերթական անգամ արձագանքեցին ոստիկանական մահակներով, արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով․ այս անգամ ուժայինները միջամտությունը արյունահեղության չհանգեցրեց:

Չնայած քաղաքով մեկ կենտրոնացված ոստիկանական ուժերին, ընդդիմությունը շարունակում է բողոքի գործողությունները: Այսօր ակտիվիստները վանդակ են տեղադրել քաղաքի կենտրոնում դրա մեջ տեղադրել Բիձինա Իվանիշվիլիի դիմանկարը, ինչպես նաև խաղալիք զեբր՝ երկաթյա լարով միացված վանդակաճաղերին: Ակցիայի մասնակիցները հայտարարում են՝ եթե Իվանիշվիլին չկատարի ժողովրդի կամքը և 2020 թվականի ընտրությունները չանցկացվեն համամասնական ընտրակարգով, ապա անձամբ կհայտնվի ճաղերի ետևում:

XS
SM
MD
LG