Մատչելիության հղումներ

Ղազախստանում հրապարակվել է հայերի մասնակցությամբ դանակահարության գործով դատավճիռը


Ղազախստան - Գործով ամբաստանյալները դատավարության ժամանակ, Կարագանդա, սեպտեմբեր, 2019թ․
Ղազախստան - Գործով ամբաստանյալները դատավարության ժամանակ, Կարագանդա, սեպտեմբեր, 2019թ․

Ղազախստանի դատարանը հրապարակեց Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում կատարված սպանության գործի դատավճիռը, որտեղ ներգրավված էին նաև Հայաստանի քաղաքացիներ:

2019-ի տարեսկզբին՝ հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը մեծ արձագանք էր ստացել, որոշ շրջանակներ փորձում էին ազգամիջյան բնույթ հաղորդել հանցագործությանը, հակահայ տրամադրություններ տարածել Ղազախստանում:

Ռեստորանում տեղի ունեցած կռվի հետևանքով սպանվել է տեղաբնակ 23-ամյա Ռախիմժան Ժանսեիտը:

Սեպտեմբերից սկսված դատավարությունը երեկ ավարտվեց: Դատարանը սպանության համար մեղավոր ճանաչեց Յուսիվ Նուրուլուին և նրան դատապարտեց 19 տարվա ազատազրկման:

Մեղադրյալների նստարանին 13 մարդ էր նստած, նրանցից չորսին դատարանը դատապարտեց 3-ական տարվա ազատազրկման՝ խուլիգանության հոդվածով, վեցին՝ 4,5-ական տարվա ազատազրկման, ևս երկուսին դատարանն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ տուժող կողմի հետ հաշտվելու հիմքով:

Գործով անցնող արտասահմանցիների՝ Հայաստանի երեք քաղաքացիների և Ուզբեկստանի մեկ քաղաքացու նկատմամբ դատարանը որոշեց պատիժը կրելուց անմիջապես հետո արտաքսել և հինգ տարի արգելել նրանց մուտքը Ղազախստան:

Ըստ հետաքննության, Ռախիմժան Ժենսեիտին դանակով հարվածել են երկու մարդ՝ Յուսիվ Նուրուլուն և Նարեկ Գուրուրյանը: Վերջինիս է վերագրվում նաև երկու այլ երիտասարդներին դանակահարելը, որոնք ողջ են մնացել:

Միջադեպից հետո Նարեկ Գուրուրյանը փախուստի էր դիմել, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նա ձերբակալվել է Ռուսաստանի տարածքում: Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը դեռևս լուծված չէ, նրա մասով առանձին վարույթ է հարուցվել:

Բոլոր մեղադրյալների համար դատախազությունն ավելի խիստ պատիժ էր պահանջել՝ ասելով, որ այդ հանցագործությունը հանրային լայն արձագանք էր ստացել, սպառնացել էր երկրի կայունությանը:

Այս միջադեպի կապակցությամբ Հայաստանի և Ղազախստանի իշխանությունների ներկայացուցիչները հանդես էին եկել հայտարարություններով՝ նշելով, որ տեղի ունեցածը կենցաղային հանցագործություն է, և անհրաժեշտ է բացառել դրան ազգամիջյան երանգներ հաղորդելու փորձերը:

Նարեկ Գուրուրյանը և Հայաստանի մյուս երկու քաղաքացիները Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG