Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը մեղադրում է Իվանիշվիլիին ընտրակարգի փոփոխման օրինագծի տապալման համար


Վրաստանում ցույցեր են ընթանում խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 15-ը նոյեմբերի, 2019թ.

Վրաստանում բողոքի ակցիաներ են, ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մոտ, գիշերը մնացել են այնտեղ։ Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները միավորվելու ճանապարհին են։

Պատճառը ընտրական կարգը փոխելու, ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու իշխանությունների խոստացած, նրանց նախաձեռնած օրինագծի տապալումն էր խորհրդարանում։ Խորհրդարանական մեծամասնության շուրջ չորս տասնյակ պատգամավորներ պարզապես չմասնակցեցին երեկվա քվեարկությանը, որի արդյունքում 12 ձայն չբավարարեց օրինագիծն ընդունելու համար։ Խորհրդարանի նախագահը հայտարարեց՝ 2020թ. ընտրությունները կանցկացվեն խառը ընտրակարգով։

Քվեարկությունից անմիջապես հետո ակտիվիստները սկսեցին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ հայտնելու իրենց վրդովմունքը, ինչպես իրենք են ասում, իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կազմակերպած «ֆարսի» դեմ. - «Իվանիշվիլին գցեց ժողովրդին, և հիմա ժողովուրդը պետք է դեն շպրտի նրան», - հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան։

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ևս երեկ ցուցարարների մոտ էր եկել, աջակցություն հայտնել նրանց պահանջներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, բայց և չի ցանկանում ապրել բռնատիրությունում։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Իվանիշվիլիին մեղադրել է ընտրողներին և քաղաքական կուսակցություններին խաբելու մեջ։ Ֆեյսբուքյան տեսաուղերձով նա ժողովրդին համախմբվելու կոչ է արել։

Օրինագիծը տապալվելու համար ափսոսանք է հայտնել Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի մոնիթորինգի համազեկուցողները ևս խորը ափսոսանք են հայտնել և հայտարարել, որ օրինագիծը չընդունելը հետ քայլ էր։

Իվանիշվիլիի կուսակցության ներսում ևս դժգոհություններ կան։ Որպես բողոքի նշան խորհրդարանական մեծամասնության մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահներ, նաև խորհրդարանի երկու փոխխոսնակները՝ Թամար Չուգոշվիլին և Զվիադ Ձիձիգուրին հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին. «Դա կարմիր գիծ էր», - օրինագծի տապալումն այսպես է մեկնաբանել Թամար Չուգոշվիլին։

Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հարցելն այսօր հանդիպել է խորհրդարանի նախագահին, «Վրազական երազանք» կուսակցության գրասենյակում իշխող ուժի ներկայացուցիչների հետ։ Լրագրողներին նա ասել է, որ շարունակելու է խորհրդակցություններն ընդդիմադիրների հետ։ Նա կարևորել է ելք գտնել ստեղծված «ոչ հասարակ» իրավիճակից։ Դեսպանի կարծիքով, Վրաստանում քաղաքական բևեռացման ռիսկ կա։

Այսօր խորհրդարանի նախագահն է մամուլի ասուլիս տվել՝ ասելով, որ պետք չէ ողբերգություն սարքել, որ օրինագիծը չընդունվեց, ընդդիմության ներկայացուցիչներին նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները և պատրաստվել գալիք ընտրություններին։

Անցած ամռանը Թբիլիսիի կենտրոնում հակառուսական հզոր ցույցերը բռնաճնշումներով ցրելուց հետո իրավիճակը հանդարտեցնելու նպատակով Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր 2020 թվականի ընտրությունները անցկացնել միայն կուսակցական ցուցակներով՝ համամասնական ընտրակարգով։ Բայց դա իրականություն չդարձավ, գալիք տարվա ընտրությունները կանցկացվեն հին կարգով։ Ընդդիմությունը կասկածում է, թե սա Իվանիշվիլիի կազմակերպած սցենարն էր, չնայած այնպես է մատուցվում, թե քվեարկությանը չեն մասնակցել մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները։

XS
SM
MD
LG