Մատչելիության հղումներ

Ղազախստանի օմբուդսմենը անթույլատրելի է համարում Կարագանդայի դեպքին ազգամիջյան երանգ տալը


Ղազախստանի օմբուդսմեն Ասկար Շակիրով, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ:

«Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունից։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի հետ հեռախոսազրույցից հետո նա ևս մեկ անգամ հարցը քննարկել է իրավապահ մարմինների հետ և տեղեկացրել Արման Թաթոյանին, որ դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին», - ասված է Հայաստանի օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Թաթոյանի խնդրանքով՝ Շակիրովը լիարժեք պատրաստակամություն է հայտնել իր իրավասության սահմաններում մանրամասն քննության ենթարկել ցանկացած բողոք կամ դիմում, որ կարող են ունենալ հայերը:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Ղազախստանի գործընկերոջ հետ համագործակցության բարձր որակը, նրա արագ արձագանքը և կշարունակի կապ պահպանել նրա հետ՝ կապված Ղազախստանի մեր հայրենակիցներին առնչվող իրավիճակի հետ», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանը կապի մեջ է նաև Հայաստանի արտգործնախարարության և Ղազախստանում Հայաստանի դեսպանության հետ և կարևորում է նրանց ջանքերը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG