Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի և Ղազախստանի ԱԳ նախարարի միջև


Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլով, արխիվ
Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլով, արխիվ

Այսօր կայացել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի արտգործնախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

«Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ մաղթեց Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլանման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերակատարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծեցին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան ներբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG