Մատչելիության հղումներ

Կարագանդայում հայերի մասնակցությամբ միջադեպը բողոքի ցույցերի պատճառ է դարձել


Ղազախստան - Բողոքի ցույցը Կարագանդայում, 6-ը հունվարի, 2019թ․

Ղազախստանում մի խումբ հայերի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, բողոքի զանգվածային ցույցերի տեղիք է տվել: Ցուցարարները իշխանություններից պահանջում են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և պարզել ողբերգական միջադեպի հանգամանքները, գտնել ու պատժել մեղավորներին:

Ղազախստանի ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Կարագանդա քաղաքում գտնվող «Դրևնի Ռիմ» («Հին Հռոմ») ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել երիտասարդների երկու խմբերի միջև, դանակով հասցված հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ պաշտոնական աղբյուրների, աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը հայեր են՝ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, գործով անցնող Նարեկ Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությունում միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:

«Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին Կարագանդա քաղաքում տեղի ունեցած բազմամարդ ցույցի մասնակիցները մտավախություն են հայտնել, թե մեղավորները կմնան անպատիժ, նրանք կկաշառեն իրավապահներին և կհայտնվեն ազատության մեջ:

«Ոչ ոք չի ազատվի. այդ գործը գտնվում է հանրային և իշխանության բարձր օղակների վերահսկողության տակ: Հետաքննությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հանցագործները պատժվեն», - երեկ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Կարագանդայի շրջանի ղեկավար Երլան Կոշանովը՝ հավաստիացնելով, որ երեք օրվա ընթացքում կձերբակալվի նաև հետախուզման մեջ գտնվող գլխավոր կասկածյալը:

Հայերի մասնակցությամբ ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը: Ցավակցելով զոհվածի հարազատներին և մերձավորներին՝ դիվանագիտական առաքելությունը համոզմունք է հայտնել, որ քննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները և կհայտնաբերվեն ու կպատժվեն բոլոր մեղավորները:

«Հույս ունենք, որ լրատվամիջոցները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և չեն տարածի չճշտված տեղեկատվություն, որը կարող է հանրային կարծիքի շահարկումների աղբյուր դառնալ և միջէթնիկ հողի վրա հակամարտության երանգ տալ այդ ողբերգությանը», - նաև ասվում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG